Wednesday, June 3, 2009

ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ՈՒ ՄԵՆԱՏՆՏԵՍ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ

Lragir- 2-6-2009- Երեւանի քաղաքապետի ընտրությանը տարած “բացարձակ հաղթանակից” հետո հարց է առաջանում, թե արդյոք հնարավոր է պահել այն փաստացի մոնոլիտ իշխանությունը, որ փորձում է ձեւավորել Սերժ Սարգսյանը: Պարզ է, որ նա այլ ելք չունի, քան այդպիսի իշխանություն ձեւավորելը, թեկուզ ժամանակավորապես: Այդ մասին խոսել եմ “Սերժ Սարգսյանի համար “բացարձակ հաղթանակներն” այլընտրանք չունեն” հոդվածում: Բանն այն է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահում է Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած համակարգի վրա, նա չի ընկալվելու համակարգի համար լեգիտիմ նախագահ, այլ ընդամենը ընկալվելու է որպես տեղապահ, “առաջնորդական փոխանորդ”: Իսկ այդ դեպքում Սերժ Սարգսյանի համար պաշտպանության նախարարի պաշտոնն օրինակ շատ ավելի ազդեցիկ էր, ու թերեւս նույնիսկ ավելի հուսալի, քան կարող է լինել նախագահի պաշտոնը: Գոնե համակարգի համար լեգիտիմ նախագահ դառնալու միակ տարբերակը մոնոլիտ իշխանության ձեւավորումն է: Բայց Սերժ Սարգսյանի մոտ կարող է առաջանալ նաեւ այդ մոնոլիտ իշխանությունը հավերժացնելու գայթակղություն: Դրա համար կարող են օգտագործվել զանազան իմիտացիաներ, հանրային խորհուրդների, ինչ որ կուսակցական խորհրդակցությունների, այլ նորամուծությունների ձեւով: Այսինքն, ձեւավորելով բացարձակ իշխանություն, Սերժ Սարգսյանը միգուցե մտածի, որ ամենեւին էլ հարկ չկա հետագայում կիսել այդ իշխանությունը ինչ որ ուժերի հետ, ինչը սկսած 2003 թվականից անում էր Ռոբերտ Քոչարյանը, թերեւս գիտակցելով, որ Հայաստանի պարագայում շատ դժվար է թագավորել առանց կիսվելու: Այսինքն, հավանական է, որ “բաժանիր, որ տիրես” քոչարյանական սկզբունքին փոխարինի “հավաքիր, որ տիրես” սարգսյանական սկզբունքը:Ունի արդյոք այդ հավաքածը երկար պահելու ռեսուրս Սերժ Սարգսյանը: Սա է հարցը, որից թերեւս շատ բան է կախված Հայաստանի հետագա զարգացումների առումով: Բանն այն է, որ առայժմ Սերժ Սարգսյանն ավելացնում է իրենից “նեղացող” իշխանականների շրջանակը: Ավելին, սեփական անմիջական շրջապատը ձեւավորելով հիմնականում ՄԻԱԿ կուսակցության հետ առնչություն ունեցող երիտասարդներից, Սերժ Սարգսյանը նույնիսկ ՀՀԿ-ին, եթե չի նեղացնում, ապա գոնե անհանգստացնում է: Ի վերջո, միամիտ կլինի ասել, թե Երեւանում ՀՀԿ-ն է բացարձակ հաղթանակ տարել, թեկուզ միայն այն պատճառով, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ այդպես էլ չերեւաց, այլ երեւում էր միայն Գագիկ Բեգլարյան, որի ՀՀԿ հետ կապը թերեւս միայն կրծքանշանն է:Նեղացողների եւ մտահոգների շրջանակն ընդլայնող Սերժ Սարգսյանը ակնհայտորեն դիմում է ռիսկի: Նրա հաշվարկը կարծես թե կառուցված է համակարգի հոգեբանական անպատրաստության վրա: Այսինքն, նա գուցե մտածում է, որ ինչքան էլ նեղի, նեղացնի կամ մտահոգի, միեւնույն է, համակարգը հանդուրժելու է իրեն, քանի կա ասենք Հայ Ազգային կոնգրեսի “ուրվականը”: Բայց Հայ Ազգային կոնգրեսն էլ ամենայն հավանականությամբ գիտակցաբար հենց մնում է “ուրվականության” շրջանակում, “թույլ է տալիս” կեղծել հերթական ընտրությունը, նույնիսկ այդ պայմաններում հայտարարում է իշխանափոխության միմիայն օրինականության ճանապարհի վրա մնալու հաստատակամության մասին, Սերժ Սարգսյանին փաստացի զրկելով համակարգի առաջ բացատրություններ տալու որոշակի ռեսուրսից: Այսինքն, Սարգսյանի համար մի քիչ անհիմն է դառնում համակարգին նեղելը, նեղացնելը: Հանուն ինչի՞: Այդ հարցի պատասխանն ավելի ու ավելի է սկսելու մտատանջել իշխանական համակարգին: “Օստապ Իբրահիմովիչ, իսկ երբ ենք սկսելու բաժանել մեր փողերը”, ասում էր Պանիկովսկին մեծ Կոմբինատորին: Իշխանական համակարգի հոգում թերեւս նույնիմաստ այդ հարցն է առաջանում Սերժ Սարգսյանի հասցեին: Բանն այն է, որ ինչքան ավելանում են “կոլեկտիվ” հիմունքներով, “կոլեկտիվ” լռությամբ եւ համբերությամբ ձեռք բերվող “բացարձակ հաղթանակները”, այդքան կոլեկտիվը սկսում է իրեն նեղված զգալ, իսկ հաղթանակը կենտրոնանում է մեկի ձեռքում: Ընդ որում, բոլորն են գիտակցում, որ երբ Սերժ Սարգսյանը վերջնականապես “հաղթանակ” տոնի հանրության հանդեպ, ապա հետագա “հաղթանակների” միակ օբյեկտը այլեւս դառնալու են իրենք:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: