Saturday, June 13, 2009

Շտապելու տեղ չունենք. հաջորդ հանրահավաքը սեպտեմբերի 18-ին, Լևոն Տեր-Պետրոսյան

Tert.am. 12-6-2009- Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը նշել է, որ Հայ Ազգային Կոնգրեսն իր ծրագրերը, մեթոդները և գործելակերպը վերանայելու կամ էապես փոխելու կարիք չունի։ «Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ քաղաքական պայքարի սահմանադրական ուղուն, որն իրեն լրիվ արդարացրել է՝ մեկուկես տարվա ընթացքում Կոնգրեսը վերածելով լիովին կայացած, ինստիտուցիոնալ քաղաքական ուժի։ Եվ դա՝ հակառակ մարտի 1-ի ահավոր սպանդի, Համաժողովրդական շարժման դեմ կիրառված լայնածավալ բռնությունների ու մեր բազմաթիվ ընկերների բանտարկության։ Թե՛ Հայաստանի քրեական իշխանությունները, թե՛ ընդդիմության անհեռատես տարրերը, և թե՛ արևմտյան որոշ շրջանակներ երջանիկ կլինեին, եթե մենք շեղվեինք պայքարի սահմանադրական եղանակներից ու բռնեինք բռնության և ապօրինի գործողությունների ճանապարհը։ Դա ոչ միայն չէր նպաստի քաղբանտարկյալների խնդրի լուծմանը, այլև կարդարացներ նրանց նկատմամբ գործվող ապօրինություններն ու կերկարաձգեր նրանց ազատազրկումը։ Դա նաև մեզ ամենևին չէր մոտեցնի մեր գլխավոր նպատակի՝ ավազակապետության տապալման եւ սահմանադրական կարգի վերականգնման իրականացմանը։ Եվ վերջապես, դա կլիներ ընդդիմությունը ջախջախելու ամենակարճ ճանապարհը», - նշել է նա։ Խոսելով «այսպես կոչված, վճռական գործողությունների, գրոհի կամ ապստամբության մասին»՝ Լևոն Տեր–Պետրոսյանը նշել է, որ ընդդիմության տեսակետն ինքը մանրամասն ներկայացրել է մարտի 1-ի հանրահավաքում ունեցած իր ելույթում, որին ավելացնելու բան չունի։ «Ավելի վճռական գործունեություն, քան օրինականության շրջանակներում մեկուկես տարի շարունակ Կոնգրեսի մղած հետևողական պայքարը, դժվար է պատկերաց¬նել։ Եվ այդ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացել մեր բոլոր նպատակները, քանի դեռ ավազակապետությունը չի կազմաքանդվել, և քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հեռացել Հայաստանից։ Որ ներկա իշխանությունը տապալվելու է և Սերժ Սարգսյանը չի դիմանալու մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, կասկածից վեր է։ Այնպես որ, մենք շտապելու տեղ չունենք, քանի որ ժամանակն աշխատում է մեր օգտին։ Ուստի մեր հաջորդ հանրահավաքը մենք նախատեսում ենք անցկացնել սեպտեմբերի 18-ին, չբացառելով անշուշտ, անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաև միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ», - հայտարարել է ՀՀ առաջին նախագահը։

No comments: