Tuesday, April 14, 2009

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏԸ ՆՈՐԱՀԱՅՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ

«ԱԶԳ» 14-04-2009- Մարտի սկզբներին Վաշինգտոնում տեղի ունեցած Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչության կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը վավերագրող նորահայտ լուսանկարների ցուցահանդես, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 14-ի համարը: Թուրքական արխիվներում երեքամյա ուսումնասիրություններով գերմանացի ցեղասպանագետ Հիլմար Քայզերի հայտնաբերած լուսանկարներն արժեքավոր են իրենց արժանահավատությամբ: Դրանց մի մասն արել են գերմանացի զինվորական լուսանկարիչները եւ կրում են մակագրություններՙ հակառակ երեսին: Քայզերն այդ արխիվների ուսումնասիրության ժամանակ հստակ թվերի է հանդիպել, իր հաշվարկներով 1,1 միլիոն է կազմում սպանված հայերի քանակը: «Թվերն ակնհայտ էին: Մենք տեսնում էինք հրեշի իսկական դեմքը», ասել է նա եւ կարդացել լուսանկարներից մեկի մակագրությունը, որտեղ գերմանացի զինվորը գրել էր, որ իրենց «նավը չէր կարողանում Տիգրիսի ջրերով անցնելՙ դիակների առատության հետեւանքով»: Ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված լուսանկարների մեծ մասը դեպի Դեր-Զոր բռնագաղթի ճանապարհին է արված, շրջելու է Մ. Նահանգների տարբեր քաղաքներում, ըստ հաղորդագրության:

No comments: