
News.am. 19-9-2009- «Թուրքական կողմը տեղեկացված է եւ, վստահ ենք՝ գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները՝ հայ-թուրքական մերձեցման, ղարաբաղյան խնդրի եւ հայկական սփյուռքի վերաբերյալ:
«Փորձելով կապել այդ երկու գործընթացները` կարելի է ձախողել թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- նկատել է հայ նախարարը։
«Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։ Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել եւ վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում»,- հայտարարել է Նալբանդյանը:
«Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին եւ նպատակներին հակառակ»,- հատուկ ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ հավելել. «Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը եւ նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է։ Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները` առաջ գնալու համար»։
«Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց զավակների հանդեպ»,- ամփոփել է Հայաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ Ռամադանի առթիվ կազմակերպված տոնական ճաշին, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել էր նաեւ Հայաստանի հետ հարաբերություններին, մասնավորապես ասելով. «Քանի դեռ չի հաղթահարվել ղարաբաղյան հակամարտությունը, մենք սահմանը չենք բացելու: Այդ մասին մենք նրանց ասել ենք: Ալիեւ-Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումները հաճախակիացել են: Մենք այսօր շատ մոտ ենք Ղարաբաղի հարցի լուծմանը: Մինսկի խմբի աշխատանքը պետք է արդյունավետ դառնա: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ սկսվել է Շվեյցարիայի միջնորդությամբ, առաջ է ընթանում, սակայն Մինսկի խումբը պետք է արագացնի իր աշխատանքը: Առանց այդ հարցի կարգավորման, մենք ոչ մի քայլ չենք անի: Անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանն ազատվի Սփյուռքի ազդեցությունից: Սփյուռքից Հայաստանը որեւէ օգուտ չունի»:
No comments:
Post a Comment