
Lragir. 5-6-2009- Չհասցնելով աշխարհին զարմացնել ներկայիս Աղդամի տարածքում պատմական Տիգրանակերտը հայտնաբերելով, հա հնագետները եւս մեկ սենսացիոն հայտնագործություն են արել: Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող ավանի տարածքում օրերս պեղումների արդյունքում հայտնաբերել են Դիզակի մելիք Ավանին (Եգան) պատկանող 18-րդ դարի ամենախոշոր կառույցներից մեկը՝ իշխանական պալատի մնացորդները: Հայտնաբերված շինությունը, դատելով ճարտարապետական առանձնահատկությունից, կարող է լինել կամ ընդունարան-դահլիճ, կամ էլ բնակելի համալիրի կենտրոնական օղակ: Հնագետները մտադիր են պեղել պալատ-ամրոցի ողջ տարածքը, որտեղ պահպանվել են մի քանի մշակութային ժամանակաշրջանների հուշարձաններ: Մելիքի պալատի համալիրի շենքերն ու շինությունները իր ճարտարապետական տվյալներով վկայում է դրա տիրոջ ու շինարարի զորությունը: Առանձնահատուկ պատմական արժեք է ներկայացնում պահպանված շինություններից մեկի վրայի 22 տողանոց գրությունը, որ վկայում է արցախի ամենազորեղ մելիքի վաստակը, ով պարսից շահերի կողմից ճանաչվել էր բեգլար-բեկ (Արցախի 5 մելիքների մելիք): Հատկանշական է նաեւ այն, որ ինքը Դիզակի իշխանն այդ գրության մեջ իր իշխած երկրամասը համարում է “Իմ Հայաստան”: Տողի իշխանական պալատը առաջին անգամ չափագրվել է 1980 ական թվերին: ԼՂՀ կառավարությունը պալատը վերականգնելու որոշում է կայացրել այս տարի, երբ հուշարձանների պահպանության վարչության կազմում ստեղծվեց գիտա-վերականգնողական արվեստանոց: Հնագիտական եւ չափագրման աշխատանքները ղեկավարում են հնագետ Գագիկ Սարգսյանը եւ ճարտարապետ Մանվել Սարգսյանը:
No comments:
Post a Comment