Sunday, May 31, 2009

Մայիսի 31-ին՝ Երևանի ավագանու անդամների ընտրություններ

Tert.am.30-5-2009- Վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 08։00–ից մինչև 20։00 կկայանա Երևանի ավագանու անդամների ընտրությունների քվերակությունը։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Հայ Ազգային Կոնգրես» նախընտրական դաշինքը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Նշենք, որ տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակվում է քվեարկության ավարտից հետո ոչ ուշ, քան 10 ժամվա ընթացքում, այսինքն՝ մինչև հունիսի 1-ը, ժամը 06։00-ը։ Ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվում և արձանագրվում են քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Վերահաշվարկի պահանջի մասին դիմումներն ընդունվում ենքվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 14։00-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում ենքվեարկության օրվանից 2 օր հետո` ժամը 9։00-ից մինչև քվեարկության օրվանից 5 օր հետո` ժամը 14։00-ը։ Ընտրությունների արդյունքներն ամփոփվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո։ Նշենք, որ վաղը Tert.am-ն ամբողջ օրվա ընթացքում աշխատելու է հագեցած ռեժիմով՝ ներկայացնելով ընտրությունների մանրամասները։

No comments: