Wednesday, September 2, 2009

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ. ԱՆԿԱՐԱՆ ՄՈՏ Է ԸՆԿԱԼՄԱՆԸ

«Լրագիր» 1-9-2009- Օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական արձանագրությունը մեկնաբանում է ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը Ակնհայտ է, որ նախկինում թուրքական կողմը Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար առնվազն երեք նախապայման էր առաջադրում. Թուրքիայի հետ ներկայիս պետական սահմանի ճանաչում Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքների բացառումը և Ղարաբաղի ազատագրած տարածքների հանձնումը Ադրբեջանին: Հետո եղան ազդանշաններ առ այն, որ Անկարան պատրաստ է գնալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, եթե այդ երեք նախապայմաններից գոնե մեկը կատարվի: Արձանագրությունների հրապարակված տեքստերում լիովին արտացոլված են միջազգային պայմանագրերով որոշված սահմանների ճանաչման պահանջը և մասամբ՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի 'սառեցումը': Պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծմամբ Թուրքիան փաստորեն լրացուցիչ փաստարկ կստանա այն երկրների խորհրդարանների հետ հարաբերություններում, որոնցում աշխատանք է տարվում 1915 թվականին կատարված հանցագործության ճանաչման ուղղությամբ: Այս երկու տարրերը պիտի որ հայ հանրության բացասական արձագանքին արժանանան: Արձանագրություններում դրական կարևոր հանգամանք է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջև անմիջական կապի բացակայությունը: Թվում է, Անկարան մոտ է այն բանի ընկալմանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս վիճակը չի կարող խոչընդոտ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև առկա խնդիրների համապարփակ կարգավորման ճանապարհին: Հուսանք, որ նման ընկալման գործում նկատվող առաջընթացը հերթական անգամ կողմնակի ազդեցություններց չի տուժի:

No comments: