Monday, August 24, 2009

Սեռական ոտնձգությունը ներելի է, իսկ դրա մասին խոսելը՝ ո՞չ. մի քրգործի պատմությունից

Tert.am. 24-8-2009- Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի շուրջը բարձրացած աղմուկը ոչ միայն չի հանդարտվում, այլև ավելի է խորանում: Այսօր նրան առաջադրված մեղադրանքի շուրջ խոսելու ու լրագրողներին գործի մանրամասները ներկայացնելու համար «Ուրբաթ» մամուլի ակումբում ասուլիս էին հրավիրել Մարիամ Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը, գործին առնչվող տեսանյութերի հեղինակ, լրագրող Սյուզան Սիմոնյանը, Սուխուդյանի ընկերները: Շահադիտական դրդումներով սուտ մատնության մեջ մեղադրվող Մարիամ Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը, ներկայացնելով գործի էությունը, հայտարարել է. «Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է և չի բխում գործի իրական հանգամանքներից»: Ինչպես հայտնի է, երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ու իր ընկերները Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում են հայտնվել ՄԱԿ-ի ֆինանասավորմամբ իրականացվող «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընթացքում աշխատանքային խմբին, մասնավորապես, խմբի ղեկավար Մարիամ Սուխուդյանին դպրոցի աշակերտները պատմել են, որ իրենց դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լ. Ավագյանն իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել: Փաստի մասին բարձրաձայնել է Մարիամ Սուխուդյանը, իսկ «Հայլուրի» լրագրող Սյուզան Սիմոնյանը տեսանյութեր է պատրաստել ու հեռարձակել Հ1-ի եթերով: Խնդրի բարձրաձայնումից մեկ տարի անց միայն քրեական գործ է հարուցվել, սակայն ոչ թե սեռական ոտնձգություն կատարած անձի, այլ խնդրի մասին բարձրաձայնող Մարիամ Սուխուդյանի դեմ՝ սկզբից զրպարտության, հետո՝ շահադիտական դրդումներով սուտ մատնության համար մեղադրանքով: Ի դեպ, որ ուսուցիչը նման արարք է կատարել, փաստել են երկու աշակերտներ, որոնց խոսքից պատրաստված տեսանյութերն էլ հեռարձակվել են հեռուստատեսությամբ: Առաջին աշակերտը ճնշման տակ հրաժարվել է իր պատմածից, մինչդեռ երկրորդ աշակերտուհին պնդել է իր ասածը ոչ միայն Էրեբունու քննչական բաժնում ցուցմունքներ տալիս, այլև տխրահռչակ ուսուցչի հետ առերեսման ժամանակ: Այսօր թե Սուխուդյանի շահերի պաշտպանը, թե դեպքին առնչված Սյուզան Սիմոնյանն ու մեկ այլ լրագրող «Հետք»-ից՝ Լենա Նազարյանը, հայտարարել են, որ ուսուցչի կողմից սեռական ոտնձգություններ կատարվել են Նուբարաշենի դպրոցի աշակերտների նկատմամբ, և լրագրողների արձագանքը դեպքի վերաբերյալ չի արվել Սուխուդյանի կամ որևէ մեկի խնդրանքով: Ասուլիսը հրավիրողները զարմացած են ապօրինություններով ուղեկցվող գործի նախաքննությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ քրգործի հիմքում առաջին աշակերտի պատմածն է: Այսինքն, գործի հիմքում այն աշակերտի խոսքն է, որը ճնշման տակ հրաժարվել է իր պատմածներից: Մինչդեռ երկրորդ աշակերտի պատմածը, որը նաև պնդել է իր ասածը ոստիկանությունում, որևէ իրավական գնահատականի չի արժանացել: Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը հայտարարել է, թե իրենց նպատակն այս գործով ճշմարտությանը հասնելն ու իրականությունն ամբողջությամբ բացահայտելն է: Ի դեպ, Մարիամ Սուխուդյանի նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությամբ քաղաքից չհեռանալը:

No comments: