Saturday, September 12, 2009

«Պետք է լուծարել ԱԺ-ն` հայ-թուրքական փաստաթղթերի վավերացումը հետաձգելու համար»

«ՀԵՏՔ» 11-9-2009- «Թուրքիայի պահանջով է մտցվել այն կետը, որ այս փաստաթղթերի ստորագրությունից հետո պետք է մտնեն խորհրդարան հաստատման համար: Միջազգային պրակտիկայում դիվանագիտական հարաբերություններում Սահմանադրությամբ լիազորությունը տրված է նախագահին, սակայն Թուրքիայի նախագահը մտցրել է այդ կետը, որովհետեւ Թուրքիայի խորհրդարանը իր գործադիր իշխանությանը ճկունություն ունենալու հնարավորություն է տալիս»,- հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնում ՀՀՇ վարչության անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով` միջազգային հանրությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիայի խորհրդարանը ընդունում է որպես թուրք ժողովրդի կարծիքն արտահայտող անկախ մարմին: «Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանում փորձի օգտագործել այս նույն լծակը, աշխարհում չկա մի լուրջ մարդ, որը չիմանա, որ դա խաղ է, քանի որ այս Ազգային ժողովը Սերժ Սարգսյանի գրպանում դրված է»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Հովհաննես Իգիթյանը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ փաստաթղթերն ԱԺ-ում վավերացնելու հարցն ընդգրկվել է արձանագրությունում` հաշվի առնելով դրա կարեւորությունը հայ եւ թուրք ժողովուրդների համար: «Միացյալ Նահանգները երբեք չի ճնշի լեգիտիմ նախագահին, քանի որ նա ոչ թե անձ է, այլ ժողովուրդ է ներկայացնում, բայց Սերժ Սարգսյանն ընկալվում է որպես անձ, դիկտատոր եւ ռեժիմ»,- ասում է Հովհաննես Իգիթյանը եւ առաջարկում նախ լուծարել Ազգային ժողովը, ապա նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել: «Պրոցեսը գնում է, եւ այն հնարավոր չէ կանգնեցնել, մենք կարող ենք այն միայն հետաձգել, եթե մենք լուծարենք խորհրդարանը, գոնե ժամանակ կունենանք հայ-թուրքական փաստաթղթերի վավերացման ժամանակը հետաձգելու համար»,- ասում է Հովհաննես Իգիթյանը: ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով` Թուրքիան տարածաշրջանում խաղաղության կարգավորումը պատկերացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցի լուծման հետ` ի օգուտ Ադրբեջանի: «Թուրք պաշտոնյաները մշտապես հայտարարում են այդ մասին»: Ռաֆիկ Պետրոսյանն էլ ասաց, որ Հանրապետական կուսակցությունում եւս որոշակի մտավախություններ կան, որ Թուրքիան առաջ կքաշի ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցը. «Սակայն նախաստորագրված արձանագրություններում նման կետ չկա»:

No comments: