Saturday, June 13, 2009

Էրդողանը հրաժարվում է մեկնել Ֆրանսիա

/PanARMENIAN.Net/ 12.06.2009 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հրաժարվել Ֆրանսիա կատարվելիք այցից, որը նախատեսված էր հաջորդ ամսում: «Հնարավոր է` հետաձգվելու է նաեւ «Ֆրանսիայում թուրքական սեզոնի» բացումը»,- հայտարարել է նա, նշելով, որ այդ որոշումը կապված է Ֆրանսիայի կոպիտ դիրքորոշման հետ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: «Վաղ թե ուշ Սարկոզին զղջալու է իր քայլերի համար»,- սպառնացել է Էրդողանը, ավելացնելով, որ երկար բանակցային գործընթացի ընթացքում նման դիրքորոշման երբեք չեն հանդիպել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից, գրում է Hurriyet Daily News-ը: ԵՄ մուտք գործելու հարցում Թուրքիայի համար ամենամեծ արգելքը Ֆրանսիան եւ նրա նախագահ Նիկոլյա Սարկոզին են, որի կարծիքով Թուրքիան իր անկանխատեսելի եւ անկայուն ժողովրդավարական համակարգով կարող է լուրջ սպառնալիք լինել ԵՄ առողջ գործունեության համար: «Ֆրանսիայում թուրքական սեզոնի» բացումը նախատեսվել է հուլիսի 1-ին նախագահ Աբդուլլահ Գյուլի մասնակցությամբ: Ինքը Գյուլը նախօրեին հայտարարել է, որ Ֆրանսիա է ժամանելու ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլիի հետ միջոցառման բացման համար: Ֆրանսիայում Թուրքական մշակույթի օրերը ներառում են 400 միջոցառումներ 40 ֆրանսիական քաղաքներում եւ կշարունակվեն մինչեւ հաջորդ տարվա մարտ:

No comments: