Saturday, June 6, 2009

Պետությունների առաջնորդների հաճախակի հանդիպումները թույլ կտան լուծել դժվարին հարցերը. Մեդվեդև

HayInfo-5-6-2009- Կյանքի տարբեր ոլորտներում դժվարությունների հաղթահարմանն օգնում են պետությունների առաջնորդների հաճախակի հանդիպումները, ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպման մեկնարկից առաջ։Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Կյանքն այսօր դժվար է, և անհրաժեշտ է հաղթահարել դժվարությունները, ու դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ է հաճախ հանդիպել, ինչը և մենք անում ենք», - նշել է ՌԴ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա նաև հայտարարել է, որ հաճախ հանդիպումներն օգտակար են երկկողմ հարաբերությունների համար «և թույլ են տալիս կոնկրետ հարցերի կապակցությամբ հասցեական որոշումներ ընդունել»։ Մեդվեդևը հույս է հայտնել, որ այդ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կկարողանան քննարկել «կարևորագույն թեմաները»։ Միաժամանակ, ՌԴ նախագահի խոսքերով, Ռուսաստանը ձգտում է հետագայում ևս գործընկերային հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ։ ՀՀ նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ Ռուսաստանի կողմից 500 միլիոն դոլարի չափով Հայաստանի օգնության համար։ «Այդ օգնությունը կօգնի հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները», - ասել է Սարգսյանը։ Նա նշել է նաև, որ Հայաստանը «համառորեն աշխատում է ռուս ներկայացուցիչների, ԵԱՀԿ խմբի ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ»։ «Մենք համառորեն փնտրում ենք ուղիներ, թե ինչպես պետք է անվտանգ ապրի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր հայրենի բնօրրանում և ինքնուրույն որոշի իր ճակատագիրը», - ավելացրել է Սարգսյանը։ Նա նշել է, որ Հայաստանը սպասում է ՀԱՊԿ նիստին՝ ընդգծելով, որ իր երկիրն ակտիվորեն մասնակցում է դրա աշխատանքներին և ձգտում է խորացնել համագործակցությունը քաղաքական, ռազմատեխնիկական ոլորտներում։ Սարգսյանը նաև ասել է, որ ինքն ու իր տիկինը հետ հիշում են Դմիտրի Մեդվեդևի տիկնոջ այցը Երևան։ «Մեր տիկիններին հաջողվեց Հայաստանին նվիրել Արամ Խաչատրյանի վերականգնված բալետը՝ Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ», - ասել է նա։ ՀՀ նախագահը դա մեծ ներդրում է համարել հումանիտր համագործակցության ամրապնդման գործում։

No comments: