Tuesday, September 22, 2009

ՆՈՐ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ՁԳՁԳԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

«Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը կարող է ձգձգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Նման եզրահանգման կարելի է գալ` դատելով ռուսական «Վեստի» հեռուստածրագրին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած դիտարկումներից: Մասնավորապես, խոսելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության քաղաքական ու ֆիզիկական երաշխիքների մասին` նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Համանախագահ երկրների նախագահներն իրենց ներկայացուցիչներին հանձնարարել են մեզ ներկայացնել «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը: Եվ եթե այդ նորացված տարբերակը, իրականում, համապատասխանի «Մադրիդյան սկզբունքների» ոգուն և տրամաբանությանը, լավ կլինի: Այսինքն` եթե այդ փաստաթղթում հաշվի առնվեն այն քննարկումների արդյունքները, որոնք մենք արդեն ունեցել ենք, այն կետերի, որոնք մենք քննարկել ենք: Իսկ եթե փաստաթուղթը կոչվի ««Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակ», բայց դրա տրամաբանությունն ու ոգին պարունակեն նոր գաղափարներ, այդ դեպքում, կարծում եմ, գործընթացը խիստ կձգձգվի: Կապրենք` կտեսնենք»: Տեղեկացնենք, որ «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը համանախագահները կողմերին են ներկայացնելու մինչև նախագահների հաջորդ հանդիպումը: Նախնական պայմանավորվածությունների համաձայն` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, հնարավոր է, հանդիպեն հոկտեմբերի 10-ին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Աղբյուր` Panorama.am- 21-9-2009

No comments: