Friday, May 1, 2009

Խոչընդոտվում է մարդկանց մուտքը Երեւան

«Ազատություն» 1-5-2009- Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին մարզերից մասնակցել ցանկացողները չեն կարողացել հասնել Երեւան, քանի որ միջքաղաքական տրանսպորտն առավոտվանից աշխատում է միայն մեկ ուղղությամբ:«Մարզային տրանսպորտը կրկին կանգնեցվել է: Այսինքն՝ մեկ ուղղությամբ է աշխատում՝ միայն Երեւանից դեպի մարզեր: Մարզերից դեպի Երեւան չի աշխատում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: - «Զուգահեռ ոստիկանությունը խաչմերուկներում կամ ոստիկանության համապատասխան անցակետերում ստուգումներ են անցկացվում»:Երեւանից մարզեր մեկնող եւ մարզերից Երեւան եկող երթուղայինների ավտոկանգառներում մարդիկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առավոտվանից երթուղայիններ չկային:«Լսեմ եմ, որ այսօր ցույց է լինելու, դրա համար չկա», - ասաց նրանցից մեկը:«Տրանսպորտ չկա, որ միտինգ չգան ժողովուրդը», - հավելեց մեկ ուրիշը:Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Սայադ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ոստիկանության կողմից ճանապարհները փակելու հրահանգ չի եղել. - «Ոչ մի ճանապարհ մենք չենք փակում, ոչ մեկի չենք խոչընդոտում: Բացարձակապես ազատ մարդիկ կարող են տեղաշարժվել, ազատ կարող են մասնակցել այսօրվա հանրահավաքին»:

No comments: