Tuesday, September 15, 2009

Հրանտ Դինք. In memoriam

HayInfo. 15-9-2009- Այսօր ականավոր լրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Թուրքիայի քաղաքացի և ազգությամբ հայ Հրանտ Դինքը կդառնար 55 տարեկան։ 2007 թվականի հունվարին 17-ամյա ազգայնամոլի կողմից իրականացված դաժան սպանությունը վերջ դրեց Հրանտ Դինքի ակտիվ և արդյունավետ կյանքին, որի հիմքում ընկած էր խորը հավատը սեփական գաղափարախոսության նկատմամբ։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ Հրանտ Դինքի մահից հետո շատերը Հայաստանում և Սփյուռքում փորձեցին «բռենդավորել» նրա կերպարը, դարձնել սեփական պայքարի մի մաս։ Դա արեցին անգամ ազգայնամոլ ուժերը, որոնց հետ Հրանտ Դինքը բացարձակապես կապ չուներ։ Իր գաղափարներով և աշխատանքով նա հավասարապես պայքար էր մղում ինչպես թուրքական, այնպես էլ հայկական ազգայնամոլության դեմ, խոսում էր համամարդկային արժեքների, խոսքի ազատության և մարդու ազատ ընտրության իրավունքի մասին։ Այսօր արդեն պարզ է, որ Հրանտ Դինքի «բրենդավորման» գործընթացը չիրականացավ, ինչը ուրախալի է մի մարդու պարագայում, ով իր կյանքով հատուցեց սեփական գաղափարների համար։ Ինչ վերաբերում է Հայաստանում բնակվող մարդկանց, ապա մեր հասարակությունը դեռևս ճանապարհ ունի անցնելու Հրանտ Դինքի կերպարն իսկապես արժևորելու և հասկանալու համար։ Շատ կարևոր է պարզապես հիշել, որ Հրանտ Դինքը զոհվեց ոչ թե միմիայն այն պատճառով, որ հայ էր, այլ այն պատճառով, որ պայքարում էր տասնյակ տարիների ընթացքում կերտված կարծրատիպերի դեմ՝ հանդես գալով որպես առաջադեմ և ազատ հասարակության ջատագով։

No comments: