Friday, May 1, 2009

Հյուրիեթ». «Որոշիչ դեր խաղաց «ցեղասպանություն» բառի օգտագործման սպառնալիքը»

«Ազատություն»- 30-4-2009- «Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործման սպառնալիքն էր, որ որոշիչ դեր խաղաց հայ - թուրքական համատեղ հայտարարության ի հայտ գալու ճանապարհին», - պնդում է թուրքական «Հյուրիեթ»-ը։ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները թերթի լրագրողներին այդպես են բացատրել պաշտոնական Անկարայի` ապրիլի 24-ից մեկ օր առաջ Հայաստանի արտգործնախարարության հետ համատեղ հայտարարություն ստորագրելու պատրաստակամությունը։Դիվանագետների խոսքով՝ «ցեղասպանություն» բառի օգտագործումն էր այն հիմնական ճնշման ձեւը, որ կիրառեցին ամերիկացիները հայ - թուրքական հարաբերություններում առաջընթաց արձանագրելու համար։Ըստ թուրքական աղբյուրների` ապրիլի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը ուղղակիորեն օգտագործել է թուրքերի համար անընդունելի «ցեղասպանություն» բառը։ Բայց նույնիսկ հայերեն «Մեծ Եղեռն» բառակապակցության օգտագործումը ապրիլքսանչորսյան ուղերձում` Թուրքիայի քաղաքական ուժերի համար ծանր հարված էր։Եթե նախագահ Գյուլը պարզապես ափսոսանք հայտնեց, թե Օբաման հիշել է միայն 1915 թվականի հայ նահատակներին, անտեսելով Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված մահմեդականներին, ապա թուրքական ընդդիմությունը ավելի կտրուկ էր։Ժողովրդական հանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, մասնավորապես, շաբաթասկզբին ելույթ ունենալով կուսակցության խորհրդարանականների առջեւ, հայտարարեց. - «ԱՄՆ-ի նախագահը չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, Իսկ թուրք ազգայնականների ղեկավար Դեւլեթ Բահչելիի համոզմամբ` «ցեղասպանություն» բառի օգտագործումը յուրատեսակ «դամոկլյան սուր» էր՝ կախված Թուրքիայի գլխին։«Հայերեն բառակապակցությունն օգտագործելով` Օբաման հստակորեն ցույց տվեց, որ համաձայն է հայերի հետ։ Թուրքիայի ղեկավարությունը եւ անձամբ վարչապետ Էրդողանը պետք է ընդունեն իրենց կատարած սխալներն ու փորձեն ուղղել դրանք», - պնդում է Թուրքիայի ազգայնական շարժման ղեկավարը։

No comments: