HayInfo. 10-4-2009- Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ վերսկսելու որևէ նախապայմանի հնարավորություն չի տեսնում, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան “
«Մենք ասել ենք և այժմ նորից կրկնում ենք. մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- ասաց երկրի ղեկավարն ուրբաթ մամուլի ասուլիսում՝ իր երդմնակալության միամյակի առիթով։
Սարգսյանի խոսքերով՝ «ներկայումս գնդակը թուրքերի դաշտում է, և եթե խոսենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, ապա պետք է նշել, որ գնդակը չի կարող երկար ժամանակ միևնույն դաշտում մնալ, քանի որ ցանկացած ֆուտբոլային խաղ ունի սահմանված ժամկետները»։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը սկսվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ից, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ ժամանեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։
«Հնարավոր է, անշուշտ, որ մենք սխալվել ենք մեր հաշվարկներում, և ներկայումս թուրքերն այլ դիրքորոշում կընդունեն և կփորձեն որևէ նախապայման առաջ քաշել։ Դա պետք չէ լիովին բացառել, սակայն ես կարծում եմ, որ նույնիսկ այդ պայմաններում մենք ավելի ուժեղ դուրս կգանք այդ գործընթացից»,- ընդգծեց նա։
Սարգսյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն այդ գործընթացով հերթական անգամ ընդգծեց, և միջազգային հանրությունը դրա վկան դարձավ, որ իսկապես պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել իր հարևանի հետ։
«Եթե փոխզիջում համարենք հարաբերությունների հաստատումն առանց նախապայմանների, ես դրանում խնդիր չեմ տեսնում։ Սակայն նորից կրկնեմ, որ մեր դիրքորոշումն այլ կերպ լինել չի կարող. հարաբերություններ առանց նախապայմանների»,- հայտարարեց նա։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչը հատկապես թույլ տվեց երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, Սարգսյանն ասաց, որ ինքը խորապես և անկեղծորեն համոզված է, որ Հայաստանը պարտավոր է հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ։
«Եվ նման պրոֆեսիոնալ դիվանագիտական համակարգն, ինչպես թուրքականն է, ի վիճակի է գնահատել անկեղծության աստիճանը»,- ավելացրեց նախագահը։
Բացի այդ, ըստ նրա, առկա է նաև միաջազգային տարբեր գործոնների համագումարը։ «Հենց այդ գործոնները մեզ հնարավորություն տվեցին այսօր լինելու նման իրավիճակում»,- հավելեց Սարգսյանը։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:
Saturday, April 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment