Monday, September 21, 2009

Էրդողանը հայ–թուրքական հարաբերություններին վերաբերող չորս հարց է քննարկելու ԱՄՆ–ում

Tert.am. 21-9-2009- Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնել են ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը և Դավութօղլուն պատրաստվում են Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման խնդիրը քննարկել ԱՄՆ-ում, և այդ ենթաթեքստում խոսվելու է 4 հարցի մասին: Համաձայն Hurriyet-ի` էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը կրկին փորձելու է կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ` նշելով, որ հարաբերությունների բարելավման հարցը կարող է քննարկվել, եթե. ա) ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լուրջ առաջընթաց գրանցեն ղարաբաղյան հարցում, բ) Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեն արձանագրությունները մինչև հոկտեմբերի 14-ը, գ) Սերժ Սարգսյանը ժամանի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը: Թուրքական կողմի չորրորդ նախապայմանն է հայ, թուրք, ամերիկացի, ֆրանսիացի, բրիտանացի և շվեդ պատմաբանների ընդգրկումը պատմաբանների հանձնաժողովի մեջ: Հիշեցնենք, որ երեք օր առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել էր, որ հայ–թուրքական սահմանը կբացվի միայն այն դեպքում, եթե լուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել էր հետևյալ կերպ. «Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին և նպատակներին հակառակ»։

No comments: