Երեկ մեկնարկած Ազգային ժողովի հայտարարությունները դարձան արտացոլումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ գոնե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մակարդակով, ինչն էլ, հայ-թուրքական արձանագրությունների քննարկման 6-շաբաթյա քննարկումն ուղենիշ ունենալով` ներկայացնում ենք:
«ԱԶԳ», 16-09-2009- ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը չիմացողներին հիշեցրեց, որ ՕԵԿ անդամները միշտ էլ կողմ են արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Ըստ նրա` նախագահ Սարգսյանի ձեռնարկած քայլերը միտված են հայ-թուրքական հարաբերությունների արժանապատիվ կարգավորմանը եւ առանց նախապայմանների սահմանի բացմանը: Այժմ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ այսօր ակնհայտորեն բավարարվում են թուրքական նախապայմանները` ներկա սահմանի ճանաչում, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներքին գործերին չմիջամտելու դրույթ, Ցեղասպանության խնդրի` ենթահանձնաժողովում քննարկում, որը Թուրքիան շահարկելու է երկար տարիներ` Ցեղասպանության ճանաչումը տորպեդահարելով:
Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինած Արմեն Մարտիրոսյանը հանգել էր այն եզրակացության, որ հարցերի շրջանակը թուրքական կողմը միշտ էլ որպես նախապայման դրել է սեղանին, որը մտահոգիչ էր:
Ըստ նրա` իշխանությունները դիմել են արկածախնդրության` ներքին լեգիտիմությունը փորձելով լրացնել արտաքինով, անհրաժեշտ պահին չունենալով պետականամետ «ոչ» ասելու կարողություն, բանակցությունների դաշտ մեջ մտնելով ասիմետրիկ ուժերի առկայությամբ եւ արտաքին ուժերին սիրաշահելու ցանկությամբ, կատարելով նրանց` հայկական քաղաքական եւ իրական դիրքերը թուլացնող պահանջները, իշխանություններն ի դեմս կոալիցիայի եւ նախագահի, հայտարարեցին ամրագրված նախապայմաններով նախաստորագրված արձանագրությունների մասին, որին անհամաձայն է «Ժառանգությունը» եւ կոնկրետ առաջարկներով է հանդես եկել` ընդհուպ հանրաքվե: Իսկ նրա կուսակից Լարիսա Ալավերդյանն էլ իր հայտարարությամբ դիմեց գործընկեր պատգամավորներին` հայ-թուրքական արձանագրություններում արմատական փոփոխություններ առաջարկող միասնական հայտարաւթյամբ հանդես գալու:
Վիկտոր Դալլաքյանըՙ նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունները բխում են երկու ժողովուրդների եւ տարածաշրջանային անվտանգության շահերից, արձանագրեց, որ արձանագրությունները իրենց խոցելի կողմերով հանդերձ, զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ. Տեր-Պետրոսյանն անկեղծ ցանկանում էր, բայց չկարողացավ-հնարավորություն չունեցավ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, Քոչարյանն անկեղծ ցանկություն չուներ-հնարավորություն ուներ, բայց ներքին լեգիտիմության դեֆիցիտի պատճառով չգնաց կարգավորման, այլ դրա իմիտացիա ստեղծեց, իսկ նախագահ Սարգսյանը ե՛ւ անկեղծ ցանկություն, ե՛ւ հնարավորություն ունի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու:
ՀՀԿ-ի տեսակետը ներկայացնող Էդուարդ Շարմազանովը սկսեց Հայաստանի` աշխարհին ներկայացող կայուն, հուսալի գործընկերոջ կերպարից, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակով հասկանալի տրամաբանությունից, մադրիդյան սկզբունքներում հայկական կողմի առաջարկների արտացոլված լինելուց, հասավ հայ-թուրքական հարաբերություններին, այն էՙ իշխանությունները փորձում են արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները բոլոր հարեւանների հետ, ինչը վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին: Ըստ նրա` արձանագրություններում տեղ չի գտել ԼՂՀ հակամարտության կարգավորման, ցեղասպանության կամ այլ խնդրի հետ կապված որեւէ պայման. «Ինչպես պնդում է նախագահ Սարգսյանը` հայ-թուրքական հարաբերությունների հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի կողմից, ինչպես թուրքական կողմն էր առաջարկում, այլ միջկառավարական հանձնաժողովի 7 ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով», սա որպես դրական նշեց եւ ներկայացրեց Հանրապետականի տեսակետը, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որեւէ նախապայման ընդունելի չէ, Հայոց ցեղասպանության հարցը չի կարող դրվել հարցականի տակ, եւ ղարաբաղյան հարցում Հայաստանը չի գնալու միակողմանի զիջումների, Ղարաբաղն էլ չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ, պատմելով երեկ ցերեկը կառավարության եւ արտգործնախարարության շենքի մոտ անցկացվող հացադուլի եւ նստացույցի մասին` վերստին նշեց, որ ՀՅԴ-ն նախաստորագրված արձանագրություններում տեսնում է նախապայմաններ, իսկ նախաստորագրված արձանագրությունների անվան տակ, ըստ նրա, հայկական կողմին առաջարկվում են պայմանագրային դրույթներ: Նա նշեց, որ քաղաքապետարանը թույլ չի տվել ՀՅԴ միջոցառումները, մինչդեռ 5-օրյա միջոցառումների քարտ բլանշ է տվել ՀԱԿ-ին. «Այդ խոսում է այն մասին, թե ո՞վ է իրական ընդդիմությունը», ասաց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ ԲՀԿ-ն համաձայնություն է տվել այս թեմայով ԱԺ-ում լսումների կազմակերպմանը «Իսկ նախագահի հետ խորհրդակցությունների ֆորմատը հոյակապ ֆորմատ է, եւ Ձեզ անձամբ անցած տարի էս ժամանակ ինտերվյու եմ տվել` ասելով, որ անհրաժեշտ է հրավիրել քաղաքական խորհրդակցություն. ուրախ եմ, որ դա տեղի է ունենալու»:
Հ.Գ. ՀՅԴ-ն երեկ մի բրոշյուր էր տարածել, որտեղ ամփոփված էին ՀՅԴ առաջարկները նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ. առաջարկներին առանձին կանդրադառնանք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Wednesday, September 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment