
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի կողմից օրերս չեղյալ է հայտարարվել Օսմանյան Կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հարազատների կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում կատարելու մասին օրենքը: Դատարանի որոշման մասին այսօրվա մամուլի ասուլիսում մեկնաբանություններ հնչեցրեց և իր ունեցած տեղեկությունները ներկայացրեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Բանախոսն ասաց, որ ըստ իր տեղեկությունների Կալիֆոռնիայի դատարանի երկու դատավորներ են կողմ եղել որոշմանը, երրորդ դատավորը, ով և նախագահողն է եղել, դեմ էր: «Սա մենք կարող ենք դիտարկել նաև հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի քաղաքականացման փորձ, որը տեղի է ունենում դատական համակարգի ներկայացուցչի կողմից»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը: Այս որոշումը, թուրքագետի համոզմամբ, պայմանավորված չէ ամերիկյան քաղաքականության դրսևորումներով: Սակայն լրագրողների հետ հանդիպմանը, թուրքագետը նկատեց, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի դիրքորոշումը այժմ փոքր-ինչ այլ է: Ըստ նրա, այդ դիրքորոշման մասին են խոսում Մինսկի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի անպատասխանատու հայտարարությունները, ինչպես նաև ԱՄՆ-ը նախագահի` մուսուլմանական աշխարհի հետ մերձենալու որոշումը: «Սա իհարկ» պատմություն չէ, սա մեր պայքարի ցավալի դրվագներից մեկն է: Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ում արդարությունը կհաղթանակի»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը: Նախորդող նորություն` 1915-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու մասին օրենքը Կալիֆոռնիայի դատարանը չեղյալ է հայտարարել
Աղբյուր` Panorama.am, 24-8-2009
No comments:
Post a Comment