Վերջին շրջանում ակտիվացել են հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները: Հայաստանում այդ հարցը հիմնականում քննարկում են քաղաքական շահերի տեսանկյունից: Շատ քիչ են այն վերլուծությունները, որոնք կարող են լույս սփռել հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հեռանկարների վրա` անկախ նրանից` սահմանը բացվո՞ւմ է, թե՞ ոչ: Իրականությունն այն է, որ Թուրքիան մի շարք ոլորտներում զարգացածության աստիճանով զգալիորեն առաջ է անցել Հայաստանից: Անշուշտ, 72 մլն բնակչությամբ տնտեսությունը մակրոտնտեսական ցուցանիշներով անհամեմատելի է 3.2 մլն բնակչությամբ տնտեսության հետ, առավել ևս, որ Թուրքիան աշխարհում 17-րդ տեղն է գրավում տնտեսության չափով: Սակայն համեմատության եզրեր, այնուամենայնիվ, առկա են:
Մակրոտնտեսական համեմատություններ
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն Թուրքիայում կազմում է $10.4 հազ., իսկ Հայաստանում` $3700: Մեկ աշխատողի հաշվով թուրքական արդյունաբերությունը թողարկում է $97.3 հազ-ի արտադրանք, իսկ Հայաստանում` $18.3 հազ-ի: Փաստորեն` աշխատանքի արտադրողականությամբ Հայաստանի արդյունաբերությունը ավելի քան հինգ անգամ զիջում է Թուրքիայի արդյունաբերությանը:Թուրքիայի արտահանումը տարեկան $74 մլրդ է, իսկ ներմուծումը՝ $117 մլրդ:
Հայկական շուկան, ինչպես հայտնի է, արդեն իսկ ողողված է թուրքական տեքստիլով, շինանյութերով, կենցաղային տեխնիկայով: Թուրքերն ամենից շատ արտահանում են հագուստ, սակայն արտահանման կառուցվածքում երկրորդ տեղը զբաղեցնում են տրանսպորտային միջոցները, իսկ երրորդը՝ էլեկտրական մեքենաներն ու սարքավորումները: Շատերին կարող է զարմանալի թվալ, սակայն Թուրքիան տարեկան մոտ $5-6 մլրդ-ի չափով միջուկային ռեակտորներ է արտահանում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա արտահանման կառուցվածքում գերակշռում են ոչ թանկարժեք մետաղները, հանքահումքային արտադրանքը և ադամանդը: Թուրքական արտահանմանը նպաստում է նաև այն, որ թուրքական լիրան 2000-08 թթ. արժեզրկվել է 158%-ով (2000թ. 1 ԱՄՆ դոլարն արժեր 0.625 լիրա, իսկ 2008թ. ապրիլին՝ 1.612): Այդ ընթացքում հայկական դրամը, ինչպես հայտնի է, արժևորվել է մոտ 40%-ով: Սա է պատճառներից մեկը, որ թուրք գործարարները կարողանում են հայկական շուկա արտահանել համեմատաբար էժան շինանյութ և հագուստ:
Զարգացած է նաև Թուրքիայի գյուղատնտեսությունը: Հարյուր հեկտարի հաշվով Թուրքիայում առկա է 4.27 գյուղատնտեսական մեքենա, իսկ Հայաստանում՝ 2.8: Մեկ հեկտարի հաշվով Թուրքիան օգտագործում է 73 կգ պարարտանյութ, Հայաստանը՝ 23: Թուրքական աշխատուժի 43%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ: Հայաստանում ևս աշխատուժի ամենամեծ մասը` 36.5%-ը, զբաղված է գյուղատնտեսությունում: Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ հայ-թուրքական սահմանի բացումից, առաջին հերթին, տուժելու է Հայաստանի գյուղատնտեսությունը, քանի որ թուրքական գյուղմթերքն ավելի էժան է:
Բացի այդ` Թուրքիայի արևելյան շրջաններում զարգանում են գյուղատնտեսության այն ճյուղերը, որոնք գերակա են Հայաստանում, մասնավորապես` ծիրանի և լոլիկի արտադրությունը: Սակայն հարկ է նշել, որ թուրք ֆերմերները չափից ավելի են օգտագործում պարարտանյութեր, որի պատճառով թուրքական գյուղմթերքներում առկա են պեստիցիդների` նորմայից մեծ քանակություն: Այդ պատճառով անցյալ տարի Ռուսաստանն արգելեց Թուրքիայից ցիտրուսայինների ներմուծումը:Հայաստանը Թուրքիային էապես գերազանցում է գիտնականների թվով: Մեկ միլիոն մարդու հաշվով Հայաստանը պահում է գիտահետազոտական աշխատանքների մեջ ներգրավված 1615 մարդու, իսկ Թուրքիան՝ ընդամենը 341-ի:
Թուրքիայի մտավախությունները
Ընդունված է համարել, որ Թուրքիան սահմանը փակ է պահում բացառապես Հայաստանի վրա քաղաքական ճնշում բանեցնելու նպատակով: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: Անկարան սահմանը փակ պահելու ավելի ծանրակշիռ դրդապատճառներ ունի: Խնդիրն այն է, որ Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջանները (Արևմտյան Հայաստանն ու հարակից մի քանի շրջաններ) տնտեսական զարգացածության աստիճանով էապես զիջում են երկրի արևմուտքին: Ականատեսները վկայում են, որ այդ շրջաններում մեծ մասամբ բացակայում են ենթակառուցվածքները` ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը, թերզարգացած են տրանսպորտային և կապի միջոցները: Դրանք տնտեսապես հետամնաց գյուղատնտեսական շրջաններ են:
Այսինքն` Հայաստանն իր ներկա տնտեսական պոտենցիալով կարող է տնտեսապես յուրացնել Թուրքիայի արևելքը, ինչը, բնականաբար, անհանգստացնում է Անկարային: Սահմանի բացումը նշանակում է նաև, որ քրդերը Հայաստանի միջոցով տնտեսական գործունեության այլ դաշտեր կտեղափոխվեն` խնդիրներ ստեղծելով թուրք-քրդական հարաբերություններում:Հայաստանի համար սահմանի բացումը սկզբնական շրջանում ևս լուրջ խնդիրներ կստեղծի: Պատրաստի սննդի, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինանյութերի ու շինարարության ոլորտները կհայտնվեն ուժեղ մրցակցային ճնշման տակ: Սակայն դրանք կլինեն ժամանակավոր դժվարություններ` թուրքական վիթխարի շուկան Հայաստանի տնտեսության համար հսկայական հնարավորություններ է ստեղծում: Հայաստանը հնարավորություն ունի անհապաղ սկսել էլեկտրաէներգիայի մատակրարումները դեպի Թուրքիա, որը մեր երկրին համեմատական առավելություն է տալիս:
Ճգնաժամի ազդեցությունները
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել թե՛ Թուրիքիայի, թե՛ Հայաստանի վրա: Սակայն Թուրքիայի վրա ճգնաժամի ազդեցությունն ավելի խորն է: Մասնագետների գնահատմամբ` 2008թ. չորրորդ եռամսյակում Թուրքիայի տնտեսությունը պարզապես գահավիժեց, որի հետևանքով տարեկան աճը կազմեց ընդամենը 1.1%, այնինչ յոթ տարի շարունակ Թուրքիան արձանագրում էր տարեկան 7% աճ: 2009թ. Թուրքիայում սպասվում է ՀՆԱ-ի 5-6% անկում, Հայաստանում` 1.5-3%: Հետաքրքիր է, որ և՛ Անկարան, և՛ Երևանը ճգնաժամի սկզբնական փուլում հայտարարում էին, որ իրենց երկրները կարող են զերծ մնալ ճգնաժամից:
Ճգնաժամի արդյունքում Անկարան ստիպված եղավ դիմել Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությանը` առաջին անգամ 2002-ից ի վեր: Եթե Հայաստանի կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու համար բավարար է համարում $800 մլն-ը, ապա թուրքական իշխանությունները ԱՄՀ-ից պահանջեցին $40 մլրդ (հետաքրքիր է, որ 2001թ. տնտեսական անկման շրջանում Թուրքիան կրկին $45 մլրդ էր ստացել, որից $9 մլրդ-ը դեռ պարտք է): Մինչև G20-ի գագաթաժողովը ԱՄՀ-ն համաձայնեց Անկարային տրամադրել միայն $19 մլրդ (Երևանին` $220 մլն): Սակայն անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Թուրքիան ԱՄՀ-ից կստանա $45 մլրդ` երեք տարով: Հետաքրքիր զուգադիպությամբ ԱՄՀ-ի որոշումը հաջորդեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Թուրքիա կատարած այցին: Չի բացառվում, որ ԱՄՀ-ի կողմից Թուրքիային խոստացված վարկի պայմաններից մեկն էլ Հայաստանի հետ սահմանի բացումն է:
«Կապիտալ» օրաթերթ
Սամվել Ավագյան
Wednesday, April 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment