Tuesday, September 29, 2009

ԼՂՀ-ն վտանգ է տեսնում

ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ունեն մի շարք սկզբունքներ, որոնց խախտման դեպքում դեմ կլինեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Մասնավորապես, «հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող զարգանալ որեւէ նախապայմանների առկայության դեպքում, երկրորդ, ցեղասպանության փաստը չի կարող կասկածի տակ դրվել, երրորդ, հայ-թուրքական հարաբերությունները եւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը զուգահեռ գործընթացներ են եւ չեն կարող մեկը մյուսի հետ խառնվել, չեն կարող առաջընթացը մեկ հարթության մեջ ուղղակի կապել մյուս հարթությունում ընթացող գործընթացի հետ: Եթե այս երեք հիմնադրույթը պահպանվի, իհարկե, մենք կողմ ենք հարաբերությունների բարելավմանը»: Դավիթ Բաբայանն տեղեկացրեց, որ իրենք դեռ ուսումնասիրում են իրավիճակը, բայց վաղաժամ է խոսել կոնկրետ փաստաթղթի մասին: ԼՂՀ նախագահի խորհրդականին մխիթարում է այն հանգամանքը, որ հայ-թուրքական արձանագրություններում չկա ուղղակի «Ղարաբաղ» բառը: «Իհարկե Թուրքիան ակտիվացնելու է իր գործունեությունը տարածաշրջանում, բայց ինքներս պետք է թույլ չտանք, որ նա խառնվի ԼՂՀ կարգավորմանը. երբ հստակորեն գրված չի Ղարաբաղ բառը, այլ միայն մեկնաբանությունների հարթության մեջ է' մեկնաբանությունները չեն կարող լինել քաղաքական փաստաթուղթ, հետեւաբար շատ կարեւոր է, որ Ղարաբաղի անունը չկա»: Դավիթ Բաբայանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Արցախում նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ գերակշռող կարծիքն այն է, որ «Թուրքիայի մեջ մարդիկ տեսնում են վտանգ, անվստահություն կա Թուրքիայի նկատմամբ, այնպես ինչպես ամբողջ աշխարհի ողջ հայ հասարակության մոտ»: Իսկ այդ մասին տեղյա՞կ է Սերժ Սարգսյանը' մեր հարցին Դավիթ Բաբայանն ասաց. «Իհարկե, տեղյակ է, հիմա էլ շրջայց է կատարելու սփյուռքով, որպեսզի ժողովրդի կարծիքն իմանա»:

No comments: