Tuesday, September 29, 2009

Տիգրան Դավթյան. «Հայաստանը հասել է տնտեսական անկման ամենացածր կետին»

News.am.29-9-2009- Հայաստանը հասել է տնտեսական անկման ամենացածր կետին եւ դա է պատճառը, որ 7 ամսվա տվյալներով 18,5 տոկոսանոց անկումից հետո առաջին անգամ գրանցվել է 0,1 տոկոսի աճ եւ 8 ամսվա տվյալներով ՀՆԱ անկումը կազմել է 18,4 տոկոս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ով ներկայացրեց 2010 թվականի բյուջեի նախագիծը, որը կառավարության կողմից հաստատվել է երեկ: Նրա ներկայացմամբ, 2010 թվականի պետական բյուջեի նախագծով բյուջեի եկամուտները կազմելու են 676,6 միլիարդ դրամ (մոտ 1,8 միլիարդ դոլար), ծախսերը` 859,6 միլիարդ դրամ (մոտ 2,2 միլիարդ դոլար) եւ դեֆիցիտը` 183 միլիարդ դրամ (481 միլիոն դոլար): Ըստ այդմ, 2010 թվականին ՀՀ տնտեսությունը գրանցելու է 1,2 տոկոս աճ: «Հուսով եմ, որ այս ամսվանից կսկսվի դանդաղ, բայց կայուն տնտեսական աճ, թեեւ դա կլինի ցավագին ու դժվար»,- ասաց նա ընդգծելով, որ դրա արդյունքում տարվա վերջին 18,5 տոկոսանոց անկումը կնվազեցվի մինչեւ 15 տոկոսի: «Իհարկե, իրականությունը միշտ էլ տարբերվում է կանխատեսումներից, բայց կարծում եմ, որ մեր կանխատեսումը մոտ է իրականությանը»,- ասաց Տ. Դավթյանը: Ֆինանսների նախարարը նշեց նաեւ, որ կառավարությանը հաջողվեց դրսից վարկային միջոցներ ներգրավելով՝ պահպանել 2009 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի մակարդակը: Մասնավորապես 945 միլիարդ դրամի ծախսերից տարվա վերջում կատարված կլինեն 900-910 միլիարդը, իսկ մնացածը, որոնք «տնտեսության վրա էական նշանակություն չունեն»` չեն կատարվի: Կկատարվեն հատկապես սոցիալական ուղղվածության եւ տնտեսությունը խթանելուն ուղղված ծախսերը: 2009 թվականի բյուջեն, ըստ նրա, հնարավոր եղավ կատարել ինչպես դրսից ներգրավված վարկային միջոցների հաշվին, որին օժանդակեց նաեւ այն, որ բյուջեի դեֆիցիտը ԱԺ-ն թույլ տվեց հասցնել ՀՆԱ-ի 7,5 տոկոսին: Ի դեպ, եթե 2009-ին բյուջեի դեֆիցիտը կազմելու է 6,5-7 տոկոս, ապա 2010-ին նախատեսված է ու այն կլինի 5,7 տոկոս: «Ամեն ինչի համար պետք է վճարել: Դրսից ներգրավված միջոցները պետք է սպասարկել, դրա համար 2010 թվականին պետք է լինենք ավելի զգուշավոր եւ պահպանողական: Հենց դրանով է պայմանավորված, որ բյուջեի դեֆիցիտը ցանկանում ենք աստիճանաբար` տարեց տարի նվազեցնել եւ հասցնել նախաճգնաժմային մակարդակին»,- նշեց Տ. Դավթյանը, ընդգծելով, որ սովորաբար Հայաստանում այն եղել ե մինչեւ 3 տոկոսի սահմանում:

No comments: