Sunday, September 13, 2009

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ ՍՏԵՂԾԵԼ

Հարցազրույց ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի հետ -Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-թուրքական հարաբերություններում ընթացող զարգացումները. թեեւ իշխանությունները հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են առանց նախապայմանների, մինչդեռ, թուրք պաշտոնյաները պարբերաբար ակնարկում են ԼՂ խնդրի մասին: -Բազմիցս թուրքական կողմը, այդ թվում նաեւ վարչապետն ու նախագահը, նախաստորագրված արձանագրություններից հետո միանգամայն որոշակիորեն հայտարարել են, թե Ադրբեջանի շահերը շոշափող որեւէ քայլ չեն կատարի` սահմանները չեն բացի, քանի դեռ ԼՂ հակամարտության գործում “առաջադիմություն” չի արձանագրվել: Միաժամանակ ասենք, որ նախաստորագրված երկու արձանագրություններն ամբողջովին բավարարում են թուրքական նախապայմանները կապված ցեղասպանության, 1920-1921թթ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքած խայտառակ պայմանագրերի եւ հենց ղարաբաղյան հարցի հետ: Ուղղակի Սերժիկ Սարգսյանը եւ նրա լաքեյ “քաղաքական” ուժերը բռնել են ստախոսության ուղին եւ կանգնել անամոթաբար պնդում են, թե “մածունը սեւ է”: Հարցն առաջնահերթորեն վերաբերում է այն գնին, որը վճարելու է Հայաստանն առաջիկայում, եթե նախաստորագրված արձանագրությունները ստորագրվեն եւ վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Դա լինելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսի ավարտը եւ Արցախի ադրբեջանականացման սկիզբը: Սա է վաճառանքի հանել սերժիկական թալանչիական վարչախումբը հանուն իր գոյատեւման`թքած ունենալով Հայաստանի պետականության կենսունակության եւ Արցախի կորստի վրա: Իսկ ի՞նչ է վճարելու Թուրքիան: Թուրքիան ոչինչ չի վճարելու, կատարելով այն, ինչն ընդունված է աշխարհով մեկ` սահմանը բաց պահելը: ՀԱԿ-ը բացահայտորեն մերժում է Ցեղասպանությունը քննարկման առարկա դարձնելու թուրքական փորձերը եւ վճռականորեն բացառում Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում: -Սակայն իշխանությունները` Սերժ Սարգսյանը, կոալիցիան պարբերաբար հայտարարում են, թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են առանց նախապայմանների, որեւէ նախապայման չկա ոչ ԼՂ հարցի, ոչ ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ: Մինչդեռ, Դուք հակառակն եք պնդում: -Դիվանագիտական տեքստերի մեջ պարտադիր չէ, որ ամեն ինչ նշվի բաց տեսքով: Օրինակ` երբ առաջին արձանագրության 5-րդ պարբերությունում ասվում է, որ “վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով”, ապա պետք է այդ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի քարոզիչներին հարց տալ, թե այդ ինչի՞ հիման վրա է “վերահաստատվում” այդ “երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանը”: Պատմական իրողություն է, որ այդ սահմանի հաստատման վկայակոչումը կարող է հիմնվել միմիայն Ալեքսանդրապոլի եւ Կարսի պայմանագրերի վրա: Հենց դրա համար էլ արձանագրությունում գրված է “պայմանագրեր” եւ ոչ թե “պայմանագիր”: Դե, հին աղվես դաշնակներն ամոթխածորեն իրենց մի կողմ են պահում այդ սահմաններից եւ շեշտում են միայն բոլշեւիկների կնքած պայմանագիրը: 1921 թ. հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որեւէ այլ պայմանագիր չի կնքվել, որը ձեւավորել է այսօրվա հայ-թուրքական սահմանը: Ուրեմն այսօր “վերահաստատվում” են այդ պայմանագրերը: Նույնիսկ կիսագրագետի համար այս արձանագրություններում ամեն ինչ միանգամայն թափանցիկ է, բաց ու հասկանալի, բայց ոչ քաղաքական ծախու ուժերի համար: Նույն պատկերն է Ցեղասպանության “հարցի” կամ ԼՂ խնդրի առումով: Բացի Ցեղասպանության հարցից, ի՞նչ այլ “պատմական” հարցեր կան, որոնց ուսումնասիրման եւ դրանց լուծման համար այսօր հրատապորեն առաջարկություններ անելու կամ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է առաջացել եւ հատուկ դրա համար միջկառավարական հանձնաժողով է ստեղծվում: Միանգամայն պարզ է, որ այդ հանձնաժողովի քննարկման հիմնական առարկան հայ-թուրքական հիմնական թնջուկն է` Ցեղասպանության հարցը: Կամ` ղարաբաղյան հարցը. որ ղարաբաղյան մախաթը ակնհայտորեն ցցված է առաջին արձանագրությունում՝ չի տեսնի միայն կույրը: Այդ ինչպիսի՞ լուրջ խնդիր կա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, կամ այս տարածաշրջանում, որը պարտավորեցնում է նրանց այս արձանագրության էջերը աջ ու ձախ ողողել պետությունների տարածքային ամբողջականության եւ դրանց սահմանների անձեռնմխելիության, ուժի կիրառումից հրաժարվելու, ծայրահեղականության եւ ահաբեկչության դատապարտումի եւ այլնի մասին այն դեպքում, երբ երկու կողմերն էլ այդպիսի պարտավորություններ ստանձնել են միջազգային բազմաթիվ փաստաթղթերով: Միջպետական հարաբերություններում կա չգրված մի օրենք` հնարավորինս խուսափել ապագայի հնարավոր վայրիվերումներին դիմագրավելու առումով աննպատակահարմար եւ տվյալ պարագայում տվյալ կողմին ըստ էության ոչինչ չտվող պարտավորություններ ստանձնելուց: Տարօրինակ է, այդպիսի պարտավորությունները վերակրկնել մի փաստաթղթում, որը դիվանագիտական հարբերություններ հաստատելու մասին սովորաբար լակոնիկ փաստաթուղթ է լինում: Մեր կարծիքով, առաջին արձանագրությունը կազմելիս հայկական կողմը պարտավոր էր վճռականորեն պնդել, որ բովանդակային առումով այդ արձանագրության մեջ մնային առաջին պարբերության առաջին մասը մինչեւ “ի շահ իրենց…” բառերը, երկրորդ եւ տասներորդ պարբերությունները: Մնացած բովանդակային պարբերությունների առկայությունը ոչ միայն աննպատակահարմար է տվյալ փաստաթղթում, այլեւ պարունակում է նախապայմաններ եւ միանգամայն ավելորդ հավաստիացումներ: -Այդ արձանագրությունները պետք է վավերացնեն երկու երկրների խորհրդարանները. ի՞նչ եք կարծում, ԼՂ հարցը չկարգավորելու դեպքում Թուրքիայի խորհրդարանն արդյո՞ք չի մերժի այդ արձանագրության վավերացումը: -Ամեն ինչ էլ հնարավոր է: Ներկայում մեր տրամադրության տակ եղած ինֆորմացիան թույլ չի տալիս առայժմ վերջնական գնահատականներ հնչեցնել: Թե այս արձանագրությունների մասին աղմուկի տակ ի՞նչ է կատարվում, դեռ այնքան էլ պարզ չէ, մանավանդ` ԼՂ հարցում: Այդ բոլոր հարցերն իրենց պատասխանը կստանան մեկ ամիս անց: Չի բացառվում, որ սահմանի բացման մասին արձանագրումները եւ խոսակցությունները լինեն բլեֆ, բայց հիմքեր կան ենթադրելու, որ այս ամենը լուրջ տեղաշարժերի առիթ կտան: Ամեն դեպքում, եւ բլեֆի, եւ սպասվող զարգացումների դեպքում մենք կորցնող կողմն ենք, քանի որ Հայաստանի ներկա իշխանությունների գործունեության տրամաբանությունը չի բխում հայ ժողովրդի շահերից: -Եթե նշում եք, որ այս փաստաթղթերը բացասաբար են ազդում Հայաստանի շահերի վրա, մի՞թե Սերժ Սարգսյանն այնքան միամիտ է, որ գնում է նման քայլի: Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյանը միտումնավո՞ր է գնում այդ քայլին, թե՞ չհասկանալով: -Այդ հարցին մի քանի պատասխան կա: Նշեմ, որ Սերժիկ Սարգսյանը եւ նրա “քաղաքական թիմը” չափազանց ցածր ինտելեկտուալ մակարդակ ունեն եւ մեծ քաղաքականության մեջ նրանք ընդհանրապես նորելուկ են: Նրանք դիվանագիտական տեքստ կարդալու ունակություն չունեն, նրանց կրթական մակարդակը դա թույլ չի տալիս: Ընդհանրապես, ներկայիս հայկական դիվանագիտության մակարդակը վերջին տաս տարիներին մեծ անկում է ապրել: Մյուս կողմից, Սերժիկն այն գործիչը չէ, որն այսպիսի գործերում ընդունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել: Տարաբնույթ եւ մեծ շահեր են խաչվում տարածաշրջանում ու նրա շրջապատում եւ այդ հիմքի վրա մեծ խաղեր են գնում: Ես չեմ տեսնում, որ իշխանությունը վտանգի նույնիսկ բնազդային զգացողություն ունի: Համարյա ամեն ինչ մնում է անարձագանք: Ներկայում, տարօրինակ զուգադիպությունների առեղծվածներ են առաջանում. հետաքրքիր աժիոտաժ է Nabuco ծրագրի շուրջը, դեպի սրում են գնում հայ-վրացական հարաբերությունները, Ռուսաստանի անմասն դիրքորոշումը հայ-թուրքական “մերձեցումների” հանդեպ մնում է խորհրդավոր եւ “անհասկանալի” եւ այլն: Սկսենք Նաբուկոյից, որի շուրջը պտտվում են շատուշատ հարցեր: Հաճախակի տեղեկություններ են սպրդում մամուլ այն մասին, որ հնարավոր է այդ գազային ծրագրի մարշրուտի փոփոխությունը Հարավային Կովկասում, այն մասին, որ Վրաստանի հատվածը կարող է փոխարինվել հայկականով: Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք կարծես այդ կարգի լուրերի հիմնական տարածողներն են, պաշտոնապես չեն բացառում այդպիսի փոփոխության հնարավորությունը հայ-թուրք-ադրբեջանական մերձեցման կոնտեքստում: Արեւմուտքն անվերապահորեն ողջունում է այդ մերձեցման գաղափարը: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հատկապես վերջին տարիներին ամուր շաղկապվող Մոսկվան լռում է եւ չի խոսում Նաբուկոյի խողովակաշարը լցնելիք գազի անբավարության, 8 միլիարդ եւրո արժեցող ծրագրի թանկության, նրա հակառուսական ուղղվածության եւ այլնի մասին: Կոմունիկացիոն մենաշնորհից զրկվելու վտանգի առջեւ կանգնած Վրաստանը միանգամից երկու հակահայկական “անտրամաբանական” քայլեր է ձեռնարկում՝ տարանցիկության հարկի դրույքաչափը հայկական բեռների համար բարձրացնելով ավելի քան 60 տոկոսով եւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստից հետո ընդլայնում է վրացական տարածքը` վրաց-հայկական սահմանը զգալիորեն առաջ մղելով Ջավախքի հատվածում: Լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ Փարիզ-Բանգկոկ ծրագրվող ավտոմայրուղու թուրքական հատվածից սկիզբ կառնի նաեւ Հայաստանով եւ Արցախով անցնող եւ դեպ Բաքու գնացող ավտոմայրուղին, որին ընդառաջ, ինչպես հայտնի է, ավտոմայրուղու արդեն բավական մեծ հատված է կառուցվել Ղազախստանում` սկսած չինական սահմանից: Սերժիկն այսպիսի շահերի եւ դրանց թելադրած խաղերի համար շատ մակերեսային գիտելիքների է տիրապետում: Սա կազինո չէ, եւ այս բոլոր խնդիրները կապված են Հայաստանի պետական բարձր շահերի հետ: Այստեղ հասկանալու համար, թե որն է բլեֆ եւ որը` հասանելի` “մի քիչ” ուրիշ կարողություններ են պահանջվում: Էլ չենք խոսում հասկանալուց հետ ձեռնարկվելիք քայլերի , դրանց հետ կապված բարդությունները չեզոքացնելու եւ այլնի մասին: Տերեր, կոմպրոմատներ, հանցագործ աշխարհին տրվելիք հաշվետվություն: Խեղճ Յորիկ: -Հայ ազգային կոնգրեսի հասցեին քննադատություն հնչեց, որ բավական մեղմ էր հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը, փոխարենը, ՀՅԴ-ն իր ողջ ներուժով պայքարում է հայ-թուրքական հարաբերություններում առկա վտանգի դեմ, անզիջում դիրքորոշում է որդեգրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը: -Եթե նույնիսկ Հայ ազգային կոնգրեսը համեմատաբար մեղմ վերաբերվեր հայ-թուրքական հարաբերությունների հարցին վերաբերվող այս փաստաթղթերին, ապա էլի հարյուրապատիկ ավելի ծանրակշիռ կլիներ, քան Դաշնակցության արմատական դիրքորոշումը: ՀՅԴ-ն իր գոյության ողջ ընթացքում ազգային-պետական հարցերում խաղ է խաղացել: Իսկ ի տարբերություն ՀՅԴ-ի` Կոնգրեսը երբեք այդ հարցերում խաղերի մեջ չի մտել: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, այն էլ շատ մոտ ապագայում: ՀՅԴ-ում կարծում են, թե մարդիկ չեն տեսնում, որ իրենք ավելի քան քսան տարի է պայքարում են Հայաստանի անկախության դեմ, ավելի քան տաս տարի է եղել են բռնագրավված անօրինական իշխանության մեջ եւ այսօր պատասխանատու են Հայաստանի միջազգային դիրքերի շեշտակի թուլացման համար: Այսօր էլ ՀՅԴ-ն բացարձակապես ոչինչ չի ասում հայ-թուրքական նոր հարաբերությունների իրական հնարավորությունների, դրանց խթանիչների մասին, այդպես էլ պարզ չէ, թե նրանք ինչ են ուզում, կոնկրետ ինչին են դեմ: Եթե ասում են, որ ամենաշատն իրենք են ուզում սահմանը բացեն, բայց դեմ են հարաբերությունների հաստատմանը, ապա ինչպե՞ս հասկանանք այդ փաստը: Բոլորը գիտեն, որ ՀՅԴ-ն ղեկավարվում է դրսից, եւ նրա պորտալարերը բոլոր ժամանակներում կապված են դրսի բազմաթիվ հատուկ ծառայությունների հետ: Ի դեպ, Սերժիկի իշխանությունը փորձում է ՀՅԴ-ին եւ մի քանի մանր-մունր ու նորաբուծ “կուսակցությունների” դարձնել հայ-թուրքական հարաբերությունների հարցում “մասնագիտացած” ընդդիմություն: Ակնհայտ է, սերժքոչարյանական իշխանությունը հերթական փորձն է անում վերջապես ստեղծելու այսպես կոչված երրորդ ուժ, որն իբր չի լինի ոչ այս կողմից, եւ ոչ էլ այն, բայց կկատարի ճղճղան “կառուցողական” ընդդիմության դերն ի շահ իշխանության: Ի՞նչ խնդիրներ են դրված այս “երրորդ ուժի” առջեւ: Արդեն ակնհայտ է, որ այս “ուժի” առջեւ դրված գլխավոր խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցում Սերժիկի իշխանության եւ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումների նույնացումն է: Եւ այսօր դաշնակներն ու մանրապճեղ ազգայնական կուսակցությունների պարագլուխները կաշվից դուրս են գալիս այս զեղծարարությունն իրագործելու համար` թե իբր Թուրքիայի հանդեպ Սերժիկն իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության քաղաքականություն: Իրականում սերժիկական իշխանության եւ ՀԱԿ-ի դիրքորոշումները սկզբունքորեն հակոտնյա են: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ Lragir-11-9-2009

No comments: