Saturday, June 6, 2009

«Հայաստանը թուլանում է, իսկ Ադրբեջանն օգտվում է դրանից». ԱԳՆ նախկին խոսնակ

Tert.am. 5-6-2009- Տնտեսական անկման, միջազգային վարկանիշի, ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, դիվանագիտական ասպարեզում թերացման ուղղություններով Հայաստանը շարունակում է թուլանալ, ինչը հասկանում են Ադրբեջանում ու շարունակում են ճնշումների քաղաքականությունը Հայաստանի վրա։ Այս կարծիքն է հայտնել Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով Սարգսյան–Ալիև սանկտպետերբուրգյան հանդիպման մասին Tert.am-ի հարցին։ «Ադրբեջանը չի շտապում ոչ մի տեղ, նա տեսնում է Հայաստանի թուլացումը ու շարունակում իր քաղաքական ճնշումները»,- հայտարարել է ԱԳՆ նախկին խոսնակը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալևի 5-րդ հանդիպումը Վլադիմիր Կարապետյանը որակել է «հերթական, սովորական» հանդիպում, ինչի կազմակերպումն, ըստ նրա, անհրաժեշտ էր Մոսկվային, ինչին էլ Ռուսաստանը հասավ։ Ի դեպ, մինչ նախագահների հանդիպումը Ռուսաստանից հնչած հայտարարությունները, թե Կրեմլը մեծ ակնկալիքներ չունի հանդիպումից, Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությամբ, նշանակում են, որ Մոսկվան ի սկզբանե այդ հանդիպումից մեծ սպասելիքներ չի ունեցել։ Դրա վկայությունն, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, այն է, որ տեղի չունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում։ Երեք նախագահների ընթրիքը Վլադիմիր Կարապետյանը չի համարում հանդիպում՝ ընդգծելով, որ բուն մոսկովյան ձևաչափով հանդիպում, ինչպիսին Մայնդորֆյան հանդիպումն էր, տեղի չունեցավ։

No comments: