Wednesday, September 2, 2009

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ£Անցած տասնութ տարիները վերահաստատեցին 1991 թվականին ընդունված պատմական որոշման աներկբայությունը Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ որ ամենակարեւորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով: Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության եւ ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ եւ արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայությունը բոլոր այս տարիներին եղել եւ միշտ մնալու են Արցախի հուսալի թիկունքը: Հավաստիացնում եմ բոլոր արցախցիներին եւ ողջ հայությանը, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման որեւէ լուծում լինելու է առաջին հերթին Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ եւ ազատ կամարտահայտմամբ: Սիրելի° արցախցիներ, Այս տոնի համար մենք առաջին հերթին պարտական ենք նրանց, ովքեր անմահացան` իրենց կյանքը դնելով հայրենիքի եւ ազատության զոհասեղանին: Գլուխ խոնարհելով նրանց շիրիմների առջեւ` կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բարօրություն, երջանկություն եւ ոգու արիություն: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ ՙՍիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հայ ժողովրդի ձեռքբերումները խորհրդանշող ամենանշանակալից տոներից մեկի` ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ: Գլուխ խոնարհելով Արցախի անկախության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների հիշատակի առջև` առավել պարտավորված պետք է լինենք և գիտակցենք, որ շարունակական միասնականությունն է լինելու մեր ժողովրդի խաղաղ ապրելու, արարելու և նորանոր հաջողություններ արձանագրելու հիմնական գրավականը: Անկախ ապրելու իրավունք վաստակած արցախահայությանը և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ երջանկություն, ուժ և կորով, իսկ Արցախի պաշտպանության, նրա հզորացման ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացման համազգային նպատակների իրականացման գործում` մեզ բոլորիս միասնական կամք ու նպատակադրում՚:

No comments: