Tuesday, September 15, 2009

«Ինեսսա»

Պատմություն, որ անպայման պիտի կարդալ Քանի օր աոաջ, ընկերներիցս մեկը առաջարկեց վերցնել Կոլյա Տեր-Հովհաննիսյանի «Ինեսսա» վիպակը եւ ընթերցել, ինչ թաքցնեմ մեղքս, չկամությամբ վերցրի այն… Ուշ երեկո էր երբ տուն վերադարձա: «Ժորա»-ի նման տեղավորվեցի բազկաթոռի վրա եւ սկսեցի կարդալ «Ինեսսա»-ն: Չէ, չէ, սկսեցի կլանվել ու հետո մոռացա, որ գիրք եմ կարդում: Ինձ թվաց, թե կինո եմ նայում, կամ ավելի ճիշտը՝ խաղում: Բայց գիտեք ո՞րն է լավը, երբեմն ֆիլմ նայելիս, նամանավանդ եթե հեռուստասերիա ես նայում, անհամ տեղից ընդհատվում է սերիան ու դու պիտի մի քանի օր սպասես մինչեւ հաջորդ բաժինը դիտես, էն էլ եթե մինչեւ էն ժամանակ հավեսը մնա, թե չէ կարողա մոռանաս կամ էլ Թեհրանի ժխոր երթեւեկության մեջ փակվես ու տեղ չհասնես ժամանակին կամ էլ նայելու մոլուցքը կորցնելու պատճառով ասես՝ դե լավ, հետո կնայեմ կրկնությունը կամ էլ ուրիշներից կիմանամ շարունակության մասին եւ այդպես էլ քեզ չի հաջողվում, որ ֆիլմի շարունակությունը դիտես, իսկ գիրքը այդպես չէ, ցանկացած պահի կարող ես վերադառնալ նրան, այն կարդալիս ոչինչ քեզ չի կարող խանգարել եւ եթե ուշ գիշերվան աչքերդ չկսկծան ինչքան ուզես կարող ես նայել նրան՝ կարդալ: Եվ ես սկսեցի ապրել «Ժորա»-ի հետ, մեկ ասում եմ երանի «Ժորա»-ն չգնար Ինեսսայի ատամնաբուժական կիլինիկան, հետո էլ ինքս ինձ պատասխանում՝ այդ դեպքում բա էս խեղճ ու կրակ Կոլյա Տեր-Հովհաննիսյանն ինչ գրեր: Հետո էլ ինքս ինձ կռվում, ասում եմ՝ թէ այ տղա մարդն էսքան սիրուն պատմություն է գրել, էսքան սիրուն շաբիկով զարդարել, կազմել ա, պարզ տառատեսակ էլ ընտրել ա, որ էդ քան հեշտ ու հանգիստ ընթերցվում ա, պատմությունդ կարդա, էլ քեզ ինչ մնացածը: Բայց, ինչ արած, չեմ կարողանում հոգ չտանել պատմության հերոսի մասին եւ այսպես խորասուզվելով պատմության մեջ կարդում եմ ու առաջ գնում: Տեսնում եմ «Ժորա»-ին, թե ինչպես է թափ առել ու թռնում «Ինեսսա»-ի հետ երջանկությունը զգալով իր մարմնի ամբողջ բջիջներով եւ տեսնում եմ նաեւ թե ինչպես թեւաթափ եղավ երբ «Ինեսսան» իրեն թողած կապվեց էն շվեդացու հետ, խղճացի ու հուզվեցի բայց հիմա, երբ կարդացել, պրծել եմ պատմությունը նոր եմ գլխի ընկել, որ դու՝ Կոլյա Տեր-Հովհաննիսյան, շատ դաժան ես: Էտ ինչ օրը գցիր խեղճ մարդուն, էտ ինչ բերիր նրա գլխին. Էտ ինչ արիր էն խեղճ աղջկա հետ, միթե մի հայ գրող, էն էլ քո նման կարգին մարդը, մի հայ աղջկա հետ էտպես կվարվի, էլ չասեմ էն «Սոֆի»-ի մասին, որ խեղճը կարօտ մեռավ սպասելուց եւ ընդամենը իրեն բաժին հասավ ուշացած «Ժորան»: Էտ էլ բանա, որ դու արեցիր, մարդը գնալուց հրաժարված իր վաղեմի սիրուհուն գրկած լաց ա լինում իր կամ էլ քո ճակատագրի համար այդ տեղ էլ չխղճացիր, իրեն մի քանի րոպէ հանգիստ ու մենություն չշնորհելով եւ վռազ իրենց գլխին հասցրիր չափահաս տղային: Մտածում եմ խորասուզված պատմության մեջ ու ասում շատ անխիղճ ես Կոլյա: Բայց մէկ էլ զգաստանում եմ ու ինքս ինձ ասում՝ այ տղա գիրքդ կարդա քեզ ինչ միթե՞ դու ես գրել էն մարդն ա գրել էտպեսա ցանկացել ու մէկ էլ թէ կարելի է իրականության հետ խառն հեքիաթները իդեալական դարձնելով իրականությունները դառնությունը մեղմացնել միթե կարելի է անտեսել այն բոլոր իրականությունները, որոնցով ապրում է մեր ժողովուրդը սփռված ամբողջ աշխարհի տարածքով: Ներեցեք պրն. Կոլյա Տեր-Հովհաննիսյան, մի քանի վայրկյան զրույցս ընդհատելու համար: Իսկ Ձեզ՝ սիրելի ընթերցող ասեմ, որ եթե սպասում եք այս մի քանի տողից իմանալ ով է «Ինեսսան», կամ ով է «Ժորան» քավ լիցի, էտ իմ գործը չէ, իսկ եթե դեռ չեք կարդացել «Ինեսսա»-ն, ասեմ, որ շատ բան ես կորցրել: Ես կոչ եմ անում բոլորին, բոլոր բոլորին, որ անպայման հայթայթեն Կոլյա Տեր-Հովհաննիսյանի «Ինեսսա» վիպակը եւ կարդան: Եվ Ձեզ, սիրելի պրն. Կոլյա Տեր-Հովահննիսյան մաղթում եմ նորանոր եւ առավել հաջողություններ: Տա Աստված, որ երկար ու ձիգ տարիներ վայելենք Ձեր գրչի թռիչքը: Ժոզեֆ Ամիրյան «ԱՐԱՔՍ» Շաբաթաթերթ, թիվ 193

No comments: