Tuesday, September 22, 2009

ՈՒՐ ԿԳՆԱ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

«Լրագիր» 22-9-2009- Վերջին օրերի ներքաղաքական տրամադրությունները կարծես թե բավական նրբորեն սկսել են շոշափել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործոնը:Այն բավական երկար ժամանակ կարծես թե ննջում էր, սակայն նաեւ պարզ էր, որ չի կարող հավերժ քնած մնալ, քանի որ կա մարտի 1-ի գործ, որն անխուսափելիորեն գալու էր մի հանգրվանի, երբ դատախազությունը պետք է հայտնվեր ներքաղաքական անցուդարձի բանուկ մասում: Սակայն, հետաքրքրական է, որ դատախազությունն այդ “երթեւեկելի” մասում հայտնվեց մեկ այլ գործով: Այսինքն, Աղվան Հովսեփյանը ներքաղաքական թեմատիկայի դերակատար դարձավ ոչ մասնագիտական գործով: Խոսքը Ժառանգություն կուսակցության մեջ տեղի ունեցածի մասին է: Պարզվեց, որ Աղվան Հովսեփյանը տարիներ շարունակ դերակատարում է ունեցել Ժառանգության մեջ: Համենայն դեպս թերեւս հենց այդ հանգամանքը շեշտելու նպատակ ունեին այն տեղեկությունները, որ Ժառանգության վարչության ներկայիս նախագահ, խմբակցության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ում ի դեպ Ժառանգությունը ցանկանում էր ներկայացնել Երեւանի քաղաքապետի ընդդիմության միասնական թեկնածու, եղել է Նիգ-Ապարան հայրենակցական միության վարչության անդամ: Իսկ Նիգ-Ապարանի պատվավոր նախագահն Աղվան Հովսեփյանն է, ով իր այդ հայրենակցական միությունը միշտ էլ ծառայեցրել է իշխանությանը քաղաքական աջակցություն ցուցաբերելու նպատակին, իհարկե սեփական քաղաքական կամ գուցե նաեւ այլ նպատակներից ելնելով: Արմեն Մարտիրոսյանն օրերս խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ընթացքում բավական խստորեն քննադատեց գլխավոր դատախազության աշխատանքը, կապված մարտի 1-ի գործի հետ, թերեւս փորձելով իրենից վանել գլխավոր դատախազի ենթակայությամբ գործելու մեղադրանքը: Բայց ինչպես հայտնի անեկդոտում` “նստվածքը, հո մնաց”: Համենայն դեպս Աղվան Գառնիկիչի անունը մնաց: Իսկ ում էր դա պետք: Չէ որ նրա անունը մնաց որպես կուսակցություն քանդող: Չի կարելի ասել, թե մինչ այդ Աղվան Գառնիկիչը հասարակության մեջ ուներ մեծ վարկանիշ, ու այժմ կուսակցություն քանդելու հանգամանքը կհարվածի նրա այդ վարկանիշին: Բայց այդուհանդերձ փաստ է, որ մարտի 1-ի գործով գլխավոր դատախազի առանց այն էլ փաստացի խայտառակված վարկին գումարվեց նաեւ ընդդիմություն քանդողի իմիջը, ինչը թերեւս Աղվան Գառնիկիչին հեչ պետք չէր: Բայց հնարավոր է նաեւ, որ նա ինքը շուտով դառնա ընդդիմություն: Համենայն դեպս, Աղվան Գառնիկչի անվան հետ կապվող տնտեսվարող որոշ սուբյեկտներ օրերս բավական լուրջ խնդիրներ ունեցան պետական կառույցների, ընդհուպ դատական ակտերի հարկադիր կատարողների հետ: Դժվար է ասել, թե արդյոք դա ակնթարթային, թե պարբերական բնույթ է ունենալու: Չի բացառվում, որ դրանք պարզապես համեմունքներն են այն ճաշի, որ գլխավոր դատախազի համար եփվում է մարտի 1-ի գործով: Բանն այն է, որ այդ գործով ավելի շատ խայտառակ է լինում դատախազությունը, քան նրանք, ովքեր եղել են հենց մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներն ու կատարողները: Եվ տպավորությունն այնպիսին է, որ մարտի 1-ը ամենաէական հետեւանք ունենալու է հենց Աղվան Հովսեփյանի համար, ով կարող է զրկվել դատախազի պաշտոնից: Համենայն դեպս, կարծես թե հետեւողականորեն ապահովվում է այդ իրողության քարոզչական հենքը, ձեւավորվում է անհրաժեշտ մթնոլորտ: Ի վերջո, արդեն երկար ժամանակ է, որ հայկական մամուլի թեմա է դարձել Աղվան Հովսեփյանից Սերժ Սարգսյանի դժգոհությունը կամ պարզապես նրա հանդեպ անվստահությունը: Թե հատկապես ինչ ձեւով տեղի կունենա դատախազի պաշտոնանկություն, թերեւս այդքան էլ էական չէ, քանի որ եթե կայացվի այդ հարցի քաղաքական որոշում, ապա կարելի է վստահ լինել, որ այն հնարավորինս օպերատիվ իրականացվելու մեխանիզմ միշտ էլ կգտնվի: Առավել եւս, եթե նկատի ունենանք, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո դեռ չի ավարտել իշխանական իր բուրգի շինարարությունը, ապա դատախազի փոփոխության խնդիրը միանգամայն տեղավորվում է այդ գործընթացի տրամաբանության մեջ: Չէ որ բոլորին է հայտնի, թե Հայաստանի իշխանական բուրգի ձեւավորման եւ գոյության հարցում ինչ մեծ դերակատարություն ունի դատախազական համակարգը: Եվ առավել եւս, որ այդ դերակատարության առումով, համակարգն այս փուլը լիովին տապալեց` ի դեմս մարտի 1-ի գործի, իհարկե իշխանական տեսանկյունից: Բայց անշուշտ պետք է վստահ լինել, որ Աղվան Հովսեփյանը լրջորեն կդիմադրի իր պաշտոնանկության փորձին: Իսկ դիմադրելու ռեսուրս նա անշուշտ կարող է ունենալ: Թեկուզ հենց նույն մարտի 1-ի առումով, որի կապակցությամբ գլխավոր դատախազն անշուշտ կտիրապետի հսկայական ինֆորմացիայի: Բայց, մյուս կողմից, Հայաստանում ամեն ինչ այնքան է իրար շաղկապված, որ երբեմն ինֆորմացիա ունենալը չունենալու հավասար մի բան է, քանի որ ինֆորմացիոն առումով գրեթե բոլորն էլ հավասարապես խոցելի են, եւ մնում է արդեն միայն ռեալ լծակների տված առավելությունը կամ դրանցից զուրկ լինելը: Ի վերջո, օրինակ ասենք նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ ինֆորմացիա ուներ հոկտեմբերի 27-ի գործից, սակայն դա իշխանությանը չխանգարեց նրա հետ հաշվեհարդար տեսնել եւ ազատելով դատախազի տեղակալի պաշտոնից, դեռ մի բան էլ մեկ տարուց ավելի պահել բանտում: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: