Friday, May 1, 2009

ԱՀԱ ԹԵ ՈՐՆ ԷՐ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ

ՀՅԴ որոշումից շեղվածները Այն, որ 119-ամյա «զառամյալ» կուսակցությունը իշխանական կոալիցիայից դուրս գալու որոշմամբ ակնհայտորեն ցունամի առաջացրեց հայ հասարակական-քաղաքական ուժերի ճահճացած ու փտած ուղեղներում, փաստ է: Ակնհայտ է և այն, որ իրեն վերագտած դաշնակցության կտրուկ «շարժումից» հետո ներքաղաքական դաշտում իսկական «սոդոմ-գոմոր» է սկսվել, և արդեն, նույնիսկ, դժվար է ասել, թե երբ կավարտվի օր օրի մոլեգնացող իրարանցումը: Ահա արդեն 119 տարի դաշնակցությունը, թեև բոլորիս բացատրում էր, թե ինչու է իր անվան հապավման մեջ տեղ գտել «հեղափոխական» բառը, սակայն այդպես էլ ոչ մի կերպ չէինք կարողանում հասկանալ: Այժմ ամեն ինչ պարզ է: Բայց տեսեք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: ՀՅԴ որոշումից կարելի է ասել ժամեր անց քաղաքական դաշտում ակտիվ դերակատարում ունեցող գրեթե բոլոր ուժերը, իսպառ մոռացած հայ-թուրք-շվեյցարական հայտարարությունը, լարված ու նյարդային քննարկում են միանգամայն կենսական հարցեր: Իշխանական կուսակցությունները, ձեռքերը շփելով, մտմտում են սեփական շահաբաժինը ավելացնելու մասին` փորձելով ախպերաբաժին անել օրենսդիր և գործադիր մարմիններում ՀՅԴ-ի թափուր թողած պաշտոնները, իսկ ահա Հայ ազգային կոնգրեսը լուծումներ է փնտրում, թե ինչպես հաջողացնի վետո դնել դաշնակցության` ընդդիմադիր դաշտ վերադառնալու որոշման վրա: Ինչպես հայտնի է, «Ժառանգության» դե ֆակտո առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մի կերպ պահպանելով բարեկրթության կանոնները և քողարկելով չկամությունը, բարի գալուստ մաղթեց դաշնակցությանը, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի «կոնգրես»-ականները, ուղղակի, սվիններով ընդունեցին դաշնակցականների մուտքը ընդդիմադիր դաշտ: Վարչախմբի դեմ ավելի քան տասը տարի պայքարող ստաժավոր հեղափոխականները, որոնք ընդդիմադիր «զոնը» կարգավիճակը ոչ մեկի չեն զիջել, այժմ ՀՅԴ-ից անցաթուղթ են պահանջում` համոզվելու համար, թե արդյոք չե՞ն ստում, երբ հայտարարում են, որ դառնում են իշխանության այլընտրանք: Դաշնակցությանը հավատաքննության ենթարկելու նման մոտեցումը ճիշտ և ճիշտ հիշեցնում է «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի այն տեսարանը, երբ հերոսուհին իրենով հրապուրված ենթակային շարունակ ասում է` «նու նե վերյու յա»: Իմիջիայլոց, իր նկատմամբ լևոնականների դրսևորած բացահայտ քամահրանքը ՀՅԴ վերնախավը լիուլի վաստակել է: Հիշում եք, չէ՞, ժամանակին, 2007-ի հոկտեմբերին ողջ հանրության ապշած հայացքի ներքո, ՀՅԴ գրասենյակում Գերագույն մարմնի անդամները ին՛չ ջերմությամբ ու ոգևորությամբ ընդունեցին նախկին նախագահ և ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա շքախմբին: Եվ հիմա, խնդրեմ, ստացան պատասխանը`ավելի քան «ջերմությամբ» լևոնական-«կոնգրես»-ականները արձագանքեցին դաշնակցականների`այսուհետ կողք կողքի մարտնչելու մասին մտադրությանը: Անցած մեկ տարում դաշնակցական գործիչները դարձյալ շարունակում էին սիրախաղը «կոնգրես»-ականների հետ. ԱԺ «Մարտի 1-ի» հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կրծքով պաշտպանում էր հեղափոխականներին, Դաշնակցությունն ընդհանրապես շարունակ հանդես էր գալիս համաներման պահանջով, ինչի համար այսօր էլ պարծենում է: Ավելին, նույն դաշնակցական գործիչները մինչև երեկ հայտարարում էին, թե Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու դեպքում ավագանու խորհրդի ձևավորումից հետո անպայման համագործակցելու են Հայ ազգային կոնգրեսի հետ: Իսկ հեղափոխականները դաշնակցականներին իրենց ընդդիմադիր «զոնա» գրկաբաց ընդունելու փոխարեն, երեսներին շպրտում են, թե դուք երբեք էլ իսկական ընդդիմություն չեք լինի: Էստեղ են ասել` «շատ աշխատողին` շալե շապիկ», մեկ տարի շարունակ կոնգրեսի ու «քաղբանտարկյալների» դարդը լացողին` շռնդալից ապտակ: Մեր մեջ ասած, ճիշտ էլ վարվում են «կոնգրես»-ականները, քանզի հայտնի է, որ ՀՅԴ հապավման մեջ «հեղափոխական» բառը կիրառելի է միայն քաղաքական միտքը «սպոնտան» փոթորկելու, ներքաղաքական զարգացումները սրընթաց դարձնելու և հաճելի իրարանցում առաջացնելու դեպքում: Եվ ոչ ավելի: ՏԱԹԵՎ ԵՐՎԱՆԴՈՒՆԻ

No comments: