Thursday, September 24, 2009

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«ԱԶԳ», 24-09-2009- «Ո՞վ է մեղավորը: Թուրքիան», «Հայկական միասնականությունը երբեք չի պարտվի», «Ո՛չ պատմական հանձնաժողովին», «Ասա ո՛չ արձանագրություններին», «Հայաստանի պատմությունը չի վաճառվում», «Արցախի անկախության ընդունում», «Ցեղասպանությունը գործարքի առարկա չէ», «Մեկ ազգ, մեկ պայքար»: Այսպիսի պաստառներով եւ կոչերով ավելի քան 300 հոգուց բաղկացած Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդ ակտիվիստները Նյու Յորքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի գրասենյակի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել: Այդ կերպ երիտասարդները դեմ էին արտահայտվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու օգոստոսի 31-ին հրապարակված նախաստորագրված արձանագրություններին: Դաշնակցության արեւելյան նահանգների կենտրոնական ներկայացուցչությունից Գեւորգ Աղաջանյանը բողոքի ակցիայի համար հատուկ ելույթ էր պատրաստել: Նա նկատում է, որ իրենք հույս ունեն, որ Թուրքիան կընդունի ճշմարտությունն ու 90 տարի անց կճանաչի կատարած ցեղասպանությունը: Անդրադառնալով արձանագրություններին, Աղաջանյանը նկատում է, որ դրանց իրագործումը աղետալի արդյունք կունենա Հայաստանի անկախ քաղաքականության վրա: «Հայաստանի վրա ճնշումները թույլ չեն տա վերադառանալ իր նախկին քաղաքականությանը` Հայոց ցեղասպանության եւ Հայկական հարցի վերաբերյալ»: Նա կարծում է, որ Հայաստանը անկախ քաղաքականության փոխարեն արդեն ստիպված կլինի հետեւել արձանագրությունների եզրակացություններին: Ակցիայի ժամանակ հայ երիտասարդները բացել են Հունաստանի դրոշը, որտեղ Կիպրոսը ներկայացված էր որպես հունական կղզի: Այո, սակայն ինչո՞ւ ՀՀ ներկայացուցչության առաջ. թո՛ղ Թուրքիայի դեմ ակցիաներ կազմակերպեին: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: