Monday, August 24, 2009

Հայ-թուրքական բանակցությունները դադարեցված չեն. Իսկանդարյան

Tert.am 24-8-2009- Հայ-թուրքական բանակցությունները դադարեցված համարել չի կարելի: Անկարայի շահագրգռվածությունը բանակցությունների մեջ նույնպես գործընթաց է: Նման կարծիք այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ինձ թվում է, որ որոշ կտրուկ տեղաշարժեր կարող են տեղի ունենալ»,- ավելացրել է քաղաքագետը: Իսկանդարյանի խոսքով` Հայաստանի նախագահի սեպտեմբերյան այցը Թուրքիա, ամեն դեպքում, պետք է կայանա, իսկ հարաբերությունների զարգացման հավանականությունը բխում է Թուրքիայի դիրքորոշումից. «Հասկանալի է, որ Թուրքիան Հայաստանի համար ավելի կարևոր է, քան Հայաստանը Թուրքիայի»: Բացի այդ, Իսկանդարյանը նշել է, որ Թուրքիայում քննարկվում է հայկական հարցը, իսկ Հայաստանում Թուրքիայի վերաբերյալ քննարկումները դեռևս 4-5 տարի առաջ տեղի էին ունենում պատմության մակարդակով: «Թուրքիայում տարբեր տեսակետներ կան: Ոմանք կողմ են հանդես են գալիս հարաբերությունների կարգավորմանը, ոմանք համարում են, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը հարկավոր է այն Եվրոպային ցուցադրելու համար, իսկ ոմանք կարծում են, որ հարկավոր չէ հարաբերությունները զարգացնել, քանի դեռ Հայաստանն ինքը չի խնդրել»,- նշել է Իսկանդարյանը: Խոսելով Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների` հարաբերությունների կարգավորման հարցում ունեցած դերի մասին, փորձագետը նշել է, որ երկու երկրներում իրավիճակը տարբեր է: «Հայաստանում հարաբերությունները կարգավորելուն և սահմանները բացելուն դեմ արտահայտվող հասարակական և քաղաքական ուժեր կան: Այն դեպքում, երբ Թուրքիայում այդ հարցին դեմ են արտահայտվում երկրի պետական ապարատի ներկայացուցիչները»,- եզրափակել է քաղաքագետը:

No comments: