Monday, September 21, 2009

Ստամբուլյան մատուցողի «դիվանագիտության դասը» հայերին

Tert.am- 19-9-2009- Թուրքիայի հետ սահմանի բացումը թարմ օդ է Հայաստանի և վերջինիս տնտեսության համար։ Այս կարգի եզրահանգումներով մեզ հետ շտապեց կիսվել Ստամբուլի կենտրոնում գտնվող ձկան անթիվ ռեստորաններից մեկի մատուցողը։ Այսպես նա արձագանքեց՝ իմանալով, որ սպասարկում է Հայաստանից ժամանած այցելուների։ «Ալբանիա, Ալեմանիա»,- Ահմեթը մեզ միանգամից չհասկացավ։ «Էրմենիստան»,- բացատրեցինք մենք՝ սադրելով կրթված մատուցողին երկար մենախոսության: Օսմանյան թուրքերի որդի Ահմեթը տեղափոխվել է Ստամբուլ Բուլղարիայից։ Նա 40-ին մոտ տղամարդ է՝ բարակ շրջանակով ակնոցներ, ճաղատ գլուխ, զսպված շարժուձևը նրան նմանեցնում էր կրթության նախարարության չինովնիկի, ում ուղարկում են «բարդ» մամուլի ասուլիսների։ Ահմեթը չի սիրում ֆուտբոլ, ինչպես գրեթե բոլորն այս երկրում, այլ ավելի հետաքրքրված է տնտեսությամբ և «որպես հետևանք՝ քաղաքականությամբ»։ Հենց այդ սկզբունքով էլ ընտրում է, թե ինչ ընթերցի՝ անտեսելով «լայն տարածում ունեցող, կեղտոտ ԶԼՄ-ները»։ «Հասկանալի է, որ Թուրքիան շահագրգռված չէ հարաբերությունները բարելավել, իսկ փոքր շրջափակված Հայաստանի համար դա իսկական փրկություն է։ Սովորական թուրքերը հեռու են այդ գործընթացից։ Դա նրանց հարկավոր չէ։ Ինչպես նաև ղեկավարությանը։ Այդ ամենը պարտադրվում է Միացյալ Նահանգների կողմից, որը գտնվում է ձեր լոբբիի ճնշման տակ»,- նշում է Ահմեթը՝ նրբանկատորեն հեռանալով և մեձ ժամանակ տալով, որպեսզի վերջապես հասկանանք, թե ինչ ենք ուտելու՝ մեզ մատուցված «ծովային հրեշը» ախորժալի տեսք ունի։ Զարմանալի մատուցողը, վերադառնալով յուղի մեջ տապակվող ծովախեցգետինների ափսեն ձեռքին, հեռվից սկսեց. «Ժամանակին թուրքական կառավարությունը որոշել էր հսկայական հարկ սահմանել այստեղ ապրող ոչ թուրքերի վրա։ Այդ իսկ պատճառով հրեաները, բուլղարացիները, հայերը և հույները սկսեցին հեռանալ Թուրքիայից։ Իշխանությունները ցանկանում էին, որպեսզի այստեղ միայն թուրքեր ապրեն»։ - Ի՞նչ ժամանակաշրջանի մասին է խոսքը գնում։ - Սկսած 1915 թվականից։ Հայերը, ըստ բուլղարացի թուրքի, լքում էին «անբարենպաստ Թուրքիան և մեկնում առաջադեմ Ֆրանսիա, ԱՄՆ, որտեղ ավելի լավ են ապրում, քան նույն Հայաստանում կամ Թուրքիայում»։ Այսօր, ըստ Ահմեթի, զարգացած երկրներում բնակվող հայերը մտածում են, թե ինչպես կարելի է Թուրքիային վատություն անել։ «Նրանց չեն հուզում Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները։ Անհրաժեշտ է, որպեսզի սփյուռքահայությունը և Հայաստանի ղեկավարությունը միասնաբար գործեն»։ Նկատելով, որ մեզ հոգեհարազատ է ներկա պահին բացակայող, սակայն այստեղ ավանդաբար մատուցման ժամանակ ընդունված քաղցրմեղցր հյուրասիրությունը, Ահմեթը շտապեց շարադրել իր մտքերը ավելի մեծ վստահությամբ։ Միևնույն ժամանակ, նրան հաջողվում էր, բողոքելով երկրում խոսքի ազատության սահմանափակումից, պատմել «այս պետությանն այդքան անհրաժեշտ ուժեղ ձեռքի մասին»։ Ճաշն ավարտված էր, և զրույցը շարունակվեց ռեստորանի մուտքի մոտ։ Չսպասելով, թե ուր կհասցնի բուլղարացի թուրքի մտորումների շարանը, մենք հետաքրքրվեցինք նրա քաղաքական և փիլիսոփայական նախասիրություններով։ «Ես ավելի շուտ սոցիալիստ եմ և տեսնում եմ Թուրքիայի ապագան Ռուսաստանի հետ դաշինքում»։ Հենց այդ ժամանակ էր, երբ մեր փխրուն լրագրողական նյարդերն այլևս չդիմացան... չնայած Ահմեթն էլ շտապեց միանալ իր գործընկերներին նոր զբոսաշրջիկներին ողջունելու համար։

No comments: