Monday, May 4, 2009

Հայոց ցեղասպանության պատմական փաստը հարցականի տակ դնելու ցանկացած փորձ ուղղակի կարելի է բնորոշել որպես ատավիզմ

/PanARMENIAN.Net/ 02.05.2009 - Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի մամլո ասուլիսի մասին 30.04.09-ի «Ցեղասպանություն» տերմինի գործածությունը ձեռնածությունների առիթ է տալիս» տեղեկատվության կապակցությամբ PanARMENIAN.Net-ի խմբագրություն է դիմել ինքը` Հայկ Դեմոյանը` հայտնելով, որ խմբագրության արդյունքում իր որոշ արտահայտություններ այլ իմաստ են ձեռք բերել: Իրականում նրա հայտարարությունը հնչում է հետեւյալ կերպ. «Ես կուզենայի, որ ավելորդ հուզականությունից զերծ մնայինք. Չգիտես ինչու մեզ դատապարտում ենք նախօրոք հիասթափության եւ փորձում ենք ի ցույց դնել արդեն հնացած բարդույթներ: Այդ հնացած բարդույթներն արդեն չեն աշխատում: Բարակ Օբամայի ապրիլի 24-ի հայտարարության մեջ տեսնում եմ թե' դրական, եւ թե' բացասական հետեւանքներ: Ինչ վերաբերում է բացասականին, ապա կարծում եմ, որպես ցեղասպանությամբ զբաղվող հետազոտող եւ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ես լուրջ վտանգ եմ տեսնում «ցեղասպանություն» եզրույթի շահագործման շուրջ: Սա նախադեպ է ստեղծում հետագա մանիպուլյացիաների: «Ցեղասպանությունը»` որպես իրավաբանական եզրույթ, բնորոշում է ծայրագույն հանցագործությունը: Նման մանիպուլյացիաները, ես նկատի ունեմ խոստում տալ օգտագործել-չօգտագործելու կամ այլ լեզվավարժանքներ օգտագործելու տվյալ պարագայում, խիստ վտանգավոր են: Ես սա դիտարկում եմ հայկական համատեքստից դուրս: Ցավոք սրտի, մարդկությունը 21-րդ դարում դեռ ապրում է ցեղասպանությունների ժամանակաշրջանում: Ես, օրինակ, կուզենայի, որ նախագահ Օբաման որեւէ խոստում չտար: Ես այդ դեպքում ամեն ինչ կհասկանայի, բայց երբ տեղի է ունենում ակնհայտ, դրժում չասեմ դա, բայց այստեղ գործ ունենք եզրույթի արժեզրկման հետ, ինչը վտանգավոր է: «Ցեղասպանությունը» բնորոշում է մարդկության պատմության մեջ ծայրագույն հանցագործությունը: Ուստի, մանիպուլյացիաները այս եզրույթի հետ խիստ վտանգավոր են, եւ այս խնդիրը ես տեսնում եմ հայկական համատեքստից դուրս` ավելի գլոբալ, ավելի լայն համատեքստում: Որն է դրականը իմ կարծիքո՞վ: Նախագահ Օբաման բավականին մեծ գրավչություն ունեցող առաջնորդ է: Կարծում եմ` խոսակցությունները հայտարարության շուրջ, այսինքն` նախագահ Օբաման չօգտագործեց այդ բառը, խախտելով իր նախընտրական խոստումը, որոշակի ուշադրություն է գրավելու, ավելի լայն լսարան է բերելու, ուշադրությունը հրավիրելու հայկական խնդրի նկատմամբ, Հայոց ցեղասպանության հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրման խնդիրների վրա: Ուստի ես գտնում եմ, որ դա ինչ-որ առումով դրական երեւույթ է, երբ տեղի է ունենում այդպիսի իրարանցում, որը ուղղակիորեն կարող է նպաստել միջազգային իրազեկման բարձրացմանը Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների շուրջ` ոչ միայն ամերիկյան հասարակության, այլեւ միջազգային հանրության շրջանում: Բացի այդ, եթե մենք հետադարձ, 20 տարի առաջ, օրինակ, հետ գնանք եւ համեմատենք այսօրվա իրավիճակի հետ, մենք ունենք իրազեկության բարձրացման, գիտական ուսումնասիրության եւ իհարկե միջազգային ճանաչման աննախադեպ, ահռելի մի ծավալ: Այսօր մենք ունենք այնպիսի մի կարգավիճակ Հայոց ցեղասպանության հիմնախնդրի շուրջ, երբ ցանկացած քայլ, կարելի է ասել երազանք կամ հույս Հայոց ցեղասպանության պատմական փաստը հարցականի տակ դնելու, կամ այն քննարկելի դարձնելու առումով, ուղղակի կարելի է բնորոշել որպես ատավիզմ: Այսինքն, ինչ-որ զարգացումներից դուրս մնացած երեւույթ, որը կարող է միայն հեգնանք առաջացնել»:

No comments: