Monday, September 21, 2009

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հայաստանի տարանցիկ հնարավորություններն ըստ միջազգային իրավունքի «Լրագիր» 21-9-2009- Հայաստանի Հանրապետության իշխանությունները տխրահռչակ զույգ արձանագրությունները ստորագրելու, ապաև վավերացնելու համար, որպես հիմնական կռվան են վկայակոչում Հայաստանն ապաշրջափակելու անհրաժեշտությունը: Չկիսելով, այսպես կոչված, հայ -թուրքական սահմանի բացման կապակցությամբ ծփացող հրճվանքը, միանգամայն օրինաչափ եմ համարում Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս ձգտումը: Այսուհանդերձ, ընտրած ուղին ճիշտ չէ, քանի որ եթե Թուրքիան սահմանը բացի ոչ որպես միջազգային պարտավորություն, այլ որպես բարեհաճություն, ապա այն կարող է փակել ցանկացած պահի, ցանկացած մտացածին պատրվակով: Ընդսմին, Թուրքիան պատրաստակամություն է հայտնել “բացել ընդհանուր սահմանը” Հայաստանի իր տարածքային իրավունքից հրաժարվելու, ցեղասպանությունը հարցականի տակ դնելու և մի շարք այլ անընդունելի զիջումների դիմաց: Դա չարդարացված բարձր գին է և ավելի շատ նման է պատանդների համար վճարվող փրկագնի, քանի իրավահավասար երկրների բանակցված համաձայնության: Արդ, անհրաժեշտ է պատասխանել մի կարևոր հարցի` արդյո՞ք Հայաստանի իշխանությունները սպառել էին նշյալ սահմանը բացել տալու, ավելի ճիշտ, Հայաստանն ապաշրջափակելու, բոլոր հնարավորությունները, որ այսօր դրա համար պատրաստ է վճարել մեր անցյալով և ապագայով: Նախ նշեմ, որ Թուրքիայի Հանրապետությունը 1993թ.-ի հուլիսից առ այսօր Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացնում է պատերազմական միջոցառում (War Measure) (1), քանի որ միջազգային իրա¬վունքը շրջափակումը դիտարկում է որպես այդպիսին£ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը միանշանակորեն միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է: Ըստ այդմ, միջազգային իրավունքը, մասնավորապես նրա մի շարք կարևորագույն փաստաթղթեր, Հայաստանն ապաշրջափակելու համար տալիս է բազմաթիվ լծակներ: Միջազգային իրավունքի այդպիսի փաստաթղթերից այստեղ անդրադառնանք միայն մեկ փաստաթղթի (2): Թուրքիայի Հանրապետությունը 1969թ. մայիսի 25-ին միացել է Ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի կոնվենցիային (Նյու Յորք, 8 հուլիսի, 1965թ.) (Convention on Transit Trade of Land-locked States): Սույն կոնվենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ “ծով ելք չունեցող երկրներից յուրաքանչյուրի համար դեպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առևտրի ընդլայնման և տնտեսական զարգացման համար” (Principle I. The recognition of the right of each land-locked State of free access to the sea is an essential principle for the expansion of international trade and economic development): Նույն կոնվենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակորեն ճանաչում է անծով երկրների դեպի ծով ազատ ելքի իրավունքը. “Որպեսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հավասարապես օգտվեն ծովերի ազատությունից, նրանք պետք է ունենան ազատ ելք դեպի ծով” (Principle III. In order to enjoy the freedom of the seas on equal terms with coastal States, States having no sea coast should have free access to the sea): Ավելին, նշյալ կոնվենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամո¬րեն պնդում է, որ “տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձվի որևէ մաքս”: Իսկ “տարանցիկ փոխադրումներն իրականացնող տրանսպորտային միջոցները չպիտի վճարեն հատուկ տուրքեր կամ ենթարկվեն գանձումների, որոնք ավելի բարձր են, քան վճա¬րում են տարանցիկ երկրի տրանսպորտային միջոցներ” (Goods in transit should not be subject to any customs duty. Means of transport in transit should not be subject to special taxes or charges higher than those levied for the use of means of transport of the transit country): Վերոհիշյալ սկզբունքներն ամրագրված են նշյալ կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներում: Հոդված 2-րդի 1-ին կետը նշում է. “Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների, ազատ տարանց¬ման իրավունք պետք է տրվի փոխադրումներին և տրանսպորտի միջոցներին: (…) Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների, ոչ մի խտրականություն չպիտի դրվի ապրանքների ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգա¬մանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, ցամաքային փոխադրամիջոցներին կամ տրանսպորտի այլ օգտագործվող միջոցներին” (Article 2, Freedom of transit, 1. Freedom of transit shall be granted under the terms of this Con¬vention for traffic in transit and means of transport. (…) Consistent with the terms of this Convention, no discrimination shall be exercised which is ba¬sed on the place of origin, departure, entry, exit or destination or on any cir¬cumstances relating to the ownership of the goods or the ownership, place of registration or flag of vessels, land vehicles or other means of transport used): Սույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը վերաբերում է մաքսատուրքերին և տարանցման գանձումներին. “Տարանցիկ փոխադրումները տարանցման երկրի իշխանությունների կողմից չպիտի ենթարկվեն մաքսատուրքերի, որևէ ներմուծման կամ արտահանման հարկերի վճար¬ման, կամ տարանցմանն առնչվող որևէ այլ հատուկ գանձման” (Article 3: Cus¬toms duties & special transit dues, Traffic in transit shall not be subjected by any authority within the transit State to cus¬toms duties or taxes chargeable by reason of importation or exportation nor to any special dues in respect of transit): Հայաստանի Հանրապետությունը, ինչքան էլ տարօրինակ է, առ այսօր չի միացել Ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի կոնվենցիային (Con¬vention on Transit Trade of Land-locked States): Կարծում եմ զույգ տխրահռչակ արձանագրությունները ստորագրելու փոխարեն առաջին հերթին անհրաժեշտ է միանալ Ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի կոնվեն¬ցիային և առդիր փաստաթղթերին: Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ընդհանուր համաժողովի ուշադրության հրավիրումը Թուրքիա¬յի կողմից վերոհիշյալ կոնվենցիայից բխող միջազգային պարտավորությունների հետևողական չկա¬տարման, հետևաբար միջազգային իրավունքի ակնհայտ, կոպիտ, բազմակի ու չարամիտ խախտումների վրա, լուրջ կռվան է Հայաս¬տանի Հանրապետությունն ապաշրջափակելու քաղաքական գործընթացում: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը քանի դեռ չի սպառել Հայաստանն ապաշրջափակելու միջազգային իրավունքով իրեն վերապահված բոլոր հնարավորությունները, իրավունք չունի ստորագրելու զույգ տխրահռչակ արձանագրությունները: Սպիտակ դրոշ մենք միշտ էլ կհասցնենք պարզել: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 19 սեպտեմբերի 2009թ. 1. Jack C. Plano, Roy Oltan, The International Relations Dictionary, Santa Barbara, 1988, p. 194. 2. Խնդրո առարկան ավելի հանգամանալից քննության է առնված Արա Պապյանի Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակումը որպես միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում հոդվածում, Ազգ, 3 ապրիլի 2007թ.

No comments: