Friday, May 1, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ` «ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Ազատամտություն» 30-4-2009- Հայաստանում, հավանաբար, ծնունդ է առնում քաղաքականության ոգուն և ողջամտությանը հակասող նոր հակապետական արատավոր ավանդույթ: Հեղափոխական դաշնակները, փոքրիկ խաղ խաղալով և իբր ընդդիմություն դառնալով, այժմ հայտարարում են, թե կարող են նաև չհրաժարվել խորհրդարանի նախագահական պորտֆելներից, քանի որ դա է պնդում կառավարող կոալիցիան: Այդ առնչությամբ ցանկանում եմ ասել հետևյալը: Կոալիցիա հասկացությունը Հայաստանում խեղաթյուրվել է դեռևս 2003թ.՝ Քոչարյանի օրոք: Այդ ժամանակ, իբր դեմոկրատական կառավարման երևութականություն ստեղծելու պատրվակով, կազմվեց երեք կուսակցություններից (ՀՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ) բաղկացած կոալիցիա: 2007թ., հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ստեղծվեց նոր կոալիցիա, որում ՕԵԿ-ին փոխարինեց Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը: Այստեղ պետք է նշել, որ այդ ժամանակ որևէ կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն չկար. հանրապետականները խորհրդարանում մեծամասնություն էին և կարող էին ինքնուրույն կառավարություն ձևավորել: Սակայն որոշում ընդունվեց՝ ստեղծել նոր կոալիցիա, ընդ որում առանց որևէ ռացիոնալ պատճառաբանության, եթե այդպիսին չհամարենք այն հանգամանքը, որ իշխող տանդեմը ջանում էր ամեն կերպ վերահսկել քաղաքական դաշտը՝ նույնիսկ քաղաքական հիմնարար սկզբունքներից հեռանալու գնով: Սակայն նախագահական ընտրություններից հետո ստեղծված քառակողմ կոալիցիան գերազանցեց քաղաքական անհեթեթության բոլոր ռեկորդները: Աշխարհում երբևէ չի եղել մի դեպք, որ նախագահական-խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցությունը, որի ղեկավարն, ի դեպ, ընտրվել է նախագահ, կառավարություն ձևավորելու համար դրսից ուժեր ներգրավի: Սակայն Սարգսյանի այս քայլի համար էլ կարելի է արդարացում գտնել (թեպետ թույլ և իռացիոնալ). նոր նախագահն այս եղանակով ջանաց տերպետրոսյանական հրապարակից հեռու պահել Արթուր Բաղդասարյանին, իսկ դաշնակներին զսպեց՝ թույլ չտալով արտասահմանում դեմարշներ կազմակերպել: Ինչպես տեսնում ենք՝ 2003թ-ից Հայաստանում ամեն ինչ արվում է ընդդեմ ողջամտության և հանուն ընկերական, «տղավարի» հարաբերությունների, որոնք քաղաքականության մեջ կործանարար են և երկարատև արդյունքներ չեն ունենում: Իսկ այսօր ակնհայտ է, որ 2008թ. կոալիցիան չկարողացավ վերջ դնել ո՜չ Տեր-Պետրոսյանի աղանդին (նրան թուլացրեց միայն ֆինանսական ճգնաժամը, իսկ այսօր հանրության տրամադրությունները գրեթե նույնն են, ինչ մեկ տարի առաջ), ո՜չ էլ Հայաստանի վրա միջազգային ճնշմանը: Եթե այդ հարցերում ինչ-ինչ տեղաշարժեր են եղել, ապա միայն նախագահի աշխատակազմի շնորհիվ: Կոալիցիան՝ ընդդիմությունից բխող ոչ մի հարված իր վրա չի վերցրել և չի լուծել ոչ մի հարց, հետևաբար, այսօր իրավունք ունենք խոսելու դրա անպետքության մասին: Սակայն դաշնակները, դուրս գալով կոալիցիայից և հրաժարվելով բոլոր պորտֆելներից, դառնում են երկրում քաղաքական խեղաթյուրումների զարգացման նոր գալար: Տեսեք-տեսեք՝ նրանց խնդրում են պահել խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարումը, իսկ նրանք ասում են, որ կարող են մնալ և դրանով մեծ շնորհ անել ժողովրդին ու երկրին: Փաստորեն շուտով կունենանք մի իրավիճակ, երբ կուսակցությունը փաստացի իշխանության մեջ է, բայց իրեն համարում է ընդդիմություն, այսինքն՝ քվեարկում է իշխանական նախագծերի դեմ և հանդես գալիս իշխանության քաղաքականության դեմ: Կարծում եմ՝ Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ դառնում է նորաձևության օրենսդիր՝ քաղաքական անհեթեթությունների և իշխանության ինքնասպանության ոլորտում: Կոալիցիայի՝ դաշնակներին արած առաջարկությունը (պահել խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարումը) որևէ ռացիոնալ բացատրություն չունի: Եթե այդ խաղը ստացվի, իսկ դաշնակները, իրենց հատուկ մեծահոգությամբ կհամաձայնեն, ապա վաղն արդեն կլսենք կոալիցիայի՝ կառավարության մեջ մնալու համանման առաջարկը: Չի բացառվում, որ դաշնակները դժվարությամբ կընդունեն երախտապարտ գործընկերների նաև այդ առաջարկը և կպահպանեն իշխանական մարմիններում ունեցած բոլոր պորտֆելները: Փաստորեն կստացվի հետևյալ պատկերը. ի դեմս դաշնակների կունենանք կոշտ ընդդիմություն, բայց նրա ներկայացուցիչները միաժամանակ կաշխատեն որպես կառավարության անդամներ և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներ: Նման բան աշխարհը դեռ չի տեսել և դժվար թե երբևէ տեսնի, քանի որ մոլորակի վրա ընդամենը մի Հայաստան կա և մի ՀՅԴ: Սակայն խոսքն այլ բանի մասին է: Արդյո՞ք կոալիցիայի այս դիրքորոշումը նպաստում է պետական իշխանության և, մասնավորապես, նախագահ Սարգսյանի ռեժիմի ամրապնդմանը: Անկասկած, ո՜չ: Ըստ իս՝ դժվար է մտածել նախագահի և երկրի անվտանգության համար ավելի վտանգավոր և հասարակությունը քայքայող որևէ բան, քան կոալիցիոն գործընկերների հետ նման խաղերը: Քիչ էր մեզ, որ Հայաստանում, լևոնական ժամանակներից սկսած, խառնվել են բոլոր հասկացություններն ու սկզբունքները, խախտվել են հասարակական-քաղաքական գործունեության բոլոր նորմերը, այսօր էլ գլոբալ մաքրման գործընթաց սկսելու և քաղաքական իրականությունը ողջամտությամբ առողջացնելու փոխարեն, մեզանում շարունակում են քայքայել քաղաքական գործընթացը և վանել նորմալ մարդկանց քաղաքականությունից: Անկասկած, գործընկերների հետ կոալիցիայի իռացիոնալ խաղերի կործանարար հետևանքները կզգացվեն իրենց ողջ տհաճությամբ: Միայն ցանկանք, որ այդ հետևանքները չհանգեցնեն պետական իշխանության աղետալի խարխլման և Հայաստանը չհասցնեն ճակատագրական սահմանագծին, որից անդին պետական իշխանությունը կկորցնի իր իմաստը: ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: