
Tert.am 2-6-2009- Հանրային խորհուրդը՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ, այսօր «Կոնգրես» հյուրանոցում անցկացրել է իր առաջին լիագումար նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված երեք հարցերից առաջին երկուսը վերաբերում էին Հանրային խորհրդի աշխատանքային կանոնադրության ու ծրագրին, իսկ երրորդ հարցը, որն ամենակարևորն է, համաներում հայտարարելու մասին հարցն էր։
Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ համաներման հարցի շուրջ հավաքվել և քննարկում են անցկացրել Հանրային խորհրդի 12 հանձնաժողովների ղեկավարներն էլ ու չնայած բուռն վեճերին՝ հանձնաժողովականներից 11-ն էլ այն կարծիքն են հայտնել, որ կա համաներման հասարակական պահանջ։
«Եվ հարց էր առաջանում՝ համաներման հարցը պայմանավորել մարտի 1-ով, թե առանց մարտի 1-ի՝ ուղղակի համաներում կատարել։ Խոսքը ոչ թե գնում էր այն մասին, թե համաներումը մարտի 1-ի վրա տարածել, թե չտարածել, այլ դա արդյո՞ք դրդապատճառ է, թե ոչ»,- ասել է նա։
Հանրային խորհուրդը որոշում է ընդունել համաներման հայտարարման նպատակահարմարության և պայմանների հարցի շուրջ քննարկումներ անցկացնել՝ այդ հարցի վերաբերյալ Հանրային խորհրդի առաջարկը ձևավորելու և այն սահմանված կարգով ՀՀ նախագահին ներկայացնելու համար։ Բացի այդ, որոշումների շարքում խորհուրդը որոշել է նաև դիմել Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին՝ համաներման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով։
No comments:
Post a Comment