Tuesday, September 15, 2009

ԴԱՐՁՅԱԼ ՕՐԱԿԱՐԳԻ ՎՐԱ է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ

«Պատմությունն ինձ միայն այն է սովորեցնում, որ ոչ ոք պատմությունից դաս չառավ»: Հեգել Հայ-թուրքական հարաբերությունները օրակարգի վրա է դարձյալ: Այն թեեւ նոր թեմա չէ մեր համար եւ իր խոր արմատներն է ձգել հայ ժողովրդի վերջին 600-ամյա պատմության մեջ, սակայն կարծես մենք չենք պատրաստվում դասեր քաղել պատմությունից: Դեռեւս 1918թ. թուրք զինվորական գործիչ Վեհիբ փաշան, մեծ թվով արեւելահայերի կոտորելուց հետո, իրեն թույլ է տալիս գծել ոչ միայն Հայաստանի սահմանները, այլ նաեւ նրա դրոշը: Իսկ մերոնք միջազգային ճնշման ներքո եւ ամենից առաջ Բրիտանիայի խորհրդով աշխատում էին ամեն գնով լեզու գտնել թուրքի հետ: Նույնն էր վիճակը նաեւ 1920-ին: Այս անգամ Քյազըմ Կարաբեքիր փաշան էր պարտադրում իր պայմանները նա մինչեւ Ղարաբաղ էլ հասավ ու շատերիՆ կոտորեց, ապա խոսեց թուրք-հայկական հին բարեկամության մասին՝ մեզ պարտադրելով Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որն այնուհետ կարծես ավելիով հաստատվեց Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով... Իհարկե, վերոգրյալով մենք նպատակ չունենք սուր ճոճել միջազգային նորմերի դեմ կամ Հայաստանի Հանրապետության իշխանություններին հարձակողական ու կռվահարույց դիվանագիտություն պարտադրել, բայցեւ նույն ժամանակ պիտի շեշտենք, որ կոշտ ու կոպիտ գրականությունից հեռու մնալու եւ քաղաքական փակուղուց դուրս գալու պատրվակով չպիտի ընթացք տալ Թուրքիայի կառավարության անարդար պահանջներին: Ու նաեւ մեր ազգային պարտքն ենք համարում շեշտելու, որ Համահայկական խնդիրների քննարկման եւ մանավանդ նրանց մասին որոշում առնելու պահին ՀՀ իշխանությունները պարտավոր են լինել ավելի զգուշավոր, որովհետեւ հարցը ոչ միայն Հայաստանի Հանրապետության մերօրյա սահմանների եւ նրա քաղաքացիների մասին է, այլ համայն հայության՝ Հայրենիք եւ Սփյուռք ու Ամբողջական Հայաստանի՝ Արցախից Ջավախք, Նախիջեւան, Հայաստանի Հանրապետություն ու Արեւմտյան Հայաստան: Մենք աշխարհի բոլոր, այդ շարքում նաեւ հարեւան, երկրների հետ արդար հարաբերությունների կողմնակից ենք: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների արձանագրություններին պիտի ասել, որ յուրաքանչյուր հարաբերություն, բարեկամություն կամ գործարք սկսելու համար նախ եւ առաջ չափում են նրա հնարավոր դրական եւ բացասական արդյունքները եւ ապա որոշում կայացնում այն իրականացնելու մասին: Ելակետ ունենալով այդ բնական եւ պարզ սկզբունքը փորձենք մեր դատողության կշեռքի երկու նժարների վրա շարել դրական եւ բացասական կողմերը եւ այնուհետ որոշում տանք, առանց իսկ մեկս մյուսին վիրավորելու կամ անհասկացողի տեղ դնելու՝ եզան տակի եղած կամ չեղած հորթի մասին խոսելով: Ուրեմն. Ի՞նչ է տալու մեզ հայ-թուրքական հարաբերությունների նոր տարբերակը Ձեռքբերումները - Կբացվեն սահմանները եւ կդյուրանա երթեւեկը: - Որոշ դրական տեղաշարժեր կարձանագրվի ՀՀ աշխատանքի եւ տնտեսության ոլորտներում: - Հնարավոր է Թուրքիան «անկողմնակալ» վերաբերմունք ճշտի Ղարաղաղի հիմնահարցի նկատմամբ: - Պայմանագրի ստորագրումը ՀՀ իշխանություններին որոշ հնարավորություն կտա քաղաքական առումով մանեւրելու Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: - Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշ հոգեբանական հեշտություն կառաջանա: - Թուրքական ներդրումներ կկատարվի Հայաստանում: Վնասները - Ոտնահարվելու է տասնամյակների ընթացքում սփյուռքահայության պայքարի ձեռքբերումները: - Դադարեցվելու է Ցեղասպանության ճանաչման միջազգային պրոցեսը: - Քանի որ Ցեղասպանության ու հողակորստի հիմնական տուժողը Սփյուռքն է այն առիթ կտա Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների խորթացման եւ պառակտման: - Դրանով անվավեր կճանաչվի Սեւրի պայմանագիրը եւ միջազգայնորեն ՀՀ կզրկի Արեւմտյան Հայաստանի մասին խոսելու իրավունքից: - Քանի որ Կարսի պայմանագրով է հաստատվել Հայաստան-Թուրքիա ներկա սահմանները, ճանաչելով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը կորցնելու ենք նաեւ պատմության խորքերից Արեւելյան Հայաստանի մաս համարվող եւ նույնիսկ միջազգային իրավական դաշտում այդպես ճանաչված Կարսի, Արտահանի մարզերն ու Երեւանի մարզի հարավային մասը: - Թուրք գործարարների համար հնարավորություն կստեղծվի իրենց սպառողական ապրանքների շուկան տարածել նաեւ Հայաստանի Հանրապետությունում՝ ի վնաս հայկական կողմի: - «Քննարկման» նյութ դարձնելով Հայոց Ցեղասպանության անվիճելի փաստը, պատմական այդ իրականությունը հարցականի տակ դնելուց բացի ոտնակոխելու ենք նաեւ մեր ազգային ինքնասիրությունը: - Պատմական իրավունքների, իրականությունների եւ ազգային շահերի վրա աչք փակելով կխաթարենք ներազգային համերաշխությունը, ինչի հետեւանքով խաթարվելու է նաեւ ազգային անվտանգությունը: - Բացասական ազդեցություն է ունենալու Ղարաբաղյան ազատամարտի եւ նրա կայացման վրա: Հուսալքություն կստեղծվի դիմադրության ոգում: Եզրակացնենք՝ Ինչպես արդեն շեշտել ենք սրանից առաջ, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ՀՀ-ը ոչ կարող է մնալ պատմության մեջ եւ ոչ էլ պետք է պատմական փորձն անտեսի: Սակայն պետք է իր համար հստակեցնի թե ինչեր կարելի է զոհել հանուն այդ հարաբերությունների: Պատմությունը մեր աչքի առջեւ է, չմոռանանք դասեր քաղել նրանից: «ԱՐԱՔՍ» Շաբաթաթերթ, թիվ 193

No comments: