Wednesday, June 3, 2009

Հա­յաս­տա­նը որևէ բան չի կորց­րել հայ -­ թուր­քա­կան հարա­բե­րու­թյուն­նե­րում -հարցազրույց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

- Պարոն Սաֆրաստյան, ըստ Ձեզ, հայկական կողմը ի՞նչ շահեց կամ ի՞նչ կորցրեց՝ ստորագրելով «Ճանապարհային քարտեզը»: - Հայաստանը որևէ բան չի կորցրել հայ-թուրքական հարաբերություններում, իհարկե, սա չի նշանակում, թե ունեցել ենք ինչ-որ շահումներ, սակայն այդ հարաբերություններում տեղի է ունեցել առաջընթաց, որն է «Ճանապարհային քարտեզը»: Կարծում եմ՝ Թուրքիայի կողմից «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը պայմանավորված էր մի քանի հանգամանքով, որոնցից առաջինն ԱՄՆ-ի ճնշումն էր Թուրքիայի վրա: Երկրորդ հանգամանքը, որի մասին քիչ է խոսվում, այն կարևոր աշխարհաքաղաքական փոփոխություններն են, որոնք տեղի ունեցան տարածաշրջանում անցած տարվա օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո: Այդ պատերազմը մեր տարածաշրջանում ստեղծեց նոր ստատուս քվո, ուժերի նոր հարաբերակցություն: Ռուսաստանը տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով ուժեղացրեց իր դիրքերը, ինչը, իմ կարծիքով, կարևոր դեր ունեցավ Թուրքիա-Հայաստան «Ճանապարհային քարտեզը» ստորագրելու գործում: Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ, քանի որ ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը նաև Մերձավոր Արևելքում, իսկ դա հնարավոր է, եթե սկսի գործել Հայաստան-Թուրքիա երկաթգիծը: Մինչև օգոստոսյան պատերազմը Թուրքիան Հարավային Կովկասում վարում էր պառակտման քաղաքականություն, որի նպատակն էր ստեղծել Վրաստան-Ադրբեջան առանցք, և որի հիմքը պիտի կազմեին Բաքու-Ջեյհան նավթատարը, Բաքու-Էրզրում գազատարը և կառուցվելիք Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծը: Սակայն ռուս-վրացական պատերազմը Թուրքիայի ծրագրերը հավասարեցրեց զրոյի, և Վրաստանը դադարեց լինել աշխարհաքաղաքական գործոն, իսկ Ադրբեջանն էլ սկսեց իր քաղաքականությունն ուղղորդել ռուսական քաղաքականությամբ: Փաստորեն, Թուրքիան կորցրեց տարածաշրջանում իր դիրքերը և ստիպված եղավ գնալ նոր քայլերի՝ փորձելով տարածաշրջանում վերականգնել իր ազդեցությունը: Թուրքիան նախաձեռնեց կայունության և համագործակցության պլատֆորմը, որը, ի դեպ, իրականացման որևէ հնարավորություն չունի: Երկրորդ քայլը, որին գնաց Թուրքիան՝ Հայաստանի հետ ֆուտբոլային դիվանագիտություն սկսելն էր, ինչի արդյունքում ստորագրվեց «Ճանապարհային քարտեզը»: - Դուք դրական եք գնահատում «Ճանապարհային քարտեզը» և ասում, թե այն Թուրքիայի վրա գործադրված ճնշման արդյունք է: Քաղաքական դաշտում հնչում են ճիշտ հակառակ տեսակետներ, որ «Ճանապարհային քարտեզում» կան կետեր, որոնք չեն բխում Հայաստանի շահերից: - Սկզբունքորեն համաձայն չեմ այդ տեսակետին: Ցավոք, Հայաստանում քննարկումներն ուղղորդվեցին թուրքական մամուլի հրապարակումներով, որոնք իրենց հերթին ողղորդվում էին Թուրքիայի արտգործնախարարության կողմից: Այդ արտահոսքի նպատակը, իմ կարծիքով, թուրք հասարակությանը և Ադրբեջանին հանգստացնելն էր, քանի որ թուրք հասարակության մեծ մասը կտրուկ դեմ էր «Ճանապարհային քարտեզին»: Մենք ծանոթ չենք «Ճանապարհային քարտեզի» բովանդակությանը, սակայն հաստատ գիտենք, որ Թուրքիան ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ չկա որևէ նախապայման, մենք դա գիտենք հստակ, իսկ մնացածը, ինչ որ գիտենք, թելադրված է Թուրքիայի արտգործնախարարության կողմից: - Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, թե չկան նախապայմաններ, եթե դուք ինքներդ եք նշում, թե «Ճանապարհային քարտեզի» բովանդակությունը հրապարակված չէ: - Հայաստանի ղեկավարների՝ նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հայտարարություններից... Նրանք բազմիցս հայտարարել են, որ այնտեղ որևէ նախապայման չկա: Դա գիտենք նաև ԱՄՆ-ի հստակ հայտարարություններից, երբ Հիլարի Քլինթոնը և Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը հայտարարեցին, որ «Ճանապարհային քարտեզում» նախապայմաններ չկան: Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ չկան ղարաբաղյան հակամարտության, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցման և Հայաստան-Թուրքիա հողային խնդիրներին վերաբերող նախապայմանները: - Մի՞թե Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որ մինչև հայկական ուժերը դուրս չգան «գրավյալ» տարածքներից, սահմանը չի բացվի, նախապայման չէ: - Մենք պետք է հասկանանք թուրքական դիվանագիտության առանձնահատկությունները և հաշվի առնենք այն, ինչ ստորագրված է: Իսկ Էրդողանն այդպիսի քայլեր ձեռնարկում է, քանի որ ցանկանում է նախ՝ ճնշում գործադրել հայ-թուրքական բանակցությունների վրա և երկրորդ՝ նա փորձում է շարունակել բարձր պահել իր կուսակցության և իր վարկանիշը՝ հանդես գալով արմատական հայտարարություններով: Այս համատեքստում չի կարելի մոռանալ նախագահ Գյուլի դիրքորոշումը, որը երբեք չի խոսել նախապայմանների լեզվով: - Էրդողանի հայտարարությունը կարծես ապացույցն էր այն տեսակետի, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով: - Թուրքիան ուներ ցանկություն մեկը մյուսով պայմանավորելու, սակայն «Ճանապարհային քարտեզը» ցույց տվեց, որ Թուրքիան ստիպված է հրաժարվել այդ ցանկությունից, չնայած հակառակի մասին է հայտարարում: Կարծում եմ՝ իրականում դրանք տարբեր գործընթացներ են: Վերջերս Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ եթե չկա առաջընթաց հայ-ադրբեջանական հարաբերություններում, ապա ինչո՞ւ Թուրքիան պետք է սպասի և չկարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ: Սա պաշտոնական հայտարարություն է այն մասին, որ կապ այս երկու գործընթացների միջև չկա: - Չե՞ք կարծում, որ ապրիլի 22-ի հայտարարությունը ըստ էության կասեցրեց Ցեղապանության միջազգային ճանաչման գործընթացը, որը Թուրքիայի նախապայմաններից մեկն էր և որը կարծես թե բավարարվեց: - Դեռ փետրվարին ես ասում էի, որ Օբաման չի օգտագործի «գենոցիդ» եզրույթը՝ ելնելով ԱՄՆ-ի ստրատեգիական ինչ-ինչ շահերից: Բայց Օբաման գնաց առաջ և հայերեն արտասանեց «Մեծ եղեռն»՝ հող նախապատրաստելով իր հաջորդ ելույթում «ցեղասպանություն» բառն անգլերեն օգտագործելու համար: Այս ամենից բացի՝ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթանում է երկու ուղղություններով՝ Ցեղասպանության ճանաչում նախագահի և 106-րդ բանաձևի ընդունում Կոնգրեսի կողմից: Պետք է նշեմ, որ այս երկրորդը գնալով ակտիվանում է, և նույնիսկ ապրիլի 22-23-ից հետո ավելացել է բանաձևի ընդունմանը կողմ կոնգրեսականների թիվը (212): Ամեն դեպքում, իմ գնահատմամբ, ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը Ցեղասպանության ճանաչման գործում որդեգրել է Թուրքիային ճնշելու դիրքորոշումը: Կարծում եմ՝ աշնանը 106-րդ բանաձևը կդրվի քվեարկության և կունենա հաջողության մեծ հնարավորություն, քանի որ Օբամայի վարչակազմը չի խոչընդոտի բանաձևի ընդունումը: - Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարեց, թե Թուրքիան «խաբեց Հայաստանին»: Համաձա՞յն եք այս տեսակետին: - Ոչ: Թուրքիան ոչ թե խաբեց Հայաստանին, այլ ստիպված եղավ գնալ այն փաստաթղթի ստորագրմանը, ինչը Հայաստանին չհաջողվեց անել Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին: Սակայն սա չի նշանակում, որ Թուրքիայի հետ մեր խնդիրները շատ արագ լուծվեցին կամ կլուծվեն: Ոչ, դեռ խնդիրներ կան, և պետք է շարունակել պայքարել, սական փաստ է, որ առաջին անգամ Թուրքիան ստիպված եղավ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ չկա որևէ խոսք որևէ նախապայմանի մասին: Սա արդեն լուրջ ձեռքբերում է: Զրուցեց Արփի Մախսուդյանը Կապիտալ- 2-6-2009

No comments: