Saturday, September 19, 2009

Գերտերությունների նախագահներն արդեն կայացրել են ղարաբաղյան խնդրի վերջնական վճիռը, ՀԱԿ

Tert.am. 18-9-2009- Լևոն Տեր–Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ նշել է, որ, ի տարբերություն հայ–թուրքական հարաբերությունների, շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը։ «Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդև–Ալիև–Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը։ Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է։ Բայց սա չէ կարևորը։ Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի», – ասել է Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ընդդիմության առաջնորդը նշել է, որ առաջին հերթին իրեն հիմք է տալիս նման կտրուկ եզրակացություն կատարելու նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի հուլիսի 10-ի աննախադեպ հայտարարությունը, որով նրանք փաստորեն ազդարարում են իրենց անձնական ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ու դրանով նշանակալիորեն բարձրացնում սեփական երկրների միջնորդական առաքելության մակարդակը։ Տեր–Պետրոսյանը շեշտել է, որ նման բան, սովորաբար տեղի է ունենում հակամարտությունների կարգավորման ավարտական փուլում, ինչը նշանակում է, որ հեռու չէ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավարտը։ Նա ավելացրել է, որ նույնքան նշանակալի է նաև հայտարարության բուն բովանդակությունը, որում բացահայտված են կարգավորման հիմնական սկզբունքներից վեց հայտնի սկազբունքները և թվել է դրանք։ «Քանի որ հայտարարությունն արվել է նախագահների մակարդակով, ապա պետք է ենթադրել, որ սրանք այն սկզբունքներն են, որոնք այլևս բանակցելի ու փոփոխության ենթակա չեն։ Ալիևն ու Սարգսյանը հո չեն նստի-վիճի Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի հետ, ինչպես կարող էին վարվել Բրայզայի, Մերզլյակովի և Ֆասիեի պարագայում։ Վիճելն անիմաստ է, որովհետև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված երեք գերտերությունների նախագահներն արդեն կայացրել ու ազդարարել են իրենց վերջնական վճիռը։ Դատելով պաշտոնական արձագանքից՝ Ադրբեջանը կարծես թե վիճելու խնդիր էլ չունի, քանի որ անթաքույց ցնծությամբ է ընդունել կարգավորման առկա ծրագիրը, միաժամանակ կատարելով որոշ այլ մանրամասների բացահայտումներ, որոնցից գլխավորն այն է, որ հինգ շրջաններ վերադարձվելու են անմիջապես, իսկ Քելբաջարը և Լաչինը՝ հինգ–վեց տարի հետո», – նշել է Լևոն Տեր–Պետրոսյանը։ Նա խոսել է նաև Հայաստանի արձագանքին՝ ասելով, որ պաշտոնական քարոզչամեքենան զերծ է մնում մանրամասների բացահայտումից և «առանց որևէ խանդավառության թութակի պես շարունակ կրկնում, որ խնդրո առարկա ծրագիրը լիովին բավարարում է հայկական կողմի երեք հիմնական պահանջները՝ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Հայաստանի ու Ղարաբաղի միջև ցամաքային կապի հաստատում, և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում»։ Լևոն Տեր–Պետրոսյանը, վերլուծելով ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը, նաև ասել է. «Ինչպես նշեցինք, Հայաստանի իշխանությունների պնդումներից մեկի համաձայն՝ կարգավորման առկա ծրագիրը Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է ապահովում, նկատի ունենալով, անկասկած, տարածքների վերադարձից հետո Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների երկայնքով բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը։ Թվում է, գերտերությունների նախագահների հայտարարությունը հաստատում է այս իրողությունը, քանի որ նրա 6-րդ կետում նշված է. «Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներառմամբ»։ Սակայն հարց է ծագում, թե ինչու է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դեռևս 1990-ական թվականների կեսերից շրջանառության մեջ գտնվող «խաղաղապահ ուժերի տեղակայում» հասկացությունը հանկարծ վերածվել «խաղաղապահ գործողություն» անորոշ արտահայտության։ Արդյոք սա պատահական վրիպո՞ւմ կամ մանրո՞ւք է. չեմ կարծում։ Ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հետևյալը։ Հանդիպելով բարդությունների և համաձայնության չգալով խաղաղապահ ուժերի ազգային կազմի ու թվաքանակի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որոշել է շրջանցել այդ հարցը և ներկա պահին գտնել մի ձևակերպում, որը կքողարկի խնդրի էությունը, իսկ ապագայում կարող է հիմք դառնալ տարբեր մեկնաբանությունների։ Չեմ բացառում, որ «խաղաղապահ գործողություն» կոչեցյալը վերջիվերջո ավարտվի ոչ թե խաղաղապահ ուժերի, այլ մեկ-երկու հազար միջազգային դիտորդների տեղակայմամբ, ինչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է Ղարաբաղի անվտանգության երաշխիք համարել։ Ի դեպ, որ բանը կարող է վերջանալ դրանով, բխում է ոչ միայն վերը բերված փաստարկներից, այլև կողմնակիորեն հաստատվում Մինսկի խմբի համանախագահների թափանցիկ ակնարկներով։ Նույնքան կասկածելի ու երերուն է «Հայաստանի ու Ղարաբաղի միջև ցամաքային կապի հաստատման» մասին արվող պնդումը։ Թեև Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի հայտարարության մեջ ամրագրված է «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի» ստեղծման գաղափարը, սակայն հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միջանցքը։ Մասնավորապես, պարզ չեն հետևյալ հարցերը. ե՞րբ է որոշվելու միջանցքի կարգավիճակը; ի՞նչ լայնություն է ունենալու այն; և վերջապես, ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվելու նրա տարածքը։ Հինգ շրջանների վերադարձի դիմաց հայկական կողմը պետք է ստանար գոնե տվյալ հարցերի սպառիչ պատասխանը։ Կամ ավելին՝ միջանցքի կարգավիճակի հարցը ոչ թե պետք է թողնվեր ապագային, այլ լուծվեր կարգավորման ներկա փուլում։ Ժամանակին Մինսկի խմբի համանախագահները շրջանառության մեջ էին դրել Լաչինի միջանցքի հարցի լուծման երեք տարբերակ. – այն փոխանակել Մարդակերտի և Մարտունու շրջանների Ադրբեջանի կողմից գրավված տարածքների հետ, շուրջ 400 քառ. կմ. մակերեսով. – միջանցքի տարածքը 99 տարվա ժամկետով վարձակալության հանձնել Հայաստանին. – նույն ժամկետով միջանցքը դնել միջազգային վերահսկողության տակ։ Խնդիրն այն չէ, թե որքան ընդունելի էին նշված առաջարկները, այլ այն, որ միջանցքի կարգավիճակի սահմանումը օրակարգի հարց էր դեռևս տարածքների վերադարձին նախորդող փուլում։ Մինչդեռ այսօր այդ հարցում կատարյալ անորոշություն է տիրում, ինչը մտավախություն է առաջացնում, որ տարածքները վերադարձնելուց հետո միջանցքի գաղափարն ինչ-որ պահի պարզապես կարող է հանգեցվել Հայաստանի և Ղարաբաղի միջև ազատ տրանզիտի ապահովման գաղափարին։ Եվս մի մտավախության տեղիք է տալիս այն, որ եթե միջանցքի հարցը չկապակցվի տարածքների վերադարձի հետ և նրա կարգավիճակն այս փուլում չսահմանվի, ապա Ադրբեջանը, օգտագործելով Լաչինի և Մեղրու շրջանների փոխանակման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ առաջարկի նախադեպը, մի օր կվերարծարծի դեպի Նախիջևան համարժեք միջանցքի տրամադրման կամ ազատ տրանզիտային ճանապարհի ապահովման պահանջը։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների երրորդ պնդմանը, ըստ որի, կարգավորման քննարկվող ծրագիրը «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում» է նախատեսում կամ պաշտոնական քարոզչության մի այլ ձևակերպմամբ՝ այդ ծրագրում «Ղարաբաղը ճանաչվում է որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ», ապա այն ավելի հանգամանալից բացատրության կարիք է զգում։ Այս պնդման հիմքն, ակնհայտորեն, միջնորդ երկրների երեք նախագահների հուլիսի 10-ի հայտարարության հետևյալ կետերն են – ա. «Հիմնական սկզբունքներն արտացոլում են բանական փոխզիջում, հիմնված Հելսինկյան վերջնական ակտի՝ Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության և Ժողովուրդների հավասար իրավունքների ու Ինքնորոշման սկզբունքների հիման վրա» – բ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»։ Քանի որ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն ի բնե հակասում են միմյանց, ապա առաջին կետն ունի զուտ հոգեբանական նշանակություն, հետեւաբար, անիմաստ է նրանից քաղաքական եզրակացություններ կատարել։ Փաստաթղթում այդ կետը տեղ է գտել միայն այն նպատակով, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը տվյալ փուլում սեփական հասարակություններին կարողանա համոզել, թե իբր Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագայում լուծվելու է կողմերից յուրաքանչյուրի ակնկալած սկզբունքի հիման վրա։ Առաջին հայացքից ավելի առարկայական է թվում մյուս կետը, որը Հայաստանի պաշտոնական քարոզչությունը ներկայացնում է որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման որոշման ամրագրում։ Սակայն անհասկանալի է մնում, որ եթե խոսքն իսկապես վերաբերում է հանրաքվեին, ապա ինչու այդ բառի փոխարեն հայտարարության բնագրում տեղ է գտել «կամարտահայտություն» բառը։ Հանրաքվե նշանակելու համար պետք է օգտագործվեր գոնե «ժողովրդի կամարտահայտություն» կապակցությունը։ Ըստ այդմ, ակնհայտ է, որ ամեն ինչ արվել է «հանրաքվե» բառից խուսափելու համար։ Ինչո՞ւ։ Հիշեցնեմ, հանրաքվեի գաղափարը շրջանառության մեջ է դրվել, այսպես կոչված, Պրահյան գործընթացում և ապա տեղ գտել Մադրիդյան առաջարկներում։ Այնուհետև հանդիպելով ադրբեջանական կողմի դիմադրությանը, համանախագահներն ստիպված եղան այդ բառը փոխարինել «պլեբիսցիտ» կամ «ժողովրդական հարցում» բառերով։ Երբ դա էլ չգոհացրեց ադրբեջանցիներին, հայտնվեց, ահա, «կամարտահայտություն» անորոշ ձեւակերպումը, ինչը հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս այն մեկնաբանել ու իրենց հասարակություններին մատուցել սեփական հայեցողությամբ։ «Կամարտահայտությունն», այո՛, կարող է մեկնաբանվել որպես հանրաքվե, սակայն ցանկության դեպքում «կամարտահայտություն» կարող է համարվել նաև Ղարաբաղի նախագահի ստորագրությունը կամ Ազգային Ժողովի որոշումը։ Դատելով զարգացումներից՝ պետք է արձանագրել, որ խնդիրը, դժբախտաբար, վերջիվերջո հանգելու է նման իրողության։ Այդուհանդերձ, նույնիսկ սա չէ էականը։ Եթե կարգավորման սկզբունքներում թեկուզ հստակորեն նշված լիներ «հանրաքվե» բառը, ապա դա դեռևս ոչինչ չէր նշանակի, որովհետև առանց որոշակի պայմանների հստակեցման, այն կմնար որպես դատարկ հնչյուն։ Այդ պայմանները, որոնք ես ներկայացրել եմ իմ նախորդ ելույթներից մեկում, հետեւյալն են. – ո՞վ է կազմակերպելու հանրաքվեն՝ ՄԱ՞Կ-ը, ԵԱ՞ՀԿ-ը, Ադրբեջա՞նը, թե՞ Ղարաբաղը. – ե՞րբ է տեղի ունենալու հանրաքվեն. – ո՞ր տարածքում է անցկացվելու հանրաքվեն. – ովքե՞ր են մասնակցելու հանրաքվեին. – ինչպե՞ս է ձևակերպվելու հանրաքվեի դրված հարցը. – ինչպիսի՞ իրավական հետևանքներ է ունենալու հանրաքվեն։ Որքան էլ տհաճ, անհնար է չնկատել, որ նորացված Մադրիդյան առաջարկներում ո՛չ այս հարցերն են հստակեցված, ո՛չ իսկ «հանրաքվե» բառն է օգտագործված։ Այսպիսով, Հայաստանի պաշտոնական քարոզչության երեք հիմնական պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը. կարգավորման ներկա ծրագիրը ո՛չ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է պարունակում, ո՛չ Հայաստանի ու Ղարաբաղի միջև ցամաքային կապ ապահովում, ո՛չ էլ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորություն նախատեսում։ Այս էական տարրերի բացակայությունը նշանակում է, որ սկզբնապես որպես կարգավորման փաթեթային տարբերակ մտահղացված Մադրիդյան առաջարկը վերածվել է զուտ փուլային տարբերակի։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները, երկար դեգերումներից ու խարխափումներից հետո, վերադարձել են տասը տարի առաջ իրենց կողմից կտրականապես մերժված և պարտվողական համարված տարբերակին, ինչը խոստովանելու քաջություն նրանք, բնականաբար, չունեն։ Հարց է առաջանում. եթե պիտի վերադառնայիք փուլային տարբերակին, ապա ինչի՞ համար էր այս տասը տարվա կորուստը, իր բոլոր բացասական հետեւանքներով՝ Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության նվազում, ուժերի հարաբերակցության փոփոխություն հօգուտ Ադրբեջանի, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացում եւ այլն։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։ Մյուս, ավելի ցավալի կողմն այն է, որ 1997թ. փուլային տարբերակը հայկական կողմի համար շատ ավելի նպաստավոր էր, քան այսօրվա լուծումը, թեկուզ միայն շնորհիվ այն բանի, որ նրանում հստակորեն երաշխավորված էր միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը և խոսք չկար ադրբեջանցի փախստականների բուն Ղարաբաղ վերադառնալու մասին։ Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին։ Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին։ Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչև 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաև Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որևէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական։ Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան և Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին և Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած, Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեև դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերևս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի և Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում և արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետևանքները ծանր են նստելու Հայաստանի և Ղարաբաղի վրա։ Ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ նպաստավոր մոտալուտ հանգուցալուծման մյուս պատճառը, որքան էլ պարադոքսալ թվա, ավազակապետության կողմից Հայաստանի ազգային հարստության սանձարձակ կողոպուտն է, որի մեջ ներքաշված են ինչպես ողջ պետական համակարգը, այնպես էլ քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավը։ Իսկ երրորդ պատճառը, թերևս կարիք էլ չկա հիշեցնելու, Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու իրողությունն է, ինչը նրան ստիպում է միջազգային հանրությանը հաճոյանալու և դրա շնորհիվ որոշ լեգիտիմություն ձեռքբերելու նպատակով անհարկի զիջումներ կատարել թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, և թե՛ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող որոշ ուժերի, մշտապես հայտարարել է, որ կողմ է փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը որպես գլխավոր սկզբունք դիտելով վերջինիս հավասարակշռվածությունը։ Փաստերի վերը կատարված վերլուծությունը ցույց է տալիս, սակայն, որ կարգավորման ներկա ծրագրում խախտված է հենց այդ սկզբունքը. Ադրբեջանը ստանում է շատ ավելին, քան Ղարաբաղը և Հայաստանը։ Այլ կերպ արտահայտված, Սերժ Սարգսյանը, անընդունելի նկատառումներով, գնում է մի լուծման, որը, մեղմ ասած, նպաստավոր չէ հայկական կողմի համար, իսկ ավելի խիստ՝ վտանգի է ենթարկում Լեռնային Ղարաբաղի գոյությունը»։

No comments: