Lragir. 3-6-2009 - Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման` Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2009թ. հասարակական կարծիքի համաշխարհային հարցման մասնակիցների ավելի քան կեսը (54%) հավատացած է, որ գործարար ոլորտի ներկայացուցիչներն օգտագործում են կաշառքը հանրային քաղաքականության, օրենքների ու կանոնակարգերի վրա ազդելու նպատակով, կամ այլ կերպ ասած` տեղի է ունենում նրանց կողմից պետության զավթում: Մասնավորապես, մեծ տարածում ունի հարցման մեջ ներգրավված ԱՊՀ պետություններում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան եւ Ուկրաինա). այդ երկրներում պետության զավթման առկայության վերաբերյալ նշել է հարցման ենթարկվածների ավելի քան 70%-ը:Հարցման ենթարկված երկրների ու տարածքների մոտավորապես 1/5-ում, ներառյալ այն երկրները (Հոնկոնգ, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա), որոնք աշխարհի գլխավոր ֆինանսական կենտրոններից են, որպես ամենակոռումպացված ոլորտ նշվել է մասնավոր հատվածը:Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որտեղ հարցման ենթարկվածների 46-64%-ը պատրաստ է ավելի մեծ գումար վճարել կոռուպցիայից զերծ ընկերություններից ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար:Հարցումն անց է կացվել աշխարհի 69 երկրների ու տարածքների ավելի քան 73,000 մարդկանց շրջանում 2008թ. հոկտեմբերից 2009թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում: 50 երկրներում այն անցկացվել է Գելափ Ինթերնեշնլ-ի Հանրության ձայնը ծրագրի շրջանակներում, իսկ 19-ում` այլ կազմակերպությունների կողմից: Հայաստանում հարցումն իրականացվել է հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 5-ը վրացական Ջորջիըն Ըփինյն Ռիսըրչ Բիզնես Ինթերնեշնլ (ԳՈՐԲԻ) կազմակերպության կողմից` 1000 անհատական հարցազրույցների միջոցով:Ըստ Բարոմետրի տվյալների, կաշառատվությունն անհամամասնորեն ավելի մեծ բեռ է հանդիսանում աղքատների համար: Հարցման ենթարկված 10 անձանցից 1-ը հայտնել է, որ կաշառք է վճարել նախորդ 12 ամիսների ընթացքում (Աղյուսակ 3): Պատկեր 2-ը ցույց է տալիս, որ 10 հարցվողներից 4-ը հաշվետու ժամանակահատվածում կաշառք է վճարել Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 10 հարցվողներից 3-ը` ԱՊՀ երկրներում եւ Աֆրիկայի Անդրսահարյան տարածաշրջանում: Ավելին, կաշառք վճարած 10 հարցվողներից 4-ի համար վճարումները միջին հաշվով կազմել են իրենց տարեկան եկամուտների մոտավորապես 10%-ը:Մանր կաշառակերությունն առավել մեծ տարածում ունի Ադրբեջանում, Իրաքում, Լիբերիայում, Կամբոջայում, Կամերունում, Հայաստանում, Սիերա Լեոնեում եւ Ուգանդայում (երկրները դասավորված են այբբենական կարգով): Միեւնույն ժամանակ, բոլոր հարցվողների կողմից ոստիկանությունը նշվել է որպես առավել հաճախ կաշառք պահանջող հաստատություն: Ողջ աշխարհում նախորդ տարվա ընթացքում ոստիկանության հետ առնչություն ունեցող 4-ից 1-ը կաշառք է վճարել:Հարցումը ցույց է տվել նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության ջանքերն ընդհանուր առմամբ ընկալվում են որպես ոչ արդյունավետ. նման կարծիքի է հարցվողների 56%-ը: Տվյալ հարցում ԱՊՀ երկրների թվում Վրաստանը ստացել է ամենաբարձր (հարցվողների 57%-ը), իսկ Ուկրաինան` ամենացածր (հարցվողների 7%-ը) դրական գնահատականը, իսկ Հայաստանում այն կազմում է 38%:Հարցվողների կողմից որպես առավել կոռումպացված հաստատություններ են ընկալվում կուսակցությունները (68%), խորհրդարանները (63%) եւ քաղաքացիական ծառայությունը (60%): Միաժամանակ, Բուլղարիայում, Խորվաթիայում, Կամբոջայում, Կոսովոյում, Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնղոլիայում, Պերուում և Վրաստանում հարցվողների կողմից որպես այդպիսին է ընկալվում դատական համակարգը:
Wednesday, June 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment