Thursday, June 11, 2009

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ, ԱՅԼ ԳԵՐՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԻՆ

Lragir. 10-6-2009- Թերթերը լի են խոսակցություններով, թե Հայաստանի կառավարության եւ խորհրդարանի միջեւ ջրբաժան է առաջացել հարկային փոփոխությունների փաթեթի տեսքով: Բարձրաձայն ոչ ոք ոչինչ չի ասում, սակայն “տակից” ենթադրվում է, որ կառավարությունը որոշել է կատարել տարվա սկզբին տված խոստումը՝ խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելը: Խորհրդարանը նմանապես պնդում է, որ կառավարության իրական մտադրությունն այն է, որ հաստատի իր վերահսկողությունը բիզնեսի վրա, եւ պետությունը դրանից ոչինչ չի շահի: Ինչպես ասում են, սեփականության սովորական վերաբաշխում: Իրականում ինչ է կատարվում՝ պարզ չէ: Համենայնդեպս, որեւէ կոնկրետ բան չի ասվում՝ քննարկումները կատարվում են ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական, իսկ ավելի ճիշտ՝ անձնական հարթությունում: Պատգամավորները, խոսելով Սահմանադրությանը կառավարության ներկայացրած փաթեթի անհամապատասխանության մասին, չեն ճշտում, թե հատկապես որ հոդվածներին է այն հակասում: Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե թե չի խառնվելու օրենքի ընդունմանը, որպեսզի իրեն չմեղադրեն կանխակալության մեջ: Հանրապետական կուսակցությունը նույնպես ծանրակշիռ պատճառներ չի բերում, միայն պնդելով, թե “այդպես է պետք”: Դաշնակցությունն ու Ժառանգությունը դեմ են՝ կրկին քաղաքական մոտիվներով: Այլ պարզապես չկան: Եթե ներկայացված փաթեթը դիտարկենք ոչ թե բիզնեսմենի, այլ շարքային քաղաքացու տեսակետից, այն իսկապես ոչ մի նոր բան չի կարող բերել: Փաթեթի հեղինակների խոսքով, հարկային տեսուչի ներկայությունը խոշոր ձեռնարկություններում նպատակ ունի վերահսկելու արտադրվող եւ իրացվող ծավալները եւ, համապատասխանաբար, վճարվող հարկերը: Արտադրանքի ծավալները հիմա էլ ոչ ոք չի թաքցնում, դրանք գրանցվում են հարկային մարմիններում, հնարավոր է, որոշ բացթողումներով: Տեղական օլիգարխները հարստանում են ոչ թե չվճարված հարկերի, այլ գերշահույթների հաշվին, եւ նա, ով ուզում է օգնել պետությանը, պետք է կարգավորի հենց այս ոլորտը: Եթե ապրանքի գինը մի քանի անգամ գերազանցում է դրա ինքնարժեքը, նշանակում է, որ արտադրողը կամ ներմուծողը պարզապես թալանում է բնակչությանը: Պետությունը պետք է պաշտպանի բնակչությանը, խոշոր ներկրողների համար ստեղծելով այնպիսի պայմաններ, որ նրանց ձեռնտու չլինի գերշահույթ ստանալը: Ահա այդպիսի օրենքը միաբերան կողջունեին բոլորը: Սակայն հիմա, ըստ ամենայնի, պետությունն աջակցում է ներկրողներին: Մեկնաբանելով օրինագիծը, ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե կառավարությունը պետք է ընդունի, որ իր տնտեսական քաղաքականությունը չի հաջողվել: Հնարավոր է, այդպես էլ կա: Հայաստանի արտաքին պարտքը 2008 թ. վերջին կազմել է 1,577 միլիարդ դոլար: Այս տվյալը հրապարակել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով, Հայաստանի արտաքին պարտքը 2008 թ. տվյալով կազմել է ՀՆԱ 13,2 տոկոսը, այն դեպքում, որ 2007 թ. այդ ցուցանիշըն 15,7 տոկոսը: Հայաստանի արտաքին պարտքը անցել է 1,5 միլիարդ դոլարը եւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի հետագա աճի դեպքում առաջիկա մի քանի տարիներին կարող է դառնալ կրիտիկական երկրի տնտեսության համար, հայտարարել է Աբել Աղանբեկյանը: Ներմուծումը 5,5 անգամ գերազանցում է արտահանումը: Հայաստանի պարտքերն աճում են աղետալի չափերով, եւ պետք է մտածել տեղական արտադրության աճի հաշվին մթերքի ներմուծումը կրճատելու մասին, ասել է ակադեմիկոսը: Պետք է պաշտպանել սեփական տնտեսությունը, ասել է նա:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

No comments: