Monday, June 22, 2009

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն Իրանում 13 մարդ է զոհվել

«Ազատություն» 21-6-2009- Իրանի իրավապահ մարմինները ռետինե մահակների, ջրնետ մեքենաների եւ արցունքաբեր գազի կիրառմամբ շաբաթ օրը Թեհրանի կենտրոնում ցրել են ընդդիմադիրների բողոքի բազմահազարանոց հանրահավաքը։ Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, «անկարգությունների» ու «բախումների» ժամանակ 13 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը վիրավորվել։ Ըստ որոշ լուրերի ցուցարարների վրա կրակ են բացել իշխանությունների ռազմականացված «Բասիջ» խմբավորման անդամները։ Ականատեսները վկայում են ավելի մեծ թվով զոհերի եւ վիրավորների մասին, սակայն այդ պնդումները հնարավոր չի եղել ճշտել, քանի որ Իրանի իշխանությունները սահմանափակել են լրագրողների աշխատանքը։Պետական լրատվամիջոցները ընդդիմադիրներին անվանել են «ահաբեկչական խմբեր»։ Press TV հեռուստաընկերությունը կատարվածի մասին հաղորդել է որպես ոստիկանության ու ահաբեկչական խմբերի միջեւ ընդհարում։ Այս հեռուստաընկերությունը պնդում է, թե խռովարարները գրոհել են ոստիկանության հենակետի վրա, հրկիզել են մզկիթ եւ երկու բենզալցակայան։ Շաբաթ օրը ինքնասպան ահաբեկիչը պայթյուն է իրականացրել մահմեդական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խամեյնիի դամբարանի մոտ։ Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հարձակվողը սպանվել է, առնվազն երեք մարդ վիրավորվել է։ Կիրակի առավոտյան իշխանություններին հաջողվել է խաղաղություն վերահաստատել Թեհրանի փողոցներում։ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ԱՄՆ–ին եւ Մեծ Բրիտանիային կոչ է արել դադարեցնել միջամտությունը Իսլամական Հանրապետության ներքին գործերին։Իր հերթին, ընդդիմության առաջնորդ Միր–Հուսեին Մուսավին հայտարարել է, թե «պատրաստ է ինքազոհության»։ Ընդդիմադիր գործչի հայտարարության մեջ, որը տեղադրված է ինտերնետում, նաեւ կոչ է արվում Իսլամական Հանրապետությունը մաքրել կեղծիքից ու խաբեությունից։ Իրեն ձերբակալելու դեպքում՝ Մուսավին համազգային գործադուլի կոչ է անում։ Այդուհանդերձ, որեւէ կերպ հնարավոր չէ ճշտել, թե արդյոք սա իսկապես Մուսավիի հայտարարությունն է, թեեւ ընդդիմության առաջնորդի նախկին կոչը եւս տեղադրված է եղել ինտերնետային նույն կայքում։ Իրանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, թե «անօրինական հանրահավաքների հետեւանքների» համար պատասխանատուն Միր–Հուսեին Մուսավին է։ YouTube կայքում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ բողոքի ակցիներ, բախումներ են տեղի ունեցել նաեւ Իրանի մյուս քաղաքներում՝ Սպահանում, Շիրազում։ Միջազգային իրավապահ կազմակերպությունները հաղորդում են շուրջ 100 ընդդիմադիրների ու բարեփոխումների կողմնակիցների ձերբակալությունների մասին։ Human Rights Watch-ը հաղորդում է, որ ձերբակալվածների թվում կան հայտնի քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, մտավորականներ, ուսանողներ։Իշխանությունները ձերբակալվածներին ներկայացնում են որպես ահաբեկիչների, ովքեր խախտում են հասարակական կարգն ու ավտոմեքենաներ հրկիզում։Պետական հեռուստաընկերությունը կիրակի օրը հաղորդեց, որ մի շարք ձերբակալվածներ Mujahideen Khald կազմակերպության անդամներ են։ Ըստ այդ հաղորդագրությունների, նրանք հարեւան Իրաքում վարժանքներ են ստացել։ Նշվում է նաեւ, որ նրանք ղեկավարվում են Մեծ Բրիտանիայում տեղակայված այս կազմակերպության գրասենյակից։Հունիսի 12–ին անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ Ընդդիմությունը չի ընդունում հունիսի 12–ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ դրանք կեղծվել են ու պահանջելով նոր ընտրություններ անցկացնել։ Ընտրությունների պաշտոնական արդյունքների հայտարարմանը հետեւեցին ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները։ Հունիսի 15-ին Թեհրանում ոստիկանության ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով, պաշտոնական տվյալներով, 7 մարդ զոհվեց։ Իշխանությունները համաձայնել են որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել, բայց կտրականապես մերժել են նոր ընտրություններ անցկացնելու առաջարկը։ Ավելի վաղ, Իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը համաձայնել էր, որ քվեների 10 տոկոսի վերահաշվարկ իրականացվի։Ուրբաթ օրը Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտպանեց Մահմուդ Ահամադինեջադին, հայտարարելով, թե ընտրությունների արդյունքները կեղծված չեն։Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման Իրանի իշխանություններին կոչ արեց ուժ չկիրառել «սեփական ժողովրդի նկատմամբ», հարգել խոսքի ու հավաքների ազատության իրավունքը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իրանի իշխանություններին կոչ արեց վերահաշվարկ կատարել եւ բռնություններ չկիրառել ցուցարարների դեմ։

No comments: