Sunday, May 10, 2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆՙ REQUEST FOR RECALL

«ԱԶԳ- 09-05-2009- ԳԴՀ արտգործնախարարությունից պահանջում են Բունդեսթագի ՔԴ- ՔՍ միության խմբակցության անդամները Ինչպես արդեն իրազեկել ենք մայիսի 1-ի մեր «Թուրք դիվանագետին վտարել ԳԴՀ-ից» վերնագրյալ հրապարակման մեջ, «Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խումբը Գերմանիայի արտգործնախարարությունից պահանջել էր երկրից արտաքսել Դյուսսելդորֆում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Կիվանչինՙ փետրվարի 22-ին Գերմանիայի հասցեին ռասիստական արտահայտությունների համար: Թուրք դիվանագետն ասել էր, թե գերմանացին Թուրքիայից եկածներին չի տարբերակում, նրա համար նույնն է, թե որ փոքրամասնությանն են պատկանում, երբ հարմար նկատեն, Թուրքիայից եկողների մաշկին Թ տառը կդաջեն, այնպես, ինչպես ժամանակին նացիները հրեաներին են արել: Եթե գերմանացիների երակները կտրես, շագանակագույն արյուն կցայտի: Մոր Գաբրիելի հարցում էլ գերմանացիներն անկեղծ չեն. իրենց նպատակների համար միջոց է սա, ասել էր հյուպատոսըՙ զգուշացնելով իր զրուցակից փոքրամասնության ներկայացուցիչներին Գերմանիայի քաղաքականության համար գործիք չդառնալ: Թուրք դիվանագետը Թուրքիայում ծնվածներին խորհուրդ էր տվել հիշել, որ միայն Թուրքիան է նրանց անշահախնդիր պաշտպանը լինելու: ԳԴՀ արտգործնախարարության հարցմանն ի պատասխան հյուպատոսը ապրիլի 28-ին ժխտել էր իրեն հասցեագրված մեղադրանքներըՙ դրանք ոչ միայն անհիմն որակելով, այլեւՙ դավադիր: Մայիսի 6-ին մամուլին ուղղված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ֆրանկֆուրտից մի փաստաբանի տրամադրածՙ երդմամբ հաստատված 2 վկաների գրավոր ցուցմունքները փաստում են Դյուսսելդորֆում պաշտոնավարող Թուրքիայի գլխավոր հյուպատոսին ուղղված ծանր մեղադրանքները: Այն անտարբեր չի թողել Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական-Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցությանը: Վերջինիս ներքաղաքական խոսնակ Հանս-Պետեր Ուհլը եւ նույն խմբակցության ծայրահեղականության հարցերով զեկուցող Քրիստինա Քյոհլերը ԳԴՀ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Կիվանչի հետագա պաշտոնավարումը անհանդուրժելի համարելովՙ Գերմանիայի արտգործնախարարությունից պահանջում են Թուրքիային ներկայացնել դիվանագիտական request for recallՙ հյուպատոսի հետկանչը: Արտգործնախարարությունը չի կարող ուսերը թոթվելով Կիվանչի գործը մի կողմ դնել, իրենց բողոքն են հայտնում գերմանացի օրենսդիրներըՙ քննադատելով Կիվանչի գրավոր բացատրությունները: Մենք զարմացած ենք, որ գլխավոր հյուպատոսը, սեփական անձը պաշտպանելու նպատակով, (գերմանական) մամուլին մեղադրում է, ինչպես ինքն է ներկայացնումՙ «Թուրքիայի հանդեպ մերժողական պահվածք որդեգրած հայտնի որոշակի շրջանակների անհիմն ու միտումնավոր ցուցմունքները վերարտադրելու մեջ»: Այն ենթադրությունները, որ Թուրքիայում ծնված փոքրամասնությունների հասցեին արտահայտում է գլխավոր հյուպատոսը, իր հակապնդումներն առավել արժանահավատ չեն դարձնում: Դյուսսելդորֆի հյուպատոսարանից էլեկտրոնային պատասխան նամակում ասվում էր , թե համայնքային միությունների հեղինակած զրպարտչական արշավը իրականացվում է ահաբեկչական կազմակերպությունների ցրիչների միջոցով: «Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խմբին հարող միություններից ոչ մեկը երբեւէ առնչություն չի ունեցել ահաբեկչական որեւէ կազմակերպության հետ: Հակառակըՙ հիշյալ խմբերը մինչեւ հիմա ինտեգրացիոն առումով ամենահաջողակն են եւ առաջադիմություն են գրանցել», հայտարարել են խմբակցության ներկայացուցիչները: (Հիշեցնենք, որ «Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խումբը կազմված է համայնքային հետեւյալ միություններիցՙ Գերմանիայում արամեացիների դաշնություն, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ, Գերմանիայի ալեւիների համայնք, Եվրոպայում Պոնտոսի հույների միություն, Կոմկար-Քրդստանի միությունների միավորում, Եվրոպայում Դերսիմի համայնքների դաշնություն, Գերմանիայում ալեւի երիտասարդների դաշինք): Ապրիլի 25-ին Քյոլնում տեղի ունեցած մամլո ասուլիսից հետո թուրք դիվանագետի սկանդալային հայտարարությունները հրապարակողները իրենց վրա ճնշում են նկատել: Գրավոր վկայություն ներկայացնողները վախենում են եւ ցանկություն են հայտնել իրենց անունները չհրապարակել: Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես Եվրոպայում լույս տեսնող «Հյուրիեթն» ու «Սաբահը», փոքրամասնությունների հիշյալ խմբերին «դավադիրներ» են անվանել: Մայիսի 2-ին «Սաբահը» առաջին էջում զետեղված հոդվածը վերնագրել էՙ «Մեծ դավադրություն գլխավոր հյուպատոսի դեմ»: Թուրքական մամուլը հրապարակել է զրույցի մասնակիցների անուններըՙ դրանով թուրք ազգայնականների բացահայտ ճնշմանը ենթարկելով վկաներին: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ, «Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խմբի խոսնակ Մադլեն Վարդյանը սկանդալ է համարել նաեւ այն հանգամանքը, որ թուրք դիվանագետը գերմանաբնակ 7 հանրություններին ահաբեկչական կազմակերպության ցրիչներ է անվանելՙ մեկ անգամ եւս ընդգծելով իր ռասիստական համոզմունքները: Նա թշնամական պատկեր է ստեղծում, գրգռում, թունավորում ներգաղթյալներիՙ Գերմանիայում միասնական խաղաղ կեցությունը, նկատել է Վարդյանը: Նախաձեռնող խումբը անհասկանալի է համարում Գերմանիայում ապրող ծագումով թուրք քաղաքական գործիչների, պատգամավորների լռությունը: Մայիսի 4-ին ժողով գումարելուց հետո խումբը վերախմբագրել է իր պահանջները. ա) թուրք հյուպատոսի անհապաղ հրաժարականը. դա կկանխի գերմանաթուրքական կապերին ուղղորդված հետագա վնասը. բ) արտգործնախարարությունը Թուրքիայի դեմ անհապաղ բողոք պիտի հայտնիՙ գլխավոր հյուպատոս Կիվանչիՙ Գերմանիայում գործունեություն ծավալող միությունների դեմ զրպարտչական արտահայտությունների համար: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: