
- Մինչդեռ մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ այդ դեղամիջոցին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում 'Խնդրում եմ ինձ տեղեկություններ տրամադրեք 'Արմենիկումի' մասին: Ես դրա կարիքը շատ ունեմ: Ինձ խիստ անհրաժեշտ է այդ դեղամիջոցը: Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայում 'Արմենիկումը' գրանցված է, սակայն ես այն չեմ կարողանում գտնել: Ուկրաինայում 'Արմենիկում' չկա...',- Ուկրաինայից նման բովանդակությամբ նամակ էր ստացել 'Առավոտի' խմբագրությունը: Նամակի հեղինակի՝ Միխայիլի ներկայացմամբ՝ լսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հայկական դեղամիջոցի՝ 'Արմենիկումի' մասին, սակայն որեւէ կերպ իրեն չի հաջողվում այդ դեղի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալ: 'Առավոտին' ուղղած նամակով Միխայիլը հետաքրքրվում էր, թե ինչպե՞ս կարող են օտարերկրյա քաղաքացիները բուժում ստանալ Հայաստանում, ի՞նչ ազդեցություն է դեղը թողնում վարակակիրների վրա, արդյոք դեղամիջոցն օգտագործողներն ապաքինվո՞ւմ են եւ այլն: Նշենք, որ մոտ 10 տարի առաջ՝ 'Արմենիկումի' կլինիկական փորձարկման շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացավ, սակայն որոշ ժամանակ անց հայերի հայտնագործության մասին մոռացվեց: Չնայած դրան, այսօր մեր երկրում գործում է 'Արմենիկում' կլինիկական կենտրոնը, որտեղ այս պահին բուժում է ստանում 60 հիվանդ: Երեկ 'Առավոտը' 'Արմենիկում' կլինիկայի պատասխանատուներից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ արտերկրում ավելի շատ են հետաքրքրված այս դեղամիջոցով, մինչդեռ Հայաստանում այն վստահություն ձեռք չի բերել: Մեր երկրի մի շարք վարակակիրներ գերադասում են արտերկրից ներկրվող հակառետրովիրուսային պրեպարատը: Մեզ հետ զրույցում կլինիկայի գլխավոր բժիշկ Հարություն Իսրայելյանը վստահեցրեց, որ 'Արմենիկումը' միանշանակ դրական ազդեցություն է թողնում հիվանդների վրա. 'Քանի որ ՄԻԱՎ վարակակիրներն ունենում են նաեւ այլ վիրուսներ, կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ 'Արմենիկումը' ներարկելուց հետո դրական ազդեցություն է եղել ոչ միայն ՄԻԱՎԻ, նաեւ այլ ուղեկցող վարակների վրա: Այլ բան է, որ հարցնում են՝ լրիվ առողջանո՞ւմ են: Պետք է ասեմ, որ լրիվ առողջացում աշխարհի ոչ մի երկրում չկա ու ոչ մի նման պրեպարատ չկա: Ես չեմ ուզում առավելություն տալ այս կամ այն դեղին: Հակառետրովիրուսայինն էլ է լավը, 'Արմենիկումն' էլ: Սակայն դա անհատական է: Երկուսն էլ էֆեկտ ունեն, նայած օրգանիզմ: Կան հիվանդներ, որոնց հակառետրովիրուսային է պետք: 'Արմենիկումը' նաեւ կյանքի որակն է լավացնում: Մեզ մոտ հուսահատված հիվանդներ կային, որ տանը նստած դուրս չէին գալիս: Բուժման ընթացքում կյանք են վերադառնում, աշխատանքի են գնում, օրգանիզմը լրիվ թարմանում է, ավելի ակտիվ են սկսում ապրել: Ունեցել ենք հիվանդ, որը մասնագիտությամբ բժիշկ է եղել, հիմա նա էլ է վերադարձել աշխատանքի: Եղել են քաշը կորցրած, հյուծված, անաշխատունակ հիվանդներ, նրանց մեծ մասն այժմ կենսունակ է դարձել': Այն, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ավելի շատ տարածված է երիտասարդների շրջանում, հաստատեց նաեւ Հ. Իսրայելյանը. 'Մեր հիվանդների մեծ մասը երիտասարդ են: Որովհետեւ այդ հիվանդության փոխանցումը կատարվում է թմրադեղերի միջոցով եւ սեռական ճանապարհով': Ի տարբերություն հակառետրովիրուսային պրեպարատի, որը հիվանդը ամեն օր պետք է ընդունի, 'Արմենիկումի' ընդունումը, մասնագետի խոսքերով՝ ամեն օր չէ: 'Հիվանդը 1 տարվա ընթացքում 4 ցիկլ է անցնում: Ներարկումներն արվում են օրումեջ, ինչի համար հիվանդը 1 շաբաթ պառկում է կլինիկայում: Հետո ընդմիջում ենք 2-3 շաբաթով: Երբեմն պատահում է՝ հաջորդ տարին կուրսը ընդունելու կարիք չի լինում'',- վստահեցրեց Հ. Իսրայելյանը: Մեզ հետ զրույցում 'Արմենիկում' կլինիկայի գլխավոր տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքերով էլ՝ օտարերկրացիներն էլ կարող են բուժում ստանալ իրենց կլինիկայում, սակայն պետպատվերի շրջանակներում միայն ՀՀ քաղաքացիները կարող են բուժվել: Իսկ թե ինչո՞ւ 'Արմենիկումի' մասին ուկրաինացիները տեղյակ չեն, այն դեպքում, երբ դեղը նաեւ այդ երկրում է գրանցված, պարոն Մելքոնյանն ասաց. 'Դեղն արդեն Ուկրաինայի որոշ կլինիկաներում օգտագործվում է: Ես դժվարանում եմ ասել, կոնկրետ որ կլինիկաներում, բայց ի՞նչ է պատահել, ցանկացողները կարող են հանգիստ գալ Հայաստան, մեր կլինիկա': Արդյո՞ք ցանկացած ՄԻԱՎ վարակակիր կարող է 'Արմենիկում' կլինիկայում բուժում ստանալ՝ մեր այս հարցին էլ գլխավոր բժիշկն ասաց. 'Մենք ծանոթանում ենք հիվանդության պատմությանը, հիվանդի տվյալներին, հետո, եթե կարիք է լինում, անգամ հեռախոսով զրուցում ենք նրանց հետ: Այս հիվանդությունը տարբեր շրջաններ ունի, պետք է ճշտենք՝ այդ շրջանում ցուցվա՞ծ է բուժումը, թե՞ ոչ: Այս բոլոր հարցերը անհատական է ամեն հիվանդի համար': Տնօրենը նշեց, որ դեղը գրանցված է նաեւ ՌԴ-ում, Զամբիայում, Կոնգոյում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ . «Առավոտ» 22-8-2009
No comments:
Post a Comment