Monday, August 31, 2009

Սենատոր Քենեդին անուրանալի ներդրում է ունեցել ղարաբաղյան հակամարտության

Կյանքի 77-րդ տարում՝ օգոստոսի 26-ին իր մահկանացուն կնքած ԱՄՆ սենատոր Էդվարդ Մուր «Թեդի» Քենեդիի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝ Առլինգտոնի ազգային գերեզմանատանը, իր լեգենդար եղբայրների՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եւ արդարադատության նախարար Ռոբերտ Քենեդիի կողքին: Էդվարդ Քենեդին Հայոց ցեղասպանության ճանաչման առաջամարտիկներից մեկն էր, ԱՄՆ-ի Սենատի հայկական խմբի ամենաերկարակյաց անդամը: «Մենք հավատում ենք, եւ դարասկզբի մեր դիվանագետների հաղորդումներից էլ պարզ է դառնում, որ «ցեղասպանություն» բառը ճիշտ այն է, որով պետք է բնութագրել այդ իրադարձությունները: Օսմանյան կայսրությունում մեր դեսպան Հենրի Մորգենթաուն այդ դեպքերը բնութագրել էր որպես ռասսայական բնաջնջում»,- խոսելով դարասկզբի ողբերգության մասին՝ նշել էր Քենեդին, որ մշտապես ու ակտիվորեն մասնակցում էր հայամետ օրինագծերի ու բանաձեւերի քննարկումներին, ակտիվորեն լոբբինգ անում դրանց ընդունման համար, նամակներով դիմում ԱՄՆ նախագահներին՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Շանթ» հեռուստաընկերությունը, «Թեդի» Քենեդին միակն էր, որ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիսա Ռայսից պարզաբանումներ պահանջեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետկանչի վերաբերյալ: «Որդիս մի քանի րոպե առաջ խոսելիս ինձ հիշեցրեց, որ եթե ԱՄՆ-ն ուշադրություն դարձներ դարասկզբի ցեղասպանությանը, ապա գուցե չունենայինք մենք երկրորդ աշխարհամարտի ողբերգությունները, եթե ուշադրություն դարձվեր այդ ոճրագործությանը, ապա գուցե չլինեին Կոսովոյի դեպքերը»,- ժամանակին մի առիթով հայտարարել էր հայամետ սենատորը: Քենեդին անուրանալի ներդրում է ունեցել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դեռ 1991թ. ԱՄՆ Սենատի ամբիոնից նա ամերիկյան պաշտոնյաներին ներկայացրեց ողջ իրականությունը: «1988 թ-ից աշխարհը ականատես է լինում Ադրբեջանի կողմից հակահայկական բռնությունների, որոնց ընթացքում հարյուրավոր հայեր են զոհվում եւ ավելի քան 300 հազար մարդ ստիպված է եղել թողնել հեռանալ ու փախստական դառնալ: Վերջին հարձակումները նոր ողբերգություն եւ տառապանք են բերել հայ ժողովրդին»,- նշել էր հայամետ սենատորը: Օգոստոսի 31-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը սգո մատյան է բացվելու ի հիշատակ սենատոր Քենեդիի:

No comments: