
Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի խոշորագույն ընկերությունները ներկայացնող Global 2000 անվանացուցակը, որի առաջին հորիզոնականն զբաղեցրել է ամերիկյան General Electric ընկերությունը:
Ի տարբերություն այլ պարբերականների` Forbes-ն, ընկերությունները գնահատելիս, հաշվի է առնում չորս ցուցանիշ` վերջիններիս տարեկան վաճառքների ծավալը, շահույթը, կապիտալիզացիան և ակտիվները: Ակտիվների հաշվին հաճախ ցուցակում առաջին տեղ են զբաղեցնում ֆինանսական հատվածի ընկերությունները: Այսպիսով, General Electric-ը, որի կապիտալիզացիան գնահատվել է ընդամենը 90 մլրդ դոլար, 2009թ. առաջին հորիզոնականն զբաղեցնելու հնարավորություն ստացավ իր վերահսկողության տակ գտնվող ակտիվների զգալի ծավալի շնորհիվ (ակտիվները գնահատվել են 797 մլրդ դոլար):
Անցած տարի անվանացուցակում առաջատարը HSBC-ն էր` եվրոպական խոշորագույն բանկը, որն այս տարի նահանջել է վեց սանդղակով: Ճգնաժամի խորացման և կապիտալիզացիայի մակարդակի կրկնակի նվազման (180 մլրդ դոլարից մինչև 85 մլրդ դոլար) պատճառով այս տարի HSBC-ն ստիպված եղավ տեղափոխվել 6-րդ հորիզոնական:
Հարկ է նշել, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով աշխարհի խոշորագույն ընկերությունների ցուցակի առաջին տասնյակում միայն երկու ֆինանսական ընկերություն է ընդգրկվել: Բացի HSBC-ից՝ ցուցակում ընդգրկվել է նաև իսպանական Banco Santander բանկը (կապիտալիզացիան՝ 50 մլրդ դոլար, տնօրինվող ակտիվները՝ 1,3 տրլն դոլար), որը հայտնվել է 9-րդ հորիզոնականում: Այս տարի խոշորագույն ընկերությունների առաջին տասնյակում տեղ են գտել նաև ճապոնական Toyota Motor ավտոարտադրողը (3-րդ հորիզոնական), հեռահաղորդակցման ամերիկյան AT&T-ն (7-րդ հորիզոնական) և աշխարհում մանրածախ վաճառքի խոշորագույն ցանցը՝ Wal-Mart Stores-ը (8-րդ հորիզոնական):
Այս տարի Forbes-ի անվանացուցակում ընդգրկվել է 28 ռուսական ընկերություն: Ամենախոշորը կրկին «Գազպրոմն» է, որը հայտնվել է 13-րդ հորիզոնականում (կապիտալիզացիան` 75 մլրդ դոլար):
«Կապիտալ» օրաթերթ
No comments:
Post a Comment