Thursday, September 17, 2009

Ինչ չպետք է գրեն թուրքական լրատվամիջոցները...

Tert.am- 19-9-2009- Չնայած վերջին 15-20 տարիների ընթացքում Թուրքիայում էական առաջընթաց է արձանագրվել խոսքի ազատության ոլորտում, երկրում մինչ այժմ գոյություն ունեն լրագրողների համար արգելված թեմաներ։ Այդ մասին են վկայում Tert.am-ի կողմից Ստամբուլում լրատվամիջոցների շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Այսպիսով, Թուրքիայում լրագրողներին խորհուրդ չեն տալիս «քիթը խոթել» բանակին վերաբերող հարցերի մեջ կամ քննարկել թուրքական ինքնության թեմաները՝ նման կերպ ստվեր գցելով այդ նույն ինքնության անթերի լինելու վրա։ Սակայն գլխավոր տաբուն, ըստ տեղական լրատվամիջոցների, «ազգի հայր» Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի թեման է։ Վերջին աղմկահարույց դեպքը կապված է մի ռեժիսորի հետ, ով վավերագրական ֆիլմ էր նկարահանել թուրք առաջնորդի մասին։ Կինոժապավենը պատմում էր Աթաթուրքի կենսագրության պաշտոնական վարկածի մասին։ Սակայն ֆիլմում տեղ էին գտել նաև կադրեր, որտեղ Մուստաֆա Քեմալը ծխում է կամ ոգելից խմիչք է օգտագործում, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ֆիլմի ռեժիսորը ենթարկվեց Թուրքիայի քաղաքական, ռազմական, մշակութային առաջատար օղակների կողմից սուր քննադատությանը։ Այսպիսով, ֆիլմի վրա վետո դրվեց։ «Թուրքիան աշխարհիկ երկիր է։ Մենք շնորհակալ ենք մարդկանց, ովքեր հասել են դրան։ Սակայն այժմ երկրի ղեկավարությունը զինվորական պատնեշ է կանգնեցրել և պաշտպանում է սեփական շահերը»,- նշում է թուրքական խոշոր մեդիա հոլդինգի ներկայացուցիչը, ով չցանկացավ բացահայտել իր անունը։ «Մենք պայքարում ենք, քանդում տաբուները և մեծ ձեռքբերումների ենք հասել վերջին տարիների ընթացքում։ Այժմ կարելի է հրապարակավ և ամենաբարձր մակարդակով քննարկել հայկական և քրդական խնդիրները, սակայն մեր «ազատությունների» սահմանները մինչ այժմ մենք չենք որոշում»,- եզրակացրել է նա։

No comments: