Saturday, September 19, 2009

ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ. ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ԱՌԱՋՆՈՐԴԻՑ

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջնորդից, այսինքն` ամենավերևից ու իջնել ամենուր: Սինգապուրի ավագ նախարար, փորձառու նախկին վարչապետ Լի Կուան Յուն նման պատասխան տվեց այն հարցին, թե «ինչպե՞ս էր, որ 30 տարի առաջ Սինգապուրը նույնպես եղել է Հայաստանի նման կոռումպացված երկիր, իսկ այժմ` ոչ»: Նա ասաց, որ այդ վիճակից դուրս գալու համար նոր օրենքներ են ընդունել: «Եթե գույք ունես, որը չես կարող քեզ թույլ տալ քո աշխատավարձի կամ բիզնեսի հաշվին, հետևաբար ձեռք ես բերել կոռուպցիայի ճանապարհով: Դու ինքդ ես պարտավոր դատարանում ապացուցել, որ օրինական ճանապարհով ես ձեռք բերել: Իրավունքի ընդհանուր սկզբունքն այն է, որ դատավորը պետք է ապացուցի, որ ապօրինի ես ձեռք բերել, քանի որ կաշառք տվողին դժվար է բերել դատարան: Մենք այդ օրենքով այնպես արեցինք, որ ապօրինի ձեռք բերողը պետք է իրեն արդարացնի: Ինքը պետք է ապացուցի, որ օրինական է ձեռք բերել»,- բացատրեց Լի Կուան Յուն: Ինչ վերաբերում է բարեփոխումների շրջանում գտնվող երկրները ի՞նչ ճանապարհով, ուղղվածությամբ պետք է այդ բարեփոխումներն իրականացնեն, Սինգապուրի ավագ նախարարն ասաց, որ ոչ մի նշանակություն չունի` այդ բարեփոխումները աստիճանական են տեղի ունենում, թե միանգամից. «Կարևորը վերջնական նպատակն է` բարեփոխումների միջոցով բարելավել կյանքը»: Բարեփոխումների շնորհիվ Սինգապուրն իր երկրի տարածքը 35 տոկոսով ավելացրել է, իսկ ձեռք բերված հողերը ծառայում են ի շահ ժողովրդի, ոչ թե նախարարների ու պաշտոնյաների: Ասուլիսին ներկա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով այն հարցին, թե չե՞ք կարծում, որ նման հաջողությունների հասնելու համար հարկավոր է հասարակության վստահությունը, մեզ մոտ այդ վստահությունը կա՞, նա ասաց. «Իհարկե, մեզ մոտ վստահության մակարդակը բավարար չէ: Այս դժվարին ճանապարհը, որ մենք պետք է անցնենք, պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության վրա, առաջին հերթին` իշխանությունների նկատմամբ»: Նա նաև ասաց, որ Սինգապուրի կողմից փորձարկված շատ քայլեր իր համար ուսանելի են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ից 19-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն: Աղբյուր` Panorama.am - 18-9-2009

No comments: