Tuesday, August 25, 2009

Թուրքիան որոշել է հաճոյանալ բոլորին. փորձագետ

Tert.am 24-8-2009- Թուրքիան կայսերական անցյալ ունեցող երկիր է և իր բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Տարածաշրջանում կարևոր խաղորդ դառնալու Թուրքիայի ցանկության համատեքստում, քաղաքագետի կարծիքով, կարևոր է արտգործնախարար Դավութօղլուի նախաձեռնած քաղաքականությունը, համաձայն որի Թուրքիան պետք է զրոյացնի հարևանների հետ խնդիրները: «Դա, սակայն, Թուրքիայի համար շատ դժվար կլինի»,- նշել է Իսկանդարյանը: Խոսելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցի մասին, Իսկանդարյանը մատնանշել է «թուրքական գազային կոմպլեմենտարիզմը» և ընդգծել, որ Անկարան փորձում է փոխել իր դիրքը տարածաշրջանում: Դա սկսվել է դեռևս մինչև Դավութօղլուի` Թուրքիայի արտգործնախարար դառնալը»: «Թվում է՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում Նաբուկոյի շուրջ, վկայում է այն մասին, որ Թուրքիան ցանկանում է գազային հանգույց դառնալ մի կողմից Եվրոպայի, մյուս կողմից՝ Ռուասատնի և Միջին Ասիայի միջև,- հայտարարել է քաղաքագետը` նշելով, որ դա ոչ միայն տնտեսագիտություն է, այլ նաև քաղաքականություն, -Քաղաքականություն, որը փորձում է իրականացնել Թուրքիայի ղեկավարությունը. խաղալ թե՝ ամերիկյան, թե՝ ռուսական, թե՝ եվրոպական և թե արևելյան դաշտերում»: Հայաստանը, Իսկանդարյանի խոսքերով, նույնպես այդ քաղաքականության մեջ տեղ ունի, չնայած ոչ այնքան գլխավոր:

No comments: