Monday, June 22, 2009

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՆ. ԹԵՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ

Lragir.22-6-2009- Այն պահից, երբ 2009 թ. գարնանը ԱՄՆ Ռուսաստանին առաջարկեց “վերաբեռնման” ռազմավարությունը, իսկ քննարկման կենտրոնում հայտնվեց Իրանի միջուկային ծրագիրը զսպելու այս տերությունների համատեղ գործունեության գաղափարը, այդ երկրի հանդեպ ուշադրությունը կտրուկ աճեց: Բոլորը սպասում էին,թե ինչ է լինելու այդ երկրի հետ եւ նրա շուրջ: Ընդ որում, դատելով համաշխարհային մամուլի հրապարակումներից եւ այս կամ այն երկրի գործողություններից, հիմնական հետաքրքիրություն էր ներկայացնում միջազգային նոր միտումներին հենց Իրանի արձագանքի խնդիրը: Բոլորի համար ակնհայտ էր, որ եթե ոչ Իրանի ղեկավարության կամքով, ապա այլ շահագրգիռ սուբյեկտների կամոք ինչ որ բան պետք է փոխվեր ամենամոտ ժամանակում: Երբ համաշխարհային մամուլում հայտնվեցին առաջին տեղեկություններն Իրանում հետընտրական բարդությունների մասին, բոլորին պարզ դարձավ, որ համաշխարհային միտումներին արձագանքեց հենց Իրանի ժողովուրդը: Ընդ որում, դա արեց հակառակ Իրանի ղեկավարության կամքի: Ավելի ճիշտ, մերժեց ղեկավարության կամքը զանգվածային բողոքի ձեւով: Քանի որ բողոքը կապված էր նախագահի ընտրության շատերի համար անընդունելի արդյունքների հետ, Իրանում առաջացած քաղաքական իրավիճակում նկատվեցին հեղափոխության նշաններ: Համաշխարհային մամուլում առկայծեց հերթական հեղափոխության գաղափարը, արդեն Իրանում: Թեեւ “թավշյա հեղափոխություն” հասկացությունը մինչ այժմ հիմնականում կապվում էր հետխորհրդային տարածքի երկրների հետ, Իրանի դեպքը չէր կարող չընկնել այդ կարծրատիպի տակ: Ընտրության ֆենոմենը միջազգային իմաստով չափազանց նշանակալի է դարձել, որպեսզի նախագահի ընտրությունն Իրանում չկապվեր ԱՄՆ մտադրությունների հետ` այդ երկիրը համապատասխանեցնելու ժամանակակից աշխարհի “նոր պահանջներին”: Ամենեւին պատահական չէ, որ շատերի ուշադրությունը մեխանիկորեն ուղղվեց համաշխարհային տերություններին, առաջին հերթին ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին: Հայտնվեցին նաեւ Իրանում ստեղծված քաղաքական իրավիճակի էության առաջին գնահատականները: Ամենախորաթափանց դիտորդները դրանում նկատեցին այդ երկրի նորագույն պատմության մեջ որակապես նոր երեւույթներ: Ռուսաստանցի հայտնի քաղաքագետներից մեկը նշեց. “Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, հեռու գնացող հետեւանքներ կունենա… Իսկ տեղի ունեցավ Իրանի քաղաքական համակարգի լուրջ խափանում: Այաթոլլան ճանաչեց Ահմադինեժադի հաղթանակը, աշխարհիկ ծեսը (ընտրություն) լրացնելով կրոնականով (հղումը Ալլահի կամքին): Սակայն դա չկանգնեցրեց ընդդիմությանը: Այդպիսով, ոչ միայն Ահմադինեժադի, այլեւ այաթոլլայի ու Հեղափոխության պահապանների կորպուսի իշխանության լեգիտիմության սպառնալիք առաջացավ: Իսկ դա արդեն հզոր հարված է Իրանի քաղաքական եւ գաղափարախոսական ողջ համակարգին: Աշխարհիկ իշխանության կրոնական հենարանը չաշխատեց: Դա չի նշանակում, որ Իրանում կսկսի Լուսավորության դարաշրջանը: Սակայն կրոնի տեղը հասարակության կյանքում եւ քաղաքական համակարգում, դրա մեկնությունները կարող են կատաղի վեճերի եւ հասարակության պառակտման առարկա դառնալ”: Այն, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները դժվար է գնահատել որպես տեղական նշանակության երեւույթ, երեւում է նույնիսկ նրանց կարծիքից, ովքեր չեն կանխանշում որակական քաղաքական փոփոխություն այդ երկրում: Միայն այն փաստը, որ երկրի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեին բողոքի ազդեցությամբ համաձայնեց ձայների մասնակի հաշվարկին, շատերը գնահատում են որպես աննախադեպ երեւույթ Իրանի քաղաքական համակարգում: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ գործող իշխանության համար դժվար է օգտագործել իսլամի գործոնը` ընդդիմությունը ժամանակին է հոգ տարել դրա մասին, իշխանության ձեռքից խլելով իսլամի գույնն ու դրոշը: Իսկ այն հանգամանքը, որ ձայների վերահաշվարկից հետո մեղադրանքների կենտրոնում օբյեկտիվորեն կհայտնվի հենց երկրի հոգեւոր առաջնորդը, իրավիճակը կարող է հանգեցնել անկանխատեսելի գաղափարական շրջադարձի: Հունիսի 19-ին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սեփական ձեռքով դրեց իսլամական ռեժիմի հանդեպ հավատի խարխլման հիմքերը: Ուրբաթ գիշերը այաթոլլա Խամենեին հանդիպեց ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի հետ եւ կոչ արեց նրան ճանաչել ընտրության արդյունքը, ինչպես նաեւ մասնակցել Թեհրանի համալսարանի մզկիթում ուրբաթօրյա աղոթքին ու երիտասարդության կոչ անել համախմբման: Իրանում բողոքի ցույցերը դադարեցվեցին ուրբաթօրյա աղոթքի կապակցությամբ: Իշխանությունն ու ընդդիմությունը սպասում էին, թե ինչ կասի աղոթքից հետո Ալի Խամենեին: Ինչպես կընթանան իրադարձությունները այդ ելույթից հետո: Իրանի հոգեւոր առաջնորդը ելույթ ունեցավ Թեհրանի համալսարանում, ուրբաթօրյա աղոթքից հետո: Խամենեին կոչ արեց ընդունել քվեարկության արդյունքը եւ փաստորեն հերքեց նոր ընտրության անցկացման հնարավորությունը: Ազգին իր դիմումի մեջ նա հղում կատարեց “Իրանի թշնամիների” թեզին եւ պաշտպանեց Ահմադինեժադին: Նա ասաց, թե ընտրությունը դարձավ “քաղաքական երկրաշարժ Իրանի թշնամիների համար, որոնցից ամենամեծ չարիք է ներկայացնում Մեծ Բրիտանիան,եւ տոն` նրա ընկերների համար”: Խամենեին նշեց, թե “թշնամիները ցանկանում էին կասկածի ենթարկել իսլամական իշխանության լեգիտիմությունը, հարցեր տալով ընտրության արդարության մասին նախքան քվեարկությունը”: Արդյունքում, նա կոչ արեց դադարեցնել բողոքի ելույթները, հակառակ դեպքում “նրանք պատասխանատու կլինեն քաոսի բոլոր հետեւանքների համար… իսկ քաղաքական առաջնորդները պատասխանատվություն կկրեն անհնազանդության համար”: Ալի Խամենեին հայտարարեց նաեւ Ահմադինեժադի վերջնական հաղթանակի մասին եւ հերքեց ընտրության արդյունքի վիճարկման հնարավորությունը: Դրանից բացի, նա հայտարարեց, որ Իրանում չի լինի հեղափոխություն այնպես, ինչպես տեղի ունեցան նախկին ԽՍՀՄ երկրներում: Խամենեիի ելույթը խանդավառությամբ ընդունեցին Ահմադինեժադի կողմնակիցները: Սակայն ընդդիմության վրա այդ ելույթը հակառակ արդյունք տվեց: Միր Հոսեյն Մուսավին դիմեց Իրանի գլխավոր օրենսդիր մարմնին` պահանջելով չեղյալ հայտարարել նախագահի ընտրության արդյունքը: Շաբաթ, հունիսի 20-ին նա դիմեց իր կողմնակիցներին, որոնք, չնայած իշխանության արգելքին, դուրս էին եկել Թեհրանի փողոցներ, դիմել համընդհանուր գործադուլի իրեն ձերբակալելու դեպքում: Նրա զինակիցների խոսքով, Մուսավին հայտարարել է, թե պատրաստ է նահատակվելու: Հունիսի 20-ին նախկին վարչապետ Մուսավիի կողմնակիցները սկսել են բողոքի զանգվածային ակցիա, պահանջելով չեղյալ համարել նախագահի ընտրության արդյունքը, որ, նրանց կարծիքով, կեղծվել էր: Իշխանությունը ցուցարարներին ցրելու համար ներգրավել է ոստիկանության ստորաբաժանումներ, ինչը հանգեցրել է բախումների: Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Իրանի իրադարձությունների մասին հավաստի տեղեկատվություն չկա, քանի որ արեւմտյան ԶԼՄ-ների լրագրողները մուտք չունեն իրադարձությունների վայրեր: Կա միայն սպանվածների մասին տեղեկատվություն: Կա տեղեկատվություն, որ բողոքի ութերորդ օրը ավարտվել է “Մահ դիկտատորին”, “Կորչի Խամենեին” կարգախոսներով: Կարելի է պնդել, որ իրանական թեոկրատիան երկու ոտքով ընկել է թակարդը: Չափազանց անխոհեմ էր Ալլահի անունով քաղաքական գործիչների անօրինականությունը ծածկելը: Բայց, երեւում է, հույսը դրել էին “միասնության” եւ ուժի վրա: Արդյունքում ստացվեց հակառակը` միասնությունը հողին հանձնվեց ուժի կիրառման արդյունքում: Ընդդիմադիր շարժման մեջ նկատվեց շրջադարձ դեպի վարչակարգը տապալելու ճանապարհ: Դրանից բացի, սպանվածների թվի ավելացումը թեոկրատներին դրել է համաշխարհային հանրության դատին: Արեւմուտքում այաթոլլայի մի շարք հայտարարություններ տարակուսանք են առաջացրել: Եվրամիության առաջնորդները լուրջ մտահոգություն են հայտնել բողոքի ցույցերի հանդեպ իրանական իշխանությունների հակազդեցության կապակցությամբ: Հունիսի 19-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ նրանք Իրանի կառավարությանը կոչ են արել հարգել սեփական կարծիքը խաղաղ արտահայտելու քաղաքացիների իրավունքը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունները բնութագրել է որպես “հիասթափեցնող”: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը դատապարտել է բռնությունը եւ մամուլի սահմանափակումները: Այսօր Իրանի իշխանությունը հնարավորություն ունի ցույց տալու, որ ընտրությունը եղել է ազնիվ, ընդգծել է Բրաունը: Մինչեւ Խամենեիի ուրբաթօրյա ելույթը Իրանի ընտրության վերաբերյալ իրենց հայտարարություններում արեւմտյան երկրների ղեկավարները ձգտում էին խուսափել կտրուկ արտահայտություններից եւ ընդգծում էին, որ դա իրենց` իրանցիների գործն է: Հունիսի 19-ը վերացրեց բաժանման գիծը: Բավական երկիմաստ վիճակում հայտնվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նախօրոք ասվում էր, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման կապակցությամբ Օբամայի վարչակազմի համար դժվար կլինի երկխոսություն սկսել Թեհրանի հետ: Վաշինգտոնը, երեւում է, բռնել է սպասողական դիրք: Նախագահ Օբաման հասկացնել տվեց, թե չի հրաժարվում Թեհրանի հետ երկխոսություն սկսելու մտադրությունից: Նա լրագրողներին հայտնել է, որ սեփական քաղաքական վեճերը իրանական ժողովուրդը պետք է ինքը լուծի: Ամենահատկանշականն այն էր, որ դեռեւս մինչ Խամենեիի ելույթը Օբաման բազմանշանակ ասել էր, թե Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին լրջորեն խորհել է երկրում տեղի ունեցած անկարգություններից հետո: Ինչ վերաբերում է ցուցարարներին, Օբաման հասկացնել տվեց, որ “աշխարհը հիանում է քաղաքականության մեջ նրանց ներգրավվածությամբ: Կարեւոր չէ, թե ինչպիսին կլինի ընտրության վերջնական արդյունքը: Նրանք պետք է իմանան, որ աշխարհը նայում է իրենց”: Սակայն Իրանում բռնության ուժգնացումից հետո Օբամայի վարչակազմը հայտարարեց, թե “Սպիտակ տունը Իրանի ընդդիմության հանրահավաքները համարում է քաջության անհավանական արտահայտություն”: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը: “Կարծում եմ, որ ներկայում դուք այնտեղ ինչ որ անհավանական բան եք տեսնում: Չեմ կարծում, թե որեւէ մեկը մեկ շաբաթ առաջ կարող էր պատկերացնել, թե կարող է քաջության այնպիսի արտահայտում տեսներ, ինչ տեսնում ենք ներկայում”, հայտարարել է Գիբսը: Ինչով Իրանի կառավարող վարչակազմի համար կավարտվի այդ քաջությունը, անշուշտ, բոլորից ավելի հայտնի է ԱՄՆ-ին: Պատահական չէ, որ Խամենեին չհամարձակվեց տեղի ունեցողի մեջ մեղադրել ԱՄՆ-ին` որպես քավության նոխազ նա ընտրեց Մեծ Բրիտանիային: Պետք է պարզ լինի, որ այաթոլլա Խամենեին միայն հիմա է գիտակցել վերահաշվարկ կատարելու հնարավորության մասին հայտարարության սխալ լինելը: Իսլամական Հեղափոխության պահապաններին քննադատության կենտրոն մղելը անթույլատրելի էր` իրավիճակը չափազանց հեռուն է գնացել: Այստեղ էլ հասկանալի են դառնում Խամենեիի վերջնագրի բնույթի պահանջները` դրանցում ցանկություն է արտահայտվում արմատից կտրել հնարավոր բողոքները: Ինչպե՞ս նման դիրքորոշումը կարող է անդրադառնալ իրադարձությունների հետագա ընթացքին` առայժմ դժվար է ասել: Իրանում “կանաչ հեղափոխության” հնարավորությանն առայժմ ոչ ոք չի հավատում: Բոլորը հասկանում են Իրանի եւ այդ երկրում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների առանձնահատկությունը: Քչերն են գտնում, որ Թեհրանի փողոցներ դուրս եկած իրանցի երիտասարդներն ուրախ կլինեն ամերիկյան նախագահի բացահայտ աջակցությանը միայն այն բանի համար, որ դրանից ուրախ էին այլ երիտասարդներ, որոնք փողոց էին դուրս եկել բոլորովին այլ երկրում: Սակայն, այսպես թե այնպես, խոսքը գլխավորի մասին է` կարո՞ղ է արդյոք Իրանում ստեղծվել հակաիսլամական ճակատ: Այսինք, կարող են արդյոք բողոքողների հարվածի տակ ընկնել Իրանի թեոկրատները: Նման հարցադրման հրատապությունն ակնհայտ է` նախահեղափոխական իրավիճակի մասին կարելի է խոսել միայն այնժամ, եթե բողոքող միջավայրում առաջանա “Իսլամական ռեժիմի մեղավորության” գաղափարը: Առայժմ վաղ է այդ մասին խոսելը:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱՀՀԿ ՓՈՐՁԱԳԵՏ

No comments: