
«ՀԵՏՔ» 2-6-2009- Մայիսի 31-ի վաղ առավոտից, ինչպես եւ սպասելի էր, կրկին սկսեց աշխատել ապօրինի վարչախմբի ընտրակեղծիքների դժոխային մեքենան:
Վաղ առավոտից հազարավոր ավտոբուսներով ու տաքսիներով մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամասեր: Հարյուրավոր ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվել հանրապետության այլ քաղաքներից ու բնակավայրերից, որոնք ապօրինաբար մասնակցել են քվեարկությանը:
Քվեարկողներ են բերվել նաեւ հարեւան Վրաստանի Ախալքալակի շրջանից:
Տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում:
Տեղամասերի մոտ տեղակայված քրեական տարրը խոչընդոտել է ընտրություններին հազարավոր քաղաքացիների մասնակցությանը:
Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց ու լրագրողների նկատմամբ կիրառվել են բռնություններ, նրանց ծեծել, դուրս են հանել ընտրական տեղամասերից, խլել լրագրողների աշխատանքային գործիքները: Նույն կերպ ընտրական տեղամասերից դուրս են արվել նաեւ դիտորդների, այդ թվում նաեւ արտասահմանյան, խոչընդոտել նրանց պարտականությունների իրականացմանը: Տեղամասից առեւանգվել է ընդդիմության կողմից նշանակված հանձնաժողովի անդամը:
Բանդիտական խմբերը մտել են տեղամասեր եւ լցոնումներ կատարել: Ոստիկանությունը, որպես կանոն, չի արձագանքել նմանօրինակ դեպքերին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ աջակցել ու մասնակցել է ընտրախախտումներին:
Բազմաթիվ տեղամասերում իրականացվել է բաց կամ վերահսկվող քվեարկություն: Եղել են հրազենի եւ սառը զենքի գործադրման դեպքեր, ինչի հետեւանքով կան վիրավորներ: Օրվա ընթացքում համատարած փորձել են կաշառել վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների:
Բազմաթիվ դեպքերում խախտումների մասին արձանագրությունները հանձնաժողովների նախագահները հրաժարվել են գրանցել գրանցամատյանում իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հրաժարվել են ընդունել վստահված անձանց կազմած բողոքները:
Մի շարք ընտրական տեղամասեր շրջափակված են եղել հատուկջոկատայիններով, որոշ դեպքերում նրանք գտնվել են ընտրատեղամասի ներսում: Նման մթնոլորտում ընտրողներից շատերը գերադասել է չմասնակցել քվեարկությանը:
Բոլոր տեսակի ապօրինությունները, մասնավորապես վստահված անձանց նկատմամբ բռնությունները ու բացահայտ լցոնումները բազմապատիկ շատ են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ նաեւ տեղամասերից գողացվել է կնիք, քվեաթերթիկներ եւ քվեատուփ: Հաշվարկների ժամանակ գողացվել են Հայ Ազգային Կոնգրեսի օգտին քվեարկած քվեաթերթիկների կապոցը: Իրավիճակն այստեղ ամբողջությամբ վերահսկել է կրիմինալը, ընտրություն որպես այդպիսին տեղի չի ունեցել:
Ապօրինությունները, ահաբեկչությունը կատարվել է քրեական տարրերի ամենաակտիվ ներգրավմամբ, նրանց առաջնորդող բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ոստիկանության գիտակցված անգործության, իսկ շատ դեպքերում նաեւ ակտիվ աջակցության եւ գործակցության պայմաններում: Ընտրակեղծիքների, բնակչության ահաբեկման ու մանավանդ ընտրակաշառքի համար գործածվել են պետական կառույցները՝ ոստիկանությունը, բանակը, կենսաթոշակային հիմնադրամը, նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ այլն, ծախսվել են հսկայական բյուջետային միջոցներ:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ չի ընդունում մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, չի հանդուրժելու հանցագործ վարչախմբի կողմից ժողովրդի կամքը բռնաբարելու շարունակական այս գործողությունները, վիճարկելու է ընտրությունների արդյունքները եւ շարունակելու է իր պայքարը՝ որպես առաջին խնդիր դնելով ավազակապետության ներկա պարագլուխ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:
No comments:
Post a Comment